Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների Հայկական կենտրոնի փորձագետ Հովսեփ Խուրշուդյանի կարծիքով, թուրք գործարարները գերադասում են փող ներդնել իրենց երկրում:
– Պարոն Խուրշուդյան, եթե համեմատելու լինենք մեր եւ Թուրքիայի տնտեսական հնարավորությունները, ապա, ըստ Ձեզ, սահմանի բացմամբ ի՞նչ ձեռք կբերի կամ կկորցնի Հայաստանը:
– Շատ դժվար է միանշանակ պատասխանել, թե ինչ կտա մեզ սահմանի բացումը: Անհրաժեշտ է առաջին հերթին համեմատել Հայաստանի եւ Թուրքիայի տնտեսությունները: Ընդհանուր առմամբ, թուրքական տնտեսությունը իր չափորոշիչներով շատ հեռու չէ հայկականից թե իր ազատականության մակարդակով, թե տնտեսության ու մասամբ նաեւ արտաքին առեւտրի կառուցվածքով: Թուրքիայի արտահանումը եւ ներմուծումը նույն հարաբերակցությունն ունի ՀՆԱ-ի նկատմամբ, ինչ Հայաստանինն է, պարզապես այնտեղ դա 4-5% է, մեզանում՝ 14-15%: Եվ կարեւոր է այն, որ որակի առումով Թուրքիան արտադրում է միջինից ցածր որակի (նաեւ տեխնոլոգիական չափանիշներով) արտադրանք: Եվ նույնիսկ որոշ տեխնոլոգիական առումներով մենք ավելի բարձր ենք: Բայց կա մի հարթություն, որ նրանց ապրանքները ավելի մրցունակ են, ոչ որակյալ, սակայն՝ արժեքով ցածր, չխոսելով նաեւ հեղինակային իրավունքի տեսանկյունից, որի վերահսկողութունը Թուրքիայում նույնքան թույլ է, որքան եւ Հայաստանում: Սակայն, մյուս կողմից, պետք է նշել, որ Թուրքիան ԵՄ-ի հետ ունի ազատ առեւտրի ռեժիմ, որը Հայաստանը չունի, եւ այդ առումով կարեւոր է, որ զրոյական դրույքաչափերով կհարկվի արդյունաբերական արտադրանքի առեւտուրը Հայաստանի հետ: Թուրքական տնտեսության մասին խոսելիս՝ պետք է նկատի ունենանք, որ այնտեղ պետությունը լրջորեն զբաղվում է սեփական արտադրանքի խրախուսմամբ, դա վերաբերում է թե արդյունաբերական, թե գյուղատնտեսական արտադրանքին: Օրինակ, Թուրքիայում ֆերմերների 80%-ին, 1 հա կտրվածքով, բացի սուբսիդիայից, նաեւ $90-ի փոխհատուցում է տրամադրվում: Եվ այս տեսանկյունից այնտեղի գյուղատնտեսությունը հսկայական առավելություն է ստանում, ու հնարավորություն՝ դեմպինգային մրցակցության մեջ մտնել այլ երկրների գյուղատնտեսական արտադրողների հետ: Նրանց գնագոյացումը շատ նպաստավոր է, եւ նաեւ Հայաստանի հետ առեւտրի ժամանակ դա վճռորոշ կլինի՝ հօգուտ նրանց:
– Իսկ մե՞ր գյուղատնտեսությունն է ավելի արդյունավետ, թե՞ Թուրքիայինը:
– Մեկ բնակչի հաշվով մեր գյուղատնտեսության արդյունավետությունը կրկնակի եւ եռակի բարձր է, սակայն քանի որ թուրքական պետությունը տարբեր միջոցներով խրախուսում է գյուղատնտեսական արտադրանքը, նույնիսկ թուրքական ֆերմերի կողմից օգտագործվող պարարտանյութի կեսը պետությունը փոխհատուցում է, եւ պարարտանյութի կիրառումը, եւ հողերի մելիորացիան մոտ 4 անգամ գերազանցում է Հայաստանի մակարդակը: Այսինքն, եթե արտադրողականությունը ցածր է, փոխարենը՝ բերքատվությունը բարձր է, քան՝ Հայաստանում: Թուրքիայի հետ բանակցությունների ժամանակ սա պետք է հաշվի առնել, որպեսզի մեր արտադրողները թուրքական շուկայում ունենան հավասար մրցակցային պայմաններ:
– Այսինքն, սահմանի բացման դեպքում առաջին հարվածն ընդունելու է հենց գյուղատնտեսությո՞ւնը:
– Դա կանդրադառնա եւ՛ գյուղատնտեսության, ե՛ւ արդյունաբերության վրա: Սակայն Թուրքիայի հետ առեւտրային հարաբերություններ հաստատելու պարագայում պետք է հիշենք մի կարեւոր բան, Թուրքիայում ստվերային տնտեսության մակարդակը շատ ավելի բարձր է, քան՝ Հայաստանում: Այնտեղ կաշառքների վրա տնտեսվարողները, մեկ շնչի հաշվով, շատ ավելի մեծ գումարներ են ծախսում, քան՝ Հայաստանում: Դա նշանակում է, որ տնտեսական հարթությունում նրանց մրցակցային պայմանները կրկին ավելի լավն են, քան դրսի օրինապահ տնտեսվարողների համար: Սակայն չի նշանակում, որ այն Հայաստանում եւս պետք է կիրառվի, պարզապես պետությունը պետք է թեթեւացնի մեր գործարարների հարկային բեռը, դա առաջին հերթին վերաբերում է արդյունաբերությանը:
– Իսկ ի՞նչ է՝ կաշառքների տեսանկյունից մեր գործարարները չե՞ն կարող մրցել թուրքերի հետ:
– Միանշանակ՝ ոչ, քանի որ կաշառքի ինստիտուտը Թուրքիայում բավականին խորը ավանդույթներ ունի, բայց դա միայն իրենց համար: Օտարերկրյա գործարարի կողմից կաշառքի առաջարկի պարագայում դա այդպես չէ, քանի որ նրան միանգամից կձերբակալեն եւ կպատժեն, եւ ավելի լավ կլինի, որ մեր արտադրողները խուսափեն կաշառքով այնտեղ հարցեր լուծելու իրենց տեղական ավանդույթից:
– Ըստ Ձեզ, սահմանի բացումը կնպաստի՞ թուրքական կապիտալի ներհոսքին Հայաստան:
– Թուրքական գործարարները հայտնի են նրանով, որ դրսում հիմնականում ներդրումներ չեն իրականացնում, գերադասում են փող ներդնել իրենց երկրում: Միաժամանակ, թուրքական օրենսդրությունը այնպիսին է, որ խոչընդոտում է օտարերկրացիների կողմից մանավանդ խոշորածավալ գյուղատնտեսական հողերի ձեռքբերումը, եւ եթե ինչ-որ մեկը ցանկանում է մի քանի հեկտարից ավելի հող ձեռք բերել, դա կարող է լինել միայն կառավարական հատուկ որոշմամբ:
– Ձեր դիտարկմամբ, այն խոսակցությունները, որ թուրքերը կգան, ամեն ինչ կգնեն Հայաստանում, իրատեսական չէ՞:
– Իրատեսական է, սակայն՝ մեկ վերապահումով, եթե ամեն ինչ թողնվի զուտ շուկայական հարաբերությունների մակարդակին, դա տեղի չի ունենա:
Սակայն, եթե դա լինի նպատակային քաղաքականություն, իսկ մենք դրանից երաշխավորված չենք, ապա կարող ենք ականատես լինել, որ Հայաստանը փոքր շուկա է, եւ Թուրքիայից մեծ ջանքեր չի պահանջվի կառավարական մակարդակով խրախուսել իր քաղաքացիների կողմից զանգվածային սեփականության ձեռք բերումը Հայաստանում: Այստեղ կարեւոր է նաեւ Հայաստանի պետական մարմինների թերզարգացած վիճակը, որը սահմանների բացումից հետո խիստ անմրցունակ է լինելու նույն թուրքական պետական կառույցների հանդեպ: Եթե ինչ-որ ոլորտում կնքվեն, ասենք, հայ-թուրքական տնտեսական պայմանագրեր՝ դրանց վերահսկողությունը եւ կիրառելիությունը պետք է ապահովեն պետական իշխանության մարմինները: Իրենց մոտ դա լավ է վերահսկվելու, քանի որ ունեն նաեւ ազատ շուկայական տնտեսությունում աշխատելու բազմամյա պետական զարգացած համակարգ, որը Հայաստանում ոչ միայն չկա, այլ նաեւ առկա է մենաշնորհային տնտեսական համակարգ, որը Թուրքիայում բացակայում է: Եվ քանի որ Հայաստանի պետական ապարատը սերտաճած է այդ մենաշնորհային տնտեսության հետ, ի վիճակի չեն լինի իրականացնել պատշաճ վերահսկողություն: Եթե խոսքը այս պարագայում այլ երկրի մասին լիներ, մեր տնտեսական համակարգը տանելի կլիներ, բայց քանի որ Թուրքիան տարածաշրջանում ռազմավարական շահեր ունի, չենք կարող երաշխավորել, որ նա մեր նկատմամբ, մանավանդ տնտեսական դաշտում, վատ նպատակներ չունի: Եվ կարծում եմ, որ մեր պետական մարմինները պարզապես փորձ ու գիտելիքներ չունեն՝ վերահսկելու այնպիսի պրոցեսներ, ինչպիսիք են, ասենք, ապրանքների դեմպինգային կամ հակադեմպինգային քաղաքականությունը կամ այլ գործընթացներ: