Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԵՏԻՆԱԿԻՐՆԵՐԸ ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ԵՆ ՓԱՍՏԱԲԱՆԻՆ

Հոկտեմբեր 16,2009 00:00

Հարկադիրների ու ոստիկանների դեմ խաղ չկա՞

\"\"Երեկ ՀՀ փաստաբանների պալատի անդամ, ճանաչված փաստաբան Տիգրան Հայրապետյանը հանցագործության մասին հաղորդմամբ դիմեց ոստիկանության բաժին: Նրան խոչընդոտել էին իրականացնել իր մասնագիտական աշխատանքները, վիրավորել էին ու անգամ հրել մի կողմ:

Տ. Հայրապետյանը պաշտպանում է մայրաքաղաքի Մհեր Մկրտչյան 15 հասցեում (հայտնի է նաեւ «Էրեբունի» հյուրանոցի բակ» անվամբ) բնակվող Խաչատուր Գիչյանի եւ նրա ընտանիքի շահերը: Ջավախքի ակտիվիստ Գիչյանը 13-15 տարի առաջ, վրացական իշխանությունների կամայականությունների պատճառով տղային, կնոջը վերցրել եւ եկել է Հայաստան: Նրանք ձեռք են բերել տնակ, կից կառուցել բնակելի տարածք, հաշվառվել այդտեղ եւ բնակվել նշված հասցեում: Խ.Գիչյանի հարսը երեխա է ունենալու, եւ նրան երեկ այցելել էին բժիշկներ: Ի դեպ, նշված հասցեում Խ. Գիչյանը հաշվառված է իբրեւ անհատ ձեռներեց:

Սակայն այս ընտանիքին նշված տարածքից վտարման պահանջ է դրել նույն տարածքի սեփականատեր դարձած ԱՄՆ Մասաչուսետս նահանգի Բոստոն քաղաքի Պորտլանդ փողոցի 129 հասցեում գրանցված «Յունիտրանս Ինթերնեյշընլ» կազմակերպությունը, որը չնայած ունի բազմաթիվ աշխատողներ, պետք է Հայաստանում իրականացներ շինարարական գործունեություն, սակայն հարկային մարմիններում ներդրող այս կազմակերպությունը գրանցված չէ:

Ամերիկյան կազմակերպության վտարման պահանջը մի դատարան բավարարել է, իսկ մեկ այլ դատարան՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը դեռ սեպտեմբերի 30-ին որոշել է արգելանք դնել տան վրա, արգելելով որեւէ գործողություն՝ նշված հասցեի նկատմամբ: Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը որոշել է. «Արգելել պատասխանող «Յունիտրանս Ինթերնեյշընլ» ընկերությանը եւ այլ անձանց Մհեր Մկրտչյան 15 հասցեում կառուցված բնակելի տունը քանդելու հետ կապված գործողություններ իրականացնել»:

Գիչյանները կասկածում են, որ ԴԱՀԿ-ականները նշված որոշումը թաքցրել են եւ կատարել են գործողություններ, որի համար լիազորված չեն եղել:

Երեկ դատական ակտերի հարկադիր կատարողները եւ ոստիկաններն առանց զգուշացնելու Գիչյաններին իրենց վտարման մասին, հայտնվել էին տարածքում: Փաստաբանի կողմից որեւէ գործողություն հանդիպում էր ռետինե մահակներով զինված ԴԱՀԿ-ականների կոշտ պատասխանին: «Նրանք փողոցային բառերով, անհարգալից ինձ մի կողմ հրեցին, չուզեցին նայել անգամ դատարանի որոշումը, որով արգելվում էր իմ վստահորդների տնակի նկատմամբ կատարողական գործողություններ կատարել: Երբ դիմեցի ոստիկանության համազգեստով մի մայորի (ի դեպ, ոստիկանները այդպես էլ չներկայացան), նա ինձ արհարմարհական տոնով ասաց. «Էս իմ վրա գո՞րծ ես ուզում սարքել, կլյաուզնիկ հո չես»,- «Առավոտին» ներկայացրեց փաստաբանը:

Փաստաբանը փորձել է հարկադիրին, այնուամենայնիվ, ցույց տալ նշված որոշումը: Նրան խորհուրդ են տվել. «Տարեք, մուտք արեք գրասենյակ», սա այն դեպքում, երբ դատարանը 15 օր առաջ կայացրած որոշումն ուղարկել է կողմերին եւ դա դատարանի իրավասությունն է:

Գիչյանների փաստաբանի տեղեկացմամբ, դատական նիստերից մեկի ժամանակ ամերիկյան կազմակերպությունը որպես հաշտություն առաջարկել էր 100 դոլար գումար՝ տնակը աղբարկղ նետելու համար: Սա այն դեպքում, երբ աղբարկղ նետվելիք տնակի տիրոջ կենսագրությունն ավելին արժե միայն նրա համար, որ տեսանելի է. նա սպասարկում է ավտոկանգառ եւ կատարում իր պարտավորությունները:

Երեկ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Մ. Պողոսյանին հեռագիր են ուղարկել Արմեն Գիչյանն ու նրա հղի կինը՝ Լեյլան. «Ցանկանում ենք ձեզ տեղեկացնել, որ կատարողական թերթիկում նշված չեն իմ ծնողների անունները, որեւէ ակնարկ չկա, որ մեզ պետք է վտարեին այդ տարածքից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել