Արդեն մեկ շաբաթ է՝ Կապանի Երկաթուղայինների փողոցում սկսվել են նախկինում կառուցված համալիրում ամիսներ առաջ հորդառատ անձրեւներից տեղի ունեցած վթարի վերականգնողական աշխատանքները: Դրանց իրականացման համար ՀՀ քաղաքաշինության նախարարությունը 181 միլիոն դրամ է տրամադրել:
Հուլիսի 8-ին ենք տեղեկացրել, որ Կապանում տեղացող հորդառատ անձրեւից արտակարգ իրավիճակ էր ստեղծվել քաղաքի Երկաթուղայինների փողոցում: Սողանքային գոտու պաշտպանիչ հողաշերտը 7-8 մ բարձրությամբ լցվել է առանց այդ էլ մաշված հեղեղատարի վրա եւ ճնշման պատճառով ջարդել ու խցանել այն, ինչի արդյունքում երկու մեծ ջրափոսեր են առաջացել փողոցի 3-րդ եւ 4-րդ նրբանցքների միջեւ՝ վտանգ առաջացնելով հարեւանությամբ գտնվող անհատական տների համար: Վնասվել եւ ջրի տակ էին մնացել մոտակա այգիները: Դեպքի մասին անմիջապես տեղյակ էր պահվել կառավարությանը:
«Այժմ նախատեսվում է վերականգնել վնասված հեղեղատարի երկաթբետոնե կոնստրուկցիաները, դրան զուգահեռ մետաղական խողովակով պետք է կառուցվի 1400 մմ մետաղական ջրթող խողովակաշար՝ հեղեղումներից խուսափելու նպատակով: Իրականացվելու են նաեւ հողային վերականգնողական աշխատանքներ»,- տեղեկացրեց Սյունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արշակ Ուստաբաշյանը:
Տրամադրված 181 միլիոն դրամից մոտ 3 միլիոնը նախատեսված է վթարի հետեւանքով բնակիչների այգիներին հասցված վնասի փոխհատուցման համար: Իսկ ծրագրի նախագծանախահաշվային աշխատանքների համար 8 միլիոն դրամ է ծախսվել: Շինարարական աշխատանքներն այստեղ պետք է ավարտին հասցվեն մինչեւ ընթացիկ տարվա վերջը, շինարարություն իրականացնում է մրցույթում շահած «ՆՌՎԱԴ» ՍՊԸ-ն: