Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՆՔ ԱՅՍՕՐ ՉԳԻՏԵՆՔ, ԹԵ ԻՆՉ ՈՐԱԿԻ ՍՆՈՒՆԴ ԵՆՔ ՈՒՏՈՒՄ

Հոկտեմբեր 16,2009 00:00

Հայաստանում չկա այնպիսի լաբորատորիա, որը հնարավորություն կտա պարզել սննդամթերքում գենետիկորեն
ձեւափոխված օրգանիզմների առկայությունը:

1990-ականների սկզբին հայրենական շուկայում ԱՄՆ-ից ներկրված գերփքված հավի ազդրերը կամ, այսպես ասած՝ «բուշի տոտիկները» առաջացրին մեր հայրենակիցների զարմանքը եւ անմիջապես իրենց հաստատուն տեղը գրավեցին հայուհիների խոհանոցում: Նախ՝ այդ տարիներին ընտրության հնարավորություն չկար, եւ հետո՝ այդ ազդրերը անհամեմատ ավելի էժան էին: Անցել է ավելի քան 15 տարի, սակայն այսօր էլ այդ «բուդիկները» կազմում են շատ ընտանիքների սննդակարգի հիմնական բաղկացուցիչներից մեկը: Ու թեեւ ընտրության հնարավորություն այժմ կա, սակայն «բուշի տոտիկները» նախկինի պես զգալիորեն էժան են շուկայում առկա նմանատիպ մթերքներից: Մինչդեռ հավի այդ ազդրատեսակը գենետիկորեն ձեւափոխված մթերք է, ինչի օգտագործումը, բազմաթիվ մասնագետների հավաստմամբ, կարող է հանգեցնել մարդու օրգանիզմում անկանխատեսելի փոփոխությունների:
Գենետիկորեն ձեւափոխված սննդամթերքի վնասակարության մասին գիտնականները սկսեցին խոսել միայն վերջին տարիներին, եւ այսօր արդեն եվրոպական գրեթե բոլոր զարգացած երկրներում նման մթերքի ներկրումն օրենքով արգելված է: Նման սննդամթերքի հիմնական արտադրող ԱՄՆ-ն դա փորձում է արդարացնել աշխարհը պարենային ճգնաժամից փրկելու մտահոգությամբ, քանի որ ոչ օրգանական այդ մթերքներն անհամեմատ էժան են եւ հնարավորություն են տալիս կրճատել սովի պատճառով մահացող մարդկանց քանակը:
Չնայած առայժմ գենետիկորեն ձեւափոխված սննդամթերքի վնասակար ազդեցության ուղղակի դեպքեր չեն գրանցվել, այնուամենայնիվ, մասնագետները պնդում են, որ այն երկրներում, որտեղ նման սնունդը գերակշռում է, հիվանդացության աստիճանն անհամեմատ բարձր է:
Իսկ ինչպիսի՞ն է իրավիճակը մեր երկրում եւ, արդյոք, էկոլոգիապես մաքուր գյուղմթերքով աչքի ընկնող մեր հանրապետությունը ապահովագրվա՞ծ է գենամուտացված մթերքի ներմուծումից: Պարզվում է՝ ոչ միայն ապահովագրված չենք, այլեւ առաջիկա տարիներին չենք էլ լինի: Ըստ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության պետ Գրիգոր Մանուչարյանի՝ «Կարելի է ասել, որ մենք այսօր չգիտենք, թե ինչ ենք ուտում, քանի որ Հայաստանում չկա այնպիսի լաբորատորիա, որը հնարավորություն կտա պարզել, թե տվյալ մթերքում գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ կա՞ն, թե՞ ոչ: Նման լաբորատորիաները շատ թանկ արժեն՝ մոտ 20 մլն դոլար, եւ առաջիկա 2-3 տարիների ընթացքում մեր պետական բյուջեով դժվար թե հնարավոր լինի նման գումարներ հատկացնել լաբորատորիայի հիմնման համար: Ուստիեւ՝ այսօրվա դրությամբ մենք, ցավոք, չենք կարող որեւէ կերպ վերահսկել ներմուծվող մթերքի գենետիկական որակը: Պատկերացրեք, որեւէ ներկրող դրսից բերում է ապրանք, ասենք՝ կաղամբ կամ լոլիկ: Եթե մենք անգամ փորձենք կասկած հայտնել դրա գենետիկորեն ձեւափոխված լինելու մասին եւ թույլ չտանք, որ այդ ապրանքը մտնի Հայաստան, ապա տվյալ ապրանքի ներկրողը կարող է մեզ պարզապես դատի տալ եւ շահել այդ դատը, քանի որ մենք մեր կասկածները հիմնավորելու համար չունենք համապատասխան հնարավորություն»:
Փաստորեն, ստացվում է, որ մեր երկիր գենամուտացված սննդամթերք ներկրելու համար այսօր որեւէ խոչընդոտ չկա. «Եթե չենք կարող ապացուցել, ի՞նչ հիմքով արգելենք,- հարցնում է ոլորտի պատասխանատուն եւ հավելում,- կարող է 10 դեպքից մեկը հանկարծ իրոք մաքուր լինի, եւ պետությունն արդյունքում մեծ ծախսերի տակ ընկնի՝ ստիպված լինելով փոխհատուցում տալ: Ահա այս պատճառով մենք առայժմ չունենք վերահսկողության եւ կանխարգելման հստակ լծակներ»: Այդուհանդերձ, ըստ Գ. Մանուչարյանի. «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմի առկայության դեպքում տվյալ սննդամթերք արտադրողը պարտավոր է այդ մասին նշել պիտակի վրա»:
Նկատենք, սակայն, որ այսօր շուկայում առկա է նման ծագման բազմատեսակ սննդամթերք, որոնց պիտակների վրա չկա որեւէ նշում տվյալ մթերքի գենետիկորեն ձեւափոխված լինելու մասին: Ինչ վերաբերում է այն սննդամթերքին, որը ենթակա չէ փաթեթավորման, ապա այդտեղ վերահսկողության բարդությունն էլ ավելի մեծ է: Սակայն պարոն Մանուչարյանը հավաստիացնում է. «Հայաստանում բացառվում է գենետիկորեն ձեւափոխված մթերքի արտադրությունը, քանի որ մեր երկրում սելեկցիան, գենետիկան չեն զարգացել այդ աստիճանի: Սա այն դեպքն է, երբ չկա չարիք՝ առանց բարիքի: Ուստի՝ այն, ինչ արտադրվում է Հայաստանում, միանշանակ ուտելու է»: Նկատենք, սակայն, որ Հայաստանում, մասնավորապես անասնապահության բնագավառում, աճեցվում են այնպիսի կենդանատեսակներ, որոնց մայրերը գենետիկորեն ձեւափոխված են: Օրինակ՝ «Լիմուզին» կոչվող խոզատեսակը: Եթե նման 1 մայրից աճեցվում է գլխաքանակ, հետեւաբար այդ սերունդն արդեն իսկ մասնակիորեն գենամուտացված է: Նույնը՝ բանջարեղենի եւ մրգերի դեպքում, որոնց սերմերը եւս հաճախ ներկրվում են այնպիսի երկրներից, որոնք զբաղվում են գենամուտացիոն գյուղատնտեսությամբ: Էլ չասած տեղական արտադրության այն սննդամթերքի մասին, որի հումքի հիմնական մասը դրսից է, օրինակ՝ երշիկեղենը: Մեր այս դիտարկումներին ի պատասխան, Գ. Մանուչարյանը ճշգրտեց. «Այն մթերքները, որոնց բոլոր բաղադրիչներն արտադրվում են Հայաստանում, միանշանակ ուտելու են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել