Երեկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը 18 էջանոց նամակ-փաստաթուղթ է ուղարկել ՀՀ վարչապետին: Այն կապված է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի եւ դրանց ընդունման հիմնավորումների հետ:
Պաշտպանը տեղեկացնում է, որ նշյալ նախագծերի ընդունման նախաձեռնությամբ իր հանդես գալը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 6.1 հոդվածի համաձայն, Պաշտպանը հանդիսանում է «Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» ՄԱԿ-ի 1984թ. Կոնվենցիայի կամընտիր արձանագրությամբ սահմանված կանխարգելման անկախ ազգային մեխանիզմ: Պաշտպանն առաջ է քաշում, մասնավորապես, խոշտանգման զոհերին փոխհատուցում տրամադրելու պետության պարտավորության մասին հարցը: «Հաշվի առնելով խոշտանգման հանցակազմի՝ Քրեական օրենսգրքերում ամրագրման միջազգային պրակտիկան՝ առաջարկում ենք ՀՀ քրեական օրենսգրքում խոշտանգման հանցակազմի ամրագրման երկու տարբերակ՝ թողնելով ընտրության հարցը ՀՀ կառավարության հայեցողությանը», հավելում է նա: