Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈԼՈՐՈՎԻՆ ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ԳՐԵԼ ՖՈՒՏԲՈԼԻ ՄԱՍԻՆ

Հոկտեմբեր 16,2009 00:00

Թերեւս մարդու էությունն այն է, ինչ նա կարող է տալ մտերիմներին ու հարազատներին, իսկ եթե մարդն այդ իշխանավոր է, նրա էությունը համարձակ զոհաբերության մեջ է՝ որպես նվիրաբերություն սեփական ժողովրդին ու երկրին: Այսինքն՝ անել այն, ինչը որ վաղուց արթնացել է ցեղի հավաքական մտածողության մեջ, բայց չի ձեւակերպվում, քանի դեռ չի հայտնվել առաջնորդը, ով համարձակություն ունի ձեւակերպելու: Եվ եթե չկա սահմանողը, տարիների եւ դարերի միջով կշարունակենք տարտամ նավարկել՝ ինչպես առագաստանավն անհողմության ժամանակ: Եվ, անշուշտ, միշտ էլ կհայտնվեն մարդիկ, ովքեր դժգոհ են եւ բողոքում էին ե՛ւ Տեր-Պետրոսյանի դեմ, ե՛ւ Քոչարյանի, ե՛ւ Սերժ Սարգսյանի, ու տարօրինակն այն է, որ բոլոր նախագահների դեմ դժգոհողները նույն մարդիկ են: Մարդիկ, ովքեր խոսում են հանուն երկրի, ամենուր սեր են բացատրում՝ հանդեպ հայրենիքի, բայց չգիտես ինչու՝ ոչ պետության: Քանի որ տխուր ճշմարտությունն այն է, որ իրենք հայրենիք ասելով իրենք իրենց են սիրում եւ իրենց շահը, բայց երկրի հաշվին…

Անցյալ տարվա հոկտեմբերին իմ երեւելի ճարտարապետ ընկերներից մեկը որոշել էր մի խումբ մտերիմներով իր հիսունամյակը նշել Անի քաղաքի դիմաց, բայց չստացվեց, որովհետեւ մեր սահմանապահներն, ի պատիվ իրենց, թույլ չտվեցին մեզ անցնել փշալարերից այն կողմ, որը նույնպես մեր հողն էր, որովհետեւ թույլտվություն չունեինք, թեեւ նախապես նամակով դիմել էինք պատկան մարմիններին: Կա՛մ նամակը տեղ չէր հասել, կա՛մ, երեւի, մոռացել էին հանձնարարել սահմանապահներին: Մենք, իհարկե, ի վերջո գտանք մի հանգրվան, որտեղից գրեթե երեւում էր Անին, երեւում էր նաեւ Ախուրյան գետը, որի՝ իրենց կողմից անփշալար ափերին թուրքերը ձուկ էին բռնում, զվարճանում, իրենց թիկունքում ունենալով Անին՝ մեր հազարամյա մայրաքաղաքը, որի տեսքին մենք այդ օրը, ըստ էության, այդպես էլ չարժանացանք… Հիմա չեմ հիշում՝ ո՞վ էր, թերեւս տեղաբնիկներից մեկը, այդ օրն ինձ ասաց՝ իսկ գիտե՞ք, թե ինչքան անմշակ հողեր են մնում փշալարերից այն կողմ եւ ինչքան աղջիկներ գյուղերում չեն ամուսնանում, քանի որ նույն փշալարերը թույլ չեն տալիս ուրիշ տեղերից փեսացուներ գալ, որովհետեւ հատուկ անցագիր է պետք մեր գյուղերը մտնելու: Եվ հիմա՝ վերհիշելով անցյալ տարվա աշնանային այդ եղելությունը, ես պարզ տեսնում եմ, որ հայտնվել է սահմանողը եւ որոշում կայացնողը, ում խոսքին անսալով՝ հույս ունեմ, որ եկող հոկտեմբերին մենք էլ ազատ կկարողանանք իջնել՝ արդեն անփշալար մեր Ախուրյան գետի ափը եւ ոտքերս կախելով գետի զուլալ ջրերի մեջ, կնայենք մեր Անի՝ հազարամյա մայրաքաղաքին եւ հետո մի այլ օր, անցնելով գետը, կմտնենք քաղաք…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել