Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ԵԼԱԿԵՏԸ

Հոկտեմբեր 16,2009 00:00

Ըստ «Ժառանգության» եւ ըստ ՀՀԿ-ի՝ դրանք տարբեր են

Նախորդ օրը «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության անդամները վերստին դիմել են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին եւ ուղարկել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագիծը: Հիշեցնենք, որ սա «Ժառանգության» երկրորդ փորձն է. 2008-ի ապրիլին խմբակցությունն արդեն խորհրդարանականներից մեկ մերժում ստացել է այս հարցի վերաբերյալ: Պատասխանելով «Առավոտի» հարցին՝ արդյոք ավելի իրատեսակա՞ն են դառնում մտահոգությունները, որ Թուրքիան փոփոխություններ կպահանջի ԵԱՀԿ Մինսկի խմբում եւ կպարտադրի իր ներկայությունը ԼՂՀ հարցի լուծման ֆորմատում, հիմնավորելով իրենց առաջարկի կրկնությունը՝ խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն ասաց, որ իրենք կասկած չունեն, որ հայ-թուրքական հարաբերությունների «նորմալացման» գործընթացն արագացնելու է ԼՂՀ խնդրի կարգավորման գործընթացը. «Այդ մասին բազմիցս նշել են տարբեր երկրների ղեկավարները, եւ մենք էլ գիտենք, թե երկու նախագահներն ինչի շուրջ են բանակցում, հետեւաբար, օրինագծի ընդունումը պետք է լինի ՀՀ դիրքորոշման ելակետը: Մեր խորհրդարանականները սեփական հասարակությանը պետք է լուրջ երաշխիքներ տան՝ ի դեմս այս օրինագծի ընդունման, որ իրենք չեն պատրաստվում որեւէ անակնկալ քայլ մատուցել հայ հանրությանը, ինչպես դա արեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում»: Հնարավոր պատճառաբանությունների առնչությամբ, թե՝ բանակցությունների ընթացքում կոռեկտ չէ քայլեր անելը, մեր զրուցակիցը հավաստիացնում է, որ որեւէ մեկը այլեւս չի հավատա դրանց, եւ դրանք գնահատում է «ներքին սպառման» ու «խաբեության» հայտարարություններ, ուստի՝ «Հայաստանի իշխանությունները պարտավոր են իրենց գործողություններով չվտանգել Արցախի եւ ՀՀ-ի շահերը»: Անդրադառնալով այս հարցին՝ երեկ «Հայացք» ակումբում ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումն ինքնանպատակ չպետք է լինի. «Այսօր ԼՂ-ի հիմնահարցը գտնվում է Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում։ Բանակցությունները գնում են այդ ձեւաչափով, եւ ցանկացած այլ միջամտություն կարող է վնասել Մինսկի խմբի այդ գործընթացը։ Ցանկացած միակողմանի միջամտություն չի բխում նաեւ մեր շահերից։ Ի վերջո, մեր նպատակն ինքնանպատակ ճանաչումը չպետք է լինի. մեր նպատակը պետք է լինի Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը»։

Դիտարկմանը՝ չե՞ք հավատում եւ վստահում ՀՀ նախագահի՝ Արձանագրությունների ստորագրումից առաջ եւ հետո այդ առիթով արված հայտարարություններին, Ստեփան Սաֆարյանն արձագանքեց. «Չէ, չենք հավատում: Երկու տարի բանակցեց, տեղյակ չէինք, որ բանակցում է: Հավաստիացրեցին, որ չեն ուրանալու, բայց գիշերները տեքստեր գրեցին, ու հասկացանք, որ լավ էլ ուրանալու են: Էն էլ ինչպես են ուրանալու»:

Իսկ նման օրինագիծ ընդունելով՝ արդյոք ՀՀ-ն ձեռնոց չի՞ նետում միջազգային հանրությանը՝ «Առավոտի» հարցին էլ պարոն Սաֆարյանը պատասխանեց. «Կոսովոյի կամ Հարավային Օսեթիայի, Աբխազիայի անկախության ճանաչումը եղավ պատերազմներից հետո: Ճանաչումը չի բերել պատերազմի: Դրանք մանկական պատճառաբանություններ են, եւ նման փաստարկները քաղաքագիտության հետ որեւէ կապ չունեն: Մի՞թե մեր իշխանությունները չգիտեն, որ հնարավոր պատերազմական գործողություններն այլ գործոններով են պայմանավորված: Եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, ուրեմն պիտի Ադրբեջանի տարածքային ամբողջականության վավերացումը միջազգային ատյաններում տարածաշրջանում արդեն մի քանի պատերազմների պիտի հանգեցրած լիներ»: Մեր զրուցակիցն արձանագրում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առաջին հանգրվանում էականորեն փոխվում են ղարաբաղյան խնդրի կարգավորման մադրիդյան սկզբունքները. «ՀՀ իշխանությունները զրկվել են Սփյուռքի աջակցությունից, Ադրբեջանն ունի հիասթափություն Թուրքիայից: Այսինքն՝ երկու կողմերի վրա ճնշումներ գործադրելու եւ արդյունքների հասնելու հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել