Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկայինում գործները թողած՝ բլա՞նկ են վաճառում

Հոկտեմբեր 16,2009 00:00

Ընդամենը մի քանի օր է, ինչ Պետեկամուտների կոմիտեն սկսել է քաղաքացիներին տրամադրել երրորդ եռամսյակի ՀԴՄ չշահած կտրոնների բոնուսները, եւ արդեն մարդիկ բոնուսների տրամադրման հետ կապված՝ նոր խնդիրների առաջ են կանգնել: Եթե նախկինում քաղաքացիները միայն հերթեր էին կանգնում, օրերով գալիս-գնում, կտրոնների վրա ստորագրում, անձնագրերը պատճենահանում, որ կարողանային հարկային տեսչությունից ստանալ միջնորդագրերը, հիմա տեսչությունում ամեն թղթի համար քաղաքացիներից պահանջում են վճարել, որ բոնուսը տան: Օրինակ, Կոմիտասի 35 հասցեում գտնվող Արաբկիրի եւ Վաղարշյան 12 հասցեում գտնվող Արաբկիր-1 հարկային տեսչություններում բոնուս ստացողներին 20-50 դրամով վաճառել են այն բլանկները, որտեղ մարդիկ պետք է լրացնեն իրենց տվյալներն ու ներկայացված կտրոնների քանակը: Մինչ օրս այդ բլանկները բոլոր հարկային տեսչություններում տրվել են անվճար, իսկ այս եռամսյակից, որոշ տեսչություններ, փաստորեն, որոշել են հավելյալ գումար վաստակել:

Պետեկամուտների կոմիտեից «Առավոտին» վստահեցրին, որ նման գումար բլանկի համար նախատեսված չէ, եւ այն պետք է քաղաքացիներին տրվի անվճար: Արաբկիրի հարկային տեսչության պետի տեղակալ Արման Կիրակոսյանի պարզաբանմամբ՝ «Այդ գումարները մեր գրպանը չեն մտնում, պարզապես մեր թղթերը վերջացել են, մարդկանց ուղարկում ենք ներքեւից բլանկը պատճենահանելու»:

Ա. Կիրակոսյանը վստահեցրեց, որ վաղվանից ամեն ինչ կանեն, որ մարդիկ ստիպված չլինեն բլանկների համար վճարել: Իսկ Արաբկիր 1-ի պետ Արթուր Հարությունյանը «Առավոտին» հավաստիացրեց, որ ոչ իրենց թղթերն են վերջացել, ոչ էլ մարդկանցից բլանկի համար փող են վերցնում: Ըստ նրա, «Առաջին հարկում անկախ հաշվապահական ընկերություն կա, որտեղ հաշվապահական տարբեր բլանկներ են վաճառում: Հնարավոր է, որ դրանց հետ վաճառվի նաեւ ՀԴՄ կտրոնի բոնուսի համար տրվող բլանկ: Քաղաքացին կարող է նախքան մեզ մոտ բարձրանալը՝ առաջին հարկից միանգամից վերցնի այդ բլանկը եւ նոր գա տեսչություն: Մենք առաջին հարկում, անգամ վերելակի ներսում ուղղորդող թերթիկներ ենք փակցրել, թե ՀԴՄ-ի համար ուր պետք է դիմեն: Մենք մարդկանց չենք ասել, որ իջնեն, առաջին հարկից գնեն այդ բլանկները, քանի որ դրանք մեզ մոտ տրվում են անվճար: Ինչ վերաբերում է այդ բլանկների վաճառքին, ապա մենք իրավասու չենք անկախ գործող հաշվապահական ընկերությանը արգելել, որպեսզի նա դադարեցնի իր գործունեությունը կամ այս կամ այն թուղթը չվաճառի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել