ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանը գիտի այս հարցի պատասխանը
– Դաշնակցության բոլոր կոչերին ի պատասխան լրագրողները շարունակ հարցնում են. եթե ամեն ինչ այդքան տխուր է, ինչպես դուք եք փորձում ներկայացնել, ուրեմն ինչո՞ւ չեք պահանջում նախագահի հրաժարականը, ձեր իրավիճակում տրամաբանականը դա՞ չէր լինի:
– Ճիշտ եք, այսօր շատ են հարցնում՝ ինչո՞ւ պարզապես չենք պահանջում երկրի նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Նման հարցադրումը շատ պարզունակ է: Միամտություն է մտածել, որ երբ Հայաստանում գրանցված 70 կուսակցություններից 69-ը պահանջեն հրաժարական, նախագահը անմիջապես գրելու է համապատասխան դիմումը: Այնինչ, նախ եւ առաջ եկեք հիշենք Հայաստանում տեղի ունեցած հայտնի իշխանափոխությունները: Երբ հայ ժողովուրդը 1988 թվականին ոտքի էր կանգնել՝ պահանջում էր Հայաստանի եւ Ղարաբաղի վերամիավորումը: Այդ հետո նման գործընթացը հանգեցրեց իշխանափոխության, թեեւ շարժման սկզբի կարգախոսները բոլորովին այլ էին: Նույնը կարելի է ասել 1998 թվականի իշխանափոխության մասին: 1996 թվականին ամբողջ ժողովուրդն էր ոտքի կանգնել: Ավելին՝ ընտրությունների արդյունքում նախագահ էր ընտրվել ընդդիմության թեկնածուն, սակայն իշխանափոխություն տեղի չունեցավ: Ընդհակառակը՝ նախագահը հրաժարական տվեց բոլորովին այլ, ավելի «հանգիստ» պայմաններում՝ առանց ոգեշնչող ելույթների, հրաժարականի պահանջների եւ ավելորդ անցուդարձի: Դրանից հետո, ըստ էության, իշխանափոխություն տեղի չունեցավ, այլ կայացավ իշխանական գահի փոխանցում:
– Հետեւաբար, ի՞նչ եք դուք առաջարկում, գիտե՞ք այն ճանապարհը, որը կտանի իրական իշխանափոխության:
– Երկու իշխանափոխությունների օրինակներն էլ մեզ հուշում են, որ Հայաստանում տեղի է ունենում իշխանափոխություն, ավելին ասեմ՝ արմատական բնույթի իշխանափոխություն, երբ իշխանության առջեւ կանգնում են այնպիսի խնդիրներ, որոնք իշխանությունն ի վիճակի չէ լուծել: Հենց այդ՝ առանց լուծումների եւ անելանելի վիճակում հայտնվելու դեպքում են իշխանությունները դիմում հրաժարականի: Կոմունիստական վարչակարգը չէր կարող գլխավորել ժողովրդական շարժումը, չէր կարող տալ Ղարաբաղի խնդրի լուծումը եւ ստիպված եղավ հեռանալ: Նույնը վերաբերում է 1998-ին: Նախագահը հեռացավ, որովհետեւ չէր կարող գնալ կարգավորման առաջարկվող տարբերակին եւ չէր կարող մնալ իշխանության եւ չգնալ այդ տարբերակին:
Եվ մեր խնդիրն է այսօր ակնհայտ դարձնել եւ ապացուցել իշխանության անկարողությունը՝ տալ երկրի առջեւ կանգնած խնդիրների լուծումը: Իշխանությունը հեռանում է, երբ հայտնվում է այնպիսի խորը ճգնաժամում, որ չի կարողանում շարունակել իր քաղաքականությունը եւ չի կարողանում վերադառնալ նախկին վիճակին: Տվյալ պայմաններում լավագույն լուծումն է պարզապես լուռ եւ հանգիստ իրենց տեղը զիջել այն մարդկանց, որոնք կարող են, որոնք ի վիճակի են, որոնք համաքայլ են նոր մարտահրավերներին… Հակառակ դեպքում՝ գալու է ալիք, որը սրբելու է բոլորին: