Երեկ «Միացում» ազգային նախաձեռնությունը հայ-թուրքական արձանագրությունների դեմ ստորագրահավաք էր նախաձեռնել Նոր Նորքի 4-րդ զանգվածում, հենց թաղապետարանի մոտակայքում: Ինչպես նախաձեռնության անդամ Աշոտ Միսակյանն է փոխանցել «news. am»-ին, ոստիկանները առավոտյան փորձել են տապալել ստորագրահավաքը, սակայն բանակցություններից հետո հաջողվել է այն շարունակել: Ոստիկաններից հետո ակցիայի կազմակերպիչներին են մոտեցել քաղաքացիական հագուստով շուրջ 15 հոգի եւ հրահանգել են տարածքն ազատել: «Մեզ ասում էին՝ մեր տարածքն է, թողեք գնացեք, ինչ եք ուզում: Մենք, իհարկե, ասացինք, որ չենք գնալու եւ շարունակելու ենք մեր ակցիան: Անընդհատ մոտենում են մարդիկ, ասում, որ պիտի հեռանաք, ամեն կերպ փորձում են խոչընդոտել մեզ»,- պատմել է Միսակյանը՝ հավելելով, որ քաղաքացիական հագուստով երիտասարդները շրջել են ստորագրահավաքի սեղանները, որից հետո նախաձեռնության ներկայացուցիչները ստիպված են եղել լքել տարածքը: Միսակյանի ասելով, այդ պահին հիշյալ տարածքում են եղել նաեւ ոստիկաններ՝ Նոր Նորքի փոխոստիկանապետի գլխավորությամբ, բայց նրանք ոչ միայն չեն սաստել սեղանները շրջողներին, այլեւ սադրել են ակցիայի խոչընդոտումը: Այս առնչությամբ երեկ հայտարարությամբ է հանդես եկել «Միացում» նախաձեռնությունն ու արձանագրել, որ տեղի ունեցածը եւս մեկ անգամ փաստում է, որ «այս բռնատիրական ռեժիմը ապօրինի գործողություններով փորձում է լռեցնել հայ ժողովրդի անկեղծ ձայնը, կոտրել նրա կամքը եւ ժողովրդին պարտադրել ի սկզբանե հայության, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի համար պարտվողական, ազգուրաց այն փաստաթղթերի վավերացումը, որը կոչվում է «թուրքական արձանագրություններ» եւ «մադրիդյան սկզբունքներ»: