Նոթագրություն Թուրքիայից. օր երրորդ եւ չորրորդ
Թուրքիայում անցկացրած երրորդ օրն ինձ համար դարձավ վերաբերմունքի հստակեցման առիթ. եթե մինչ այս ես ուղղակի անտարբեր էի ֆուտբոլի հանդեպ՝ հիմա արդեն ես այդ խաղը չեմ սիրում: Եվ ոչ այն պատճառով, որ մեր թիմը պարտվեց: Առանձնակի մարզական վերլուծական միտք պետք չէր՝ հասկանալու համար, որ այդպես էլ լինելու է (դեռ ավելին՝ պետք է ուրախանալ, որ չիրականացավ պարտվողաբար տրամադրված մեր խմբի լրագրողներից մեկի առավել հոռետեսական կանխատեսումը, թե Հայաստանը կպարտվի 4:0 հաշվով), այլ ուղղակի բնավ դրական չեն թվում այն զգացումները, որոնք իրենց երկրպագուներին պարգեւում է այս մարզաձեւը:
Ագրեսիա՝ մի բառով այսպես կարելի էր բնութագրել այն մթնոլորտը, որը տիրում էր հոկտեմբերի 14-ին Աթաթուրքի անվան մարզադաշտում: Ագրեսիա, որը ստիպում է մրցակիցներին սուլել ու ֆշշացնել, երբ հնչում է մրցակիցներին առնչվող ինչ-որ մի բան՝ թեկուզ անուն: Ագրեսիա, որ ստիպում է ծաղրել, ծանակել ու հայհոյել մարդու, որին մինչ այդ ոչ տեսել ես, ոչ էլ դրանից հետո կտեսնես, բայց նա քո թշնամին է, քանի որ ընդամենն այլ թիմի է երկրպագում: Ագրեսիա, որի դիմաց՝ անզորությունից ծնված թույլ հույսով, անգամ մասնագիտական չեզոքություն պահպանել պարտավոր լրագրողներն են վանկարկում, որպեսզի 30 հազարանոց համախումբ ու կազմակերպված երկրպագուների բանակի գոռոցների մեջ լսվի նաեւ քո երկրի անունը: Ագրեսիա, որ պարտադրում է ոստիկաններին խիտ ու նեղ միջանցք կազմել, որ մրցակից երկրի ներկայացուցիչները կարողանան հասնել իրենց մեքենաներին:
Եվ եթե այս ամենը, ինչի մասին գրեցի, բնորոշ է ընդհանրապես ֆուտբոլային մրցություններին, Հայաստան-Թուրքիա խաղի ժամանակ արտահայտվում էր կրկնապատկված ուժով: Գուցե պատճառը մեր երկրների միջեւ «դարավոր» հարաբերությունների բնույթն էր: Իսկ գուցե եւ, ինչպես նկատեց մեզ Թուրքիայում հյուրընկալող «Ագոսի» աշխատակիցը՝ ազդեցությունը ծնեց հակազդեցություն. այս խաղից առաջ այնքան խոսեցին դրոշներ չթողնելու, անգամ անձրեւանոցներ արգելելու մասին, անվտանգության նկատառումներով այնքան (իբր) փորձեցին սահմանափակել մասնակիցների ներկայությունը, որ ի վերջո մարզադաշտում հայտնվածներն իրենց էմոցիաներն արտահայտեցին առավելագույնս մոլեգին:
Եվ հետո, ըստ ֆուտբոլասերների, եւս մի մեղմացուցիչ հանգամանք կա՝ այս խաղն առավել քաղաքական էր, եւ ոչ սպորտային: Քանի որ միայն այդպես կարելի է բացատրել, թե ինչու խաղադաշտին նայելու փոխարեն՝ մարդիկ առավել հետեւում էին, թե, ասենք, Ադրբեջանի դրոշ հայտնվե՞ց, թե՞ ոչ, ոստիկանները դրան արձագանքեցի՞ն, թե՞ ոչ եւ այլն:
Այսքանը՝ անձնական զեղումների մասով: Այժմ անցնենք պաշտոնական հատվածին: Խաղից հետո մենք Բուրսայից մեկնեցինք Անկարա: Եվ Թուրքիայում գտնվելու չորրորդ օրվա ընթացքում հանդիպեցինք երկրի իշխանության ներկայացուցիչներին:
Ոչ մի համեմատություն՝ նախորդ օրը զգացած բացահայտ ագրեսիայի գրեթե ոչ մի հետք: Եվրամիության հետ կապերի նախարար Էգեմեն Բաղըշը մեր հանդիպման ընթացքում նշեց, թե շատ հաջող խաղ էր: Նաեւ նշեց, թե Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բանակցությունները շատ լավ գնահատական են ստացել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացի վերաբերյալ օրերս հրապարակված ընթացիկ զեկույցում: Սակայն զրույցի ընթացքում մի քանի անգամ շեշտեց, թե ԵՄ պահանջով չէ, որ Թուրքիան պիտի դիվանագիտական հարաբերություններ հաստատի Հայաստանի հետ՝ «Նրանք ողջունում են արձանագրությունների ստորագրումը, բայց սա նախապայման չէ ԵՄ-ին անդամակցության համար: Մենք սա անում ենք, քանի որ ուզում ենք հարաբերություններ հաստատել բոլորի հետ, եւ Հայաստանը չպիտի լինի բացառություն»:
Եվ այսուհանդերձ, խոսքի ընթացքում մի քանի անգամ շեշտեց, թե ճանաչելով Թուրքիայի խորհրդարանը՝ չի կարծում, թե այն կվավերացնի արձանագրությունները, եթե առաջընթաց չլինի Ղարաբաղի հարցում: «Ադրբեջանցիները մեզ համար եղբայրներ են, եւ նրանցից շատերն այժմ տնազուրկ են, այս հարցը կարեւոր է Կովկասյան տարածաշրջանում խաղաղության համար»,- ասաց նա՝ հետո հիշատակեց ասացվածքը, որ եթե չես զգուշանում, որ վառվում են հարեւաններիդ տները՝ ի վերջո կրակը կհասնի նաեւ քո տանը: «Մեզ համար կարեւոր է, որ հայերը դուրս կգան օկուպացված տարածքներից: Մենք աջակցում ենք այս գործընթացին, քանի որ այն արդար է»,- հայտարարեց Էգեմեն Բաղըշը: Ու թեեւ անհնար էր չգիտակցել, որ նման նախապայմաններ առաջադրելը, երկու երկրների փոխհարաբերությունները երրորդ երկրի շահերով պայմանավորելն ի վերջո հանգեցնելու է հարաբերությունները կարգավորելու փորձի ձախողման՝ նախարարը շարունակում էր պնդել, թե մեր երկու ազգերն էլ հնարավորություն ունեն խաղաղություն հաստատելու, եւ այսպիսի բազմակի պնդումներ արեց. «Ես պատմաբան չեմ, այլ քաղաքական գործիչ, եւ իմ գործն անցյալը քրքրելը չէ, պարզելը, թե ինչ է կատարվել, այլ ապագան կառուցելը: Պատմաբանները թող վճիռներ տան, թե ինչ է կատարվել: Հերիք է ատենք իրար՝ եկեք խոսենք»:
Նույն ոճով էր նաեւ Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության փոխնախարար Իսմեթ Յիլմազի խոսքը, թե միմյանց հետ կռվելը ոչ ժամանակակից պետություններին է բնորոշ, «Ուզում եք, չէ՞, որ ձեր երեխաներն ավելի լավ երկրում ապրեն: Ես էլ եմ ուզում»: Նա եւս համարում է, որ խաղաղության ճանապարհը միմյանց հետ խոսելն է. «Եթե վերեւի հարեւանդ աղմկարար է, կարող ես տունդ փոխել, բայց ո՞նց կարող են տեղափոխվել մեր հարեւան երկրները»: Փոխնախարարը բազմիցս պնդեց, թե հայերն ու թուրքերը շատ նման են՝ անգամ արտաքնապես: Եվ հայ լրագրողներից մեկն ի պատասխան նկատեց, թե այո, մենք նման ենք, բայց «մեր հոգին կրծում է մեր անցյալը, որ թուրքերը գոնե մի անգամ չեն ասում՝ ներեցեք Ցեղասպանության համար»՝ Իսմեթ Յիլմազը պատասխանեց. «Ես էլ եմ շատ վատ զգում նրա համար, ինչ ասացիր: Ինչպես Հայաստանում են սովորեցնում, թե ինչքան հայ են սպանել՝ մեզ էլ սովորեցրել են, թե որքան թուրք է սպանվել: Պետք է լսել պատմության երկու կողմերին: Պետք է միմյանց լսել»:
Բայց, այնուամենայնիվ, շատ դժվար է միմյանց լսելը: Սրանում համոզվեցինք, երբ Թուրքիայի խորհրդարան այցելեցինք եւ հանդիպեցինք խորհրդարանական թղթակիցներին: Եվ էլի պարզ դարձավ, թե որքան տարբեր են այն, ինչ ասում են պետական վերնախավի ներկայացուցիչներն այն ամենից, ինչ արտահայտում են հասարակ մարդիկ եւ անգամ լրագրողները: Նրանց հետ զրույցն ուղղակի վերածվեց սուր բանավեճի: Ասենք, երբ ուղղակի հետաքրքրվեցի, թե ե՞րբ է հնարավոր, որ վավերացվեն բանակցությունները՝ կառավարամետ TRT հեռուստաընկերության աշխատակիցը հայտարարեց. «Շատ դյուրին է անցնելը, եթե ԼՂ-ի հետ հարցը լուծվի, բայց եթե դա չլինի՝ չեն վավերացնի: Որքան լավանան Հայաստանի հարաբերությունները Ադրբեջանի հետ՝ այնքան շուտ կվավերացնեն»:
Մի մխիթարություն էր, որ տեղում մեկ այլ լրագրող՝ «Անատոլու» գործակալությունից, դեմ արտահայտվեց այս տեսակետին: Եվ էլի մի մխիթարություն էր, որ երբ TRT-ի նույն թղթակիցը հարցրեց, թե ինչ եք մտածում Նախիջեւանի մասին՝ արդեն մնացած այլ թուրք լրագրողներն ասացին, թե՝ լավ էլի, վերջացրու: