Կառավարության երեկվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը դարձյալ անդրադարձել է «Ջրվեժ» անտառպուրակի խնդրին: Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ, պուրակի 24 հա տարածքը պետք է հատկացվեր Ողջաբերդ համայնքին:
Տասնյակ հ/կ-ներ ահազանգել էին, որ այդ տարածքի ղրիմյան սոճիները կոչնչացվեն եւ այն հետագայում կօգտագործվի ինչ-ինչ նպատակներով: «Առավոտը» եւս իր հրապարակումներում անդրադարձել է այս խնդրին: Հարցի առնչությամբ վարչապետը նշել է. «Իմ հանձնարարությամբ կատարվել է ուսումնասիրություն, եւ մենք եկել ենք այն եզրահանգման, որ, իսկապես, տրամաբանական չէր այդ 24 հա-ի առանձնացումը այն 400 հա-ից, որ մնում էր տնտեսության մեջ»: Տ. Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նաեւ մեր օրաթերթին, ինչպես նաեւ «Հ1»-ին ու հ/կ-ներին, ԳԱԱ նախագահին՝ իրենց խնդրի մասին տեղեկացնելու համար:
Անդրադառնալով ճանապարհաշինությանը, վարչապետը կապի եւ տրանսպորտի նախարար Գ. Սարգսյանին հանձնարարել է իր անմիջական հսկողության տակ առնել հարցը. «Պետք է վերահսկել, որպեսզի ոչ մի լումա չփոշիանա եւ հրաժարվել այն բոլոր ավանդույթներից, որ շինարարների միջավայրում ձեւավորվել են: «Ատկատների» մասին է խոսքը, ձեր Ճանշինի պրոբլեմների մասին է խոսքը: Բազմաթիվ բացահայտումներ են կատարվել: Մենք հիմա այս աշխատանքներն ավարտելու ենք ոչ թե 6,8, այլ 5 մլրդ դրամով: Եվ այս խիստ ռեժիմը պահպանվելու է մինչեւ վերջ: Եվ մենք պարբերաբար ենք մտնելու ստուգման` ե՛ւ ձեզ համար անսպասելի, ե՛ւ շինարարների համար: Այս իրավիճակում այդտեղից ֆինանսական միջոցներ փոշիացնելը ես չեմ կարողանում նույնիսկ գնահատել, թե ինչ է նշանակում: 26 ճանապարհն էլ լինելու է մեր հսկողության տակ, որովհետեւ մենք այդ բոլոր գումարները այս ծանր պայմաններում մեր պետական բյուջեից հատկացրել ենք ճանապարհների շինարարության համար»:
Վարչապետը Գ. Սարգսյանին հիշեցրել է, որ ժամանակին խնդիր էր դրված ճանապարհաշինության համար հատկացված 6,8 մլրդ դրամը կրճատել, սակայն նախարարության մասնագետները նույնիսկ այդ գումարը քիչ են համարել: Մինչդեռ վերահսկիչ ծառայության աշխատակիցները պնդում են, որ սկսված աշխատանքը հնարավոր է ավարտին հասցնել ընդամենը 5 մլրդ դրամով:
«Սա է պատճառը, որ ես զայրանում եմ: Ի՞նչ են մտածում մեծ գումար պահանջող մարդիկ: Չէ՞ որ տրանսպորտի եւ կապի նախարարին էր հանձնարարված կրճատել ծախսերը»,- եզրափակել է վարչապետը: