Հոկտեմբերի 17-ին Գերմանիայում պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ, միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոններ Արթուր Աբրահամի եւ ամերիկացի Ջերմեն Թեյլորի մենամարտով կմեկնարկի «Showtime»-ի կազմակերպած «Six World Boxing Classic» մրցաշարը, որին մասնակցելու հրավեր ուղարկված է տարբեր միջին քաշային կարգերի աշխարհի ուժեղագույն բռնցքամարտիկներին: Թեյլորն արդեն ժամանել է Բեռլին եւ լրատվամիջոցների տարածած տեղեկատվության համաձայն՝ հասցրել է Աբրահամի հետ ԶԼՄ-ների համար բաց մարզում անցկացնել: Հետաքրքրությունն Աբրահամ-Թեյլոր մարտի նկատմամբ անչափ մեծ է: Այդ նպատակով էլ «Sauerland Event» պրոումոթերական ընկերության (որը ներկայացնում է Աբրահամը) մամուլի ծառայությունը մենամարտից մի քանի օր առաջ հարցազրույց է անցկացրել «Արթուր արքայի» հետ:
– Թեյլորի պրոումոթեր Լու Դի Բելլան հայտարարել է, թե իր սանը Ձեր գլխից թագը վայր կգցի: Ինչպե՞ս եք արձագանքում այդ արտահայտությանը:
– Երազել ամեն մարդ կարող է: Բայց ռինգում կարող է նաեւ հակառակը կատարվել:
– Ինչպե՞ս եք գնահատում Թեյլորին:
– Նա, անկասկած, համաշխարհային մակարդակի բռնցքամարտիկ է: Թեյլորը երկու անգամ հաղթել է Հոփքինսին եւ մեկտեղ հավաքել միջին քաշային կարգի բոլոր չորս գոտիները: Մեր մարտը գրավիչ կլինի:
– Դուք տեղափոխվել եք միջին քաշայինի ավելի բարձր կարգ: Դա շա՞տ է անդրադարձել Ձեր նախապատրաստության վրա:
– Եվ՝ այո, եւ՝ ոչ: Մարզումներն ընթանում են սովորականի պես: Մենք ոչինչ չենք փոխել: Բայց ես ամեն օր լավ տրամադրության մեջ եմ, քանի որ այլեւս պետք չէ քաշ գցել: Կիլոգրամների հետ պայքարն ինձ համար միշտ էլ ավելի դժվար է եղել, քան ռինգում մենամարտելը: Վերջապես այդ ամենն ավարտվեց:
– Հոկտեմբերի 17-ին ամբողջ աշխարհն է դիպելու Բեռլինում կայանալիք մարտը, որն առաջինն է մրցաշարում: Դա Ձեզ համար սթրեսի լրացուցիչ գործո՞ն է:
– Ոչ: Ինձ համար ամեն ինչ սովորականի պես է ընթանում: Ես ցանկանում եմ հաղթել այդ մարտում եւ ուրախ եմ, որ ամբողջ աշխարհի հանդիսականները հետեւելու են իմ մրցելույթին: Մրցաշարի ավարտից հետո էլ ցանկանում եմ նաեւ Ամերիկայում գերաստղ դառնալ:
– Այս մրցաշարն ինչո՞վ է կարեւոր Ձեզ համար:
– Դա լավագույնն էր, ինչ կարող էր ինձ հետ պատահել: Ես ցանկանում եմ Ամերիկայում մեծ մարտեր անցկացնել, ինչպես Մեյվայզերը, Դե լա Հոյան: Ճանաչված եւ ընդունված բռնցքամարտիկ դառնալու համար Ամերիկայում անհրաժեշտ է բռնցքամարտի ֆանատների սերը նվաճել: Այնպես որ, այս մրցաշարը ճիշտ ժամանակին է:
– Օգնո՞ւմ է այն միտքը, որ մարտն անցկացնում եք «տանը»:
– Շատ ուրախ եմ, որ Թեյլորի հետ մարտում կարող եմ հույս դնել իմ երկրպագուների աջակցության վրա: Ինձ համար մեծ պատիվ է կատարել մրցաշարի բացումը: Դա իսկական գրավիչ մարտ է լինելու:
– Վերադառնանք Թեյլորին: Նա Ձեզանից խոշորամարմին է:
– Ռինգում հաղթում է ոչ թե նա, ով խոշոր է կամ փոքր, ոչ թե ավելի ուժեղը կամ թույլը, այլ նա, ով ավելի խելացի է:
– Գո՞հ եք նախապատրաստության ընթացքից:
– Այն դեռ շարունակվում է: Այստեղ՝ Ուզեդոմ կղզու հյուրանոցում, շատ հանգիստ է, որտեղ կարելի է սնվել, քնել եւ մարզվել: Բեռլինում ռինգ եմ մտնելու գերազանց նախապատրաստված: