Երեկ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը գյուղական ճանապարհների շինարարության վերաբերյալ, մասնավորապես, ասաց. «Ենթադրվում է, որ այն շինարարական կազմակերպությունները, որոնք հաղթել են մրցույթներում, շարունակելու են այս աշխատանքը, որովհետեւ առաջին փուլում «Հազարամյակի մարտահրավեր» գրասենյակի պահանջներին համապատասխան կատարվել են մոբիլիզացիոն բնույթի մեծածավալ ծախսեր: Առաջինը՝ սա։ Երկրորդ, ֆինանսների նախարարության վերահսկողության ծառայությունը բավականին խիստ մոնիտորինգի է ենթարկել բոլոր ճանապարհները, եւ 26 ճանապարհի քարտեզը գտնվում է իմ հսկողության տակ։ Պարոն Սարգսյան, ես ձեզ հանձնարարում եմ, որ դուք ձեր անմիջական հսկողության տակ վերցնեք այս հարցը, որ մի լումա այստեղից չփոշիանա։ Վերահսկողությունը խստագույնս շարունակվելու է։ Պետք է հրաժարվել այն բոլոր ավանդույթերից, որ շինարարների միջավայրում ձեւավորվել են։ «Ատկատների» մասին է խոսքը, ձեր Ճանշինի պրոբլեմների մասին է խոսքը։ Բազմաթիվ բացահայտումներ են կատարվել։ Մենք հիմա այս աշխատանքներն ավարտելու ենք ոչ թե 6,8, այլ 5 մլրդ դրամով։ Եվ այս խիստ ռեժիմը պահպանվելու է մինչեւ վերջ։ Եվ մենք պարբերաբար ենք մտնելու ստուգման` ե՜ւ ձեզ համար անսպասելի, ե՜ւ շինարարների համար։ Այս իրավիճակում այդտեղից ֆինանսական միջոցներ փոշիացնելը ես չեմ կարողանում նույնիսկ գնահատել, թե ինչ է նշանակում։ 26 ճանապարհն էլ լինելու է մեր հսկողության տակ, որովհետեւ մենք այդ բոլոր գումարները այս ծանր պայմաններում մեր պետական բյուջեից հատկացրել ենք ճանապարհների շինարարության համար։ Եվ եթե կարելի է ավելի շատ ճանապարհ կառուցել, մենք պարտավոր ենք դա անել։ Մենք թանկ գին ենք վճարում, որովհետեւ սրանք վարկային միջոցներ են, ընդ որում՝ թանկ վարկային միջոցներ։ Սրանք համաշխարհային բանկի վարկային միջոցները չեն, այս 1,7 մլրդ-ը մենք ռուսական վարկից ենք հատկացնում եւ պարտավոր ենք խստագույնս վերահսկել»։