Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ ՊԵՏՔ Է ՍԻՐԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԸ

Հոկտեմբեր 16,2009 00:00

Հնարավոր է՝ այս լուսանկարային ռեպորտաժը շատերին չափազանց զգացմունքային թվա

\"\"
Ադրբեջանական ու թուրքական դրոշները՝ կողք կողքի:

\"\"
Այս մարդու գոռգոռոցը ակնհայտորեն ուղղված էր հայ լրագրողներին, թեպետ մեզ թարգմանեցին՝ իբր բողոքում է ընդդեմ «Խոզի գրիպի»:

\"\"
Աշխարհի տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչները
սպասում են Գյուլին եւ Սերժ Սարգսյանին:

\"\"
Այսպես էր պահպանվում մարզադաշտը, բայց ֆուտբոլի օրը այն ուղղակի բացվեց 35 հազար ֆուտբոլասերների համար: Այս մարզադաշտի մասին խաղից հետո Ռուբեն Հայրապետյանն ասաց, որ ամենահաջողվածը չէր: Իսկ մինչ այս՝ կազմակերպիչները մեզ համոզում էին, որ այն համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին:

\"\"
Թուրքական այս բրեյք-դանսը հայ լրագրողների համար էր նախատեսված: Շատ արագ մենք հասկացանք, որ այս երկրում ոչինչ պատահաբար չի լինում: Ծնկի եկած այս թուրքը ամենաակտիվ հակահայն էր մեր տեսածներից, թեպետ տեսախցիկի առաջ ասաց, որ մենք եղբայրներ ենք:

\"\"
Այս երիտասարդ թուրքերը արտաքուստ չեն տարբերվում մեր տղաներից:

\"\"
Կոշիկ մաքրելու այս սարքը ամեն քայլափոխի էր: Կոշիկ մաքրող թուրքը չուզեց նկարվել իր «աշխատավայրում», թույլ տվեց, որ միայն սարքը նկարենք, եւ
Հ2-ի օպերատոր Հարությունը կադրը լցրեց իր մասնակցությամբ:

Թուրքիա մեկնած մի խումբ հայ լրագրողներիս համար զարմանալիորեն պարզ դարձավ, որ պետք էր գնալ-հասնել այնտեղ, ինչպես մեր գործընկերներից մեկը նկատեց՝ «մեր պատմական վաթանը», պարտվել ֆուտբոլում, կրել հերթական բարոյական հաղթանակը՝ հասկանալու համար, թե ինչպես է պետք սիրել հայրենիքը: Եվ այդ բանը մեզ «սովորեցրին» թուրքերը: Լրագրողների մեր խումբը Թուրքիա էր մեկնել՝ լուսաբանելու նախաֆուտբոլային տրամադրությունները Բուրսայում, նախապատրաստական աշխատանքները: Երեք օր շարունակ մենք շրջում էինք Բուրսայի փողոցներում, զրուցում թուրքերի հետ: Նրանց համար եւս Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների խաղը զուտ ֆուտբոլ չէր, եւ թուրքերը, իմ տպավորությամբ, բավական զայրացած էին, որ իրենց սիրելի մարզաձեւն այսպես «օգտագործվում» է ինչ-ինչ քաղաքական հարցերի համար։ Իսկ ֆուտբոլ թուրքերը սիրում են, բայց գլուխ գովալով չեն սիրում: Սիրում են կոնկրետ եւ սիրում են առարկայական: Նրանց ֆուտբոլը, իրոք, լավ ֆուտբոլ է, եւ մարզասերները իսկական ֆանատներ են, մոլի ֆուտբոլասերներ, ովքեր՝ հաստատ, հանուն իրենց սիրելի թիմի պատրաստ են գնալ զոհաբերության: Եվ ֆուտբոլիստները լիուլի ետ են վերադարձնում այդ սերը՝ բարձր մակարդակի ֆուտբոլ խաղալով: Բայց անգամ սիրող երկրպագուի համար պարզ է, որ քաղաքականության մաս դառնալով՝ իրական ֆուտբոլը տուժեց, եւ մարզիկները դարձան մի տեսակ գործիքներ՝ քաղաքական հարցերի լուծման համար:

Բուրսայի Աթաթուրքի անվան մարզադաշտում եւ նրա շուրջ հոկտեմբերի 14-ին կրքերը չափազանց էին լարված, տպավորություն կար, որ մարզասերներից յուրաքանչյուրը խաղի ժամանակ ունի իր հատուկ խնդիրը, եւ 35 հազարանոց ստադիոնը մեկ մարդու նման գոռում էր, երգում, ծափահարում, թափահարում դրոշները:

Մարզադաշտը ուղղակի պայթում էր համախմբվածությունից: Մեր՝ մի խումբ հայ լրագրողների եւ հայ երկրպագուների փոքրիկ խմբի համար, որը ժամանակ առ ժամանակ ինքն իրեն ծածկում էր մեծ եռագույնով եւ գոռում էր «Հայաստան», բավականին դժվար էր համախմբված եւ միաձայն գոչել՝ «Հայաստան», քանի որ երբ մի թեւը գոռում էր, մյուսը նրան չէր ձայնակցում, եւ հակառակը: Մենք միաբան չենք անգամ ֆուտբոլի շուրջ, եւ մեր ֆուտբոլիստներին երկրպագելը նման էր այն ամենին, ինչ անում ենք ամեն օր՝ ամեն մեկս մեր սայլն ենք առաջ մղում, եւ ամեն մեկս ուզում ենք մյուսին խանգարել: Ստացվում է՝ ինչպես միշտ:

Մեր ավտոբուսի վրա թուրքերի տարերային հարձակումը բավականին սթափեցրեց մեզ, եւ մենք հասկացանք, որ այն աննախադեպ միջոցառումները, որ իրականացրել էին Թուրքիայի անվտանգության ծառայությունները, եւ որի մասին մենք երկու օր շարունակ գրում էինք, ուղղակի հօդս ցնդեցին, երբ մի քանի տասնյակ (կամ հարյուրյակ) թուրքեր պարզապես կարող էին եւ գրեթե անում էին այդ բանը՝ փետուրի պես թափահարել եւ ճոճել հայ լրագրողներով լեցուն հսկա ավտոբուսը: Այս թուրքական դիվանագիտությունից հետո ավտոբուսի ապակին ճաքեր տվեց, եւ հետո մեր թուրք վարորդը քմծիծաղելով իր գործընկերներին երկար- բարակ պատմում էր, թե ինչ էր կատարվում Բուրսայում հոկտեմբերի 14-ին, ժամը 20-ն անց 40-ին՝ Աթաթուրքի անվան մարզադաշտի մոտ: Ի դեպ, նույն պահին այս մարզադաշտում էին գտնվում ԵԱՀԿ եւ ԵՄ ու միջազգային տարբեր կառույցների պատասխանատուներ: Բայց նրանք այդ ամենը չտեսան, նրանք ուզում էին լոկ ֆուտբոլ տեսնել: Թեպետ ինքս ինձ ազգայնական չեմ համարում, բայց այդ ոռնոցները, սուլոցները, գոռում-գոչյունը լսելով (որը արդեն երկրորդ օրն է, ինչ գլխիցս դուրս չի գալիս)՝ մեր պատմությունից բաներ հիշեցի, եւ այդ ամենը մի տեսակ դեժավյուի տպավորություն թողեց:

Ի դեպ, թուրք դպրոցականները նշանաբան ունեն: Ամեն առավոտ, դասը սկսելուց առաջ, թուրք բոլոր աշակերտները իրենց դասասենյակներում, ոտքի կանգնած հայտարարում են. «Ես թուրք եմ, ես աշխատասեր եմ, ես ճիշտ եմ»: Սրանով նրանք ապրում են: Ֆուտբոլային խաղի ժամանակ մեր ետեւում թուրքեր էին նստած եւ անթիվ դրոշներ էին թափահարում ուղիղ մեր գլխավերեւում: Ընդմիջմանը 10-12 տարեկան մի քանի տղաներ՝ ավելի մեծահասակների հրահանգով, թուրքական դրոշներն իջեցնում էին ուղիղ մեր գլխին, եւ երբ ջղային շուռ եկա նրանց կարգի հրավիրելու համար, տղաները դրոշները ետ քաշեցին: Նրանք այդպես են դաստիարակվում՝ անգամ եթե սխալ են, իրենք ճիշտ են: Իսկ մենք ինչպե՞ս ենք դաստիարակում մեր երեխաներին:

Ի դեպ, ֆուտբոլային խաղը դիտելու էին եկել ԱԺ պատգամավորներ Սամվել Ալեքսանյանը եւ Սուքիաս Ավետիսյանը: Թե ինչպես նրանք ոգեւորեցին մեր տղաներին, մնաց մութ, բայց մի դրվագ պարզ դարձավ անգամ թուրք լրատվամիջոցներին: Մի խումբ հայեր Բուրսայի ռեստորաններից մեկում նստած երգել են, երբ հնչել է մի մեղեդի, որը գրեթե նույնն է եղել, ինչ մեր հետեւյալ երգը. «Ախ, մերդ մեռնի, սարի աղջիկ, աման, սարի մարալ, աման, լա-լա-լա»: Թուրքական հեռուստաընկերություններից մեկն անգամ նկարել եւ ցուցադրել է այս ամենը; Ինքը, կերուխումին մասնակցածներից մեկը՝ մարզական մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը, «Առավոտին» ասաց, որ իրենք ոչ թե խմած են եղել, այլ՝ պարզապես երգել են: Մեկ այլ միջադեպ եւս: Հայաստանի պատվիրակության մի քանի անդամների հենց փողոցում մոտեցել են մի խումբ մարդիկ եւ դժգոհել՝ «Ինչո՞ւ եք եկել, մենք ձեզ չենք սպասում, ձեր կարիքը չունենք, դուք մեր ադրբեջանցի եղբայրներին նեղացրել եք»: Անվտանգության աշխատակցի միջամտությունից հետո միայն իրավիճակը հանդարտվեց:

Հ. Գ. Ի դեպ, թուրքերի հետ հայ լրագրողների երկխոսությունները չէին ստացվի, եթե նույն խմբում ընդգրկված չլիներ թուրքագետ, news.am-ի թղթակից Անդրանիկ Իսպիրյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել