Լեհաստանի Վլադիսլավովո քաղաքում մեկնարկել է ծանրամարտի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի տղաների եւ աղջիկների անդրանիկ առաջնությունը:
Հայաստանը մասնակցում է միայն տղաների հավաքականով: Վլադիսլավովոյում մեր հանրապետությունից մրցահարթակ մտնելու է ութ հոգի: Նրանցից առաջինը պայքարի մեջ մտավ 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը եւ դարձավ այս տարիքային խմբի Եվրոպայի առաջնության պատմության մեջ առաջին չեմպիոնը: Սակայն պատվո պատվանդանի վերին աստիճան տանող ճանապարհը նրա համար հեշտ չստացվեց եւ միայն բարոյահոգեբանական եւ ֆիզիկական գերազանց պատրաստվածությունը մարզիկին թույլ տվեց հաղթել:
Պոկում վարժությունը Սմբատն սկսեց 97 կգ-ից: Այնուհետեւ, նա բարձրացրեց նաեւ 101 կգ, սակայն վերջին մոտեցումում ձախողեց 103 կիլոգրամը՝ այս մրցաձեւում գրավելով ընդամենը 5-րդ տեղը: Փոքր «ոսկին» բաժին հասավ մոլդովացի Գենադի Դոդոգլոյին, որի ցույց տված 109 կգ-ն ամբողջ ութ կիլոգրամով գերազանցում էր հայ ծանրորդի արդյունքը:
Հավաքելով ուժերը՝ Սմբատը հրում վարժությունում հենց առաջին մոտեցումով սանձելով 131 կիլոգրամը, զգալիորեն նվազեցրեց կիլոգրամների այդ տարբերությունը: Իսկ երկրորդ մոտեցմամբ գլխավերեւում պահելով արդեն 137 կգ՝ նա անհասանելի դարձավ մրցակիցների համար՝ նվաճելով ինչպես այս ձեւի փոքր ոսկե մեդալը, այնպես էլ երկամարտով՝ 238 կիլոգրամ, Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Միակ ծանրորդը, որ փորձեց պայքարել հայ մարզիկի հետ, ռումինացի Գաբրիել Օլարուն էր: Բայց առավելագույնը, որ հաջողվեց, 135 կիլոգրամ բարձրացնելն էր:
Երեկ մեր ծանրորդներից հերթը 62 կգ քաշային Վանիկ Ավետիսյանինն էր, որի ներկայացրած նախնական 270 կիլոգրամը երրորդ արդյունքն էր: