Իսկ Երեւանի քաղաքապետարանում հավատացնում են, թե թերի գործ չի կատարվել
Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, այս տարվա գարնանն ստանձնելով իր պաշտոնը, երեւանցիների համար սպասված նախաձեռնությամբ հանդես եկավ եւ խոստացավ կարճ ժամանակահատվածում բարեկարգել մայրաքաղաքի բոլոր բակային տարածքները: Որոշ համայնքներում այս ուղղությամբ լայնածավալ աշխատանք կատարվեց, սակայն քաղաքապետարանի այս նախաձեռնությունը մի շարք բակերում, մեղմ ասած, թերի է կյանքի կոչվում: Այս տարվա ապրիլի 1-ից բակաշինության ծրագիրը մեծ թափով մեկնարկեց Նոր Նորք եւ Ավան համայնքներում, սակայն հետագայում նույն թափով չշարունակվեց: Եթե նախկինում հայտարարվում էր, թե բոլոր թաղային համայնքների սանմաքրման ձեռնարկությունների միասնական ջանքերով ծրագիրը կարճ ժամանակահատվածում համայնք առ համայնք կյանքի կկոչվի, ապա այսօր արդեն ժամկետները երկարաձգվում են: «Բարեկարգման տարբեր տեսակի աշխատանքներ կկատարվեն առաջիկա 3-4 տարիների ընթացքում: Բակերի բարեկարգման աշխատանքները շարունակական են, եւ վերջնական ժամկետ չի սահմանվում»,- «Առավոտին» տեղեկացրեց Երեւանի քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչության պետ Ֆրունզ Բասենցյանը:
Լուսանկարում պատկերված բակը գտնվում է Շենգավիթ վարչական շրջանում: Այն ոչ նախկին, ոչ ներկա քաղաքապետերի օրոք բարեկարգման «երես չի տեսել»: Արտաշիսյան 53/15, 53/14 շենքերի բնակիչները, տեսնելով, որ քաղաքապետի խոստացած բարեկարգման մեքենա-մեխանիզմներն այդպես էլ իրենց բակ չեն մտնում, արդեն հուսահատվել են: Վերոնշյալ ծրագրի շրջանակներում բարեկարգման անվան տակ այս բակում միայն արտաքին լուսավորության ցանցն է վերականգնվել: Այստեղ չեն տեղադրվել զրուցարաններ, խաղահրապարակ, տարածքի մի մասն ասֆալտապատ չէ, կանաչ տարածքների մասին էլ խոսք լինել չի կարող:
Աջափնյակ համայնքի Շինարարների 14, 16, եւ 18 շենքերի բակի բարեկարգումն սկսվել էր Երեւանի ավագանու ընտրությունների նախաշեմին: Սակայն աշխատանքները կիսատ են մնացել՝ մինչ օրս խոստացված խաղահրապարակը չի կառուցվել, կանաչապատում եւ ծաղկապատում չի կատարվել:
Այսօր մայրաքաղաքի տարբեր համայնքներում նմանօրինակ բակերի կարելի է հանդիպել: Մոռացության է մատնված նաեւ դրանց մաքրության հարցը:
Բակաշինության աշխատանքների նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին հարցին Ֆ. Բասենցյանը պատասխանեց. «Քաղաքապետարանի ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայություններն իրականացնում է մրցույթով շահող ճանաչված կազմակերպությունը: Քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները, հանդիսանալով աշխատանքի պատվիրատու, կատարում են վերահսկողական ֆունկցիաներ»: Այդ դեպքում ինչո՞ւ են բակերը թերի բարեկարգվում՝ հարցին ի պատասխան՝ քաղաքապետարանի պաշտոնյան նշեց. «Թերի գործ չի կատարվում, այն բակերում, որոնցում ինչ-որ աշխատանք չի կատարվել՝ հետագայում կլրացվի: Տարիների ընթացքում բոլոր բակերը նույն տեսքը կունենան»: Ֆ. Բասենցյանի խոսքով, միանգամից բոլոր աշխատանքներն իրականացնել հնարավոր չէ, քանի որ մեծ խնդիրներ կան, պետք է լուծել բնակիչների կողմից ապօրինի զավթված տարածքների հարցը: