Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՐԻԱ՞Լ, ԹԵ՞ ԻՐԱԿԱՆ ԿՅԱՆՔ

Հոկտեմբեր 15,2009 00:00

Վերջին շրջանում ես վերջապես հասկացա, թե ինչո՞ւ են մեր հայրենակիցներն այդքան շատ սիրում սերիալ դիտել

Մեր կյանքը հենց սերիալ է, եւ այդ իսկ պատճառով էլ այդքան հոգեհարազատ է մեզ։ Ընդ որում, սերիալի ֆենոմենը մեր կյանքում գրեթե տոտալ է՝ կենցաղից մինչեւ քաղաքականություն։ Եվ մենք ապրում ենք հենց հայկական սերիալների ոգով՝ վատ սցենարիստներ, իրենց ռեժիսոր հոչակած նախկին օպերատորներ, աստղային հիվանդությամբ տառապող գլխավոր դերակատարներ եւ հինգ հազար դրամանոց «մասսովկա»։ Օրինակ, այսօր ազգին ավելի շատ հետաքրքրում է, թե Երեւանի 2791-ամյակին Հանրապետության հրապարակում Չելենտանո՞ն է երգել, թե՞ ոչ, քան, ասենք, Ցյուրիխում ստորագրված Արձանագրությունները։ Իսկ, օրինակ, հայկական ֆուտբոլը վատ ողբերգական սերիալ է։ Եվ եթե հեռուստասերիալների պարագայում չհաջողված նախագիծը շուտ փակվում է, քանզի այն հովանավոր չի ունենում, ապա ֆուտբոլի պարագայում վերջը ոչ մի կերպ չի երեւում։ Երեւի հովանավորին նման ֆուտբոլը դուր է գալիս։ Պարզապես հովանավորը դեռ գլխի չի ընկել, որ այդ նախագիծը միայն իրեն է դուր գալիս եւ, իհարկե, մեր մրցակից հավաքականներին։ Շատ վատ սերիալ է մեր մշակույթը։ Ավելին՝ այն ոչ թե հին է, այլ հնացած եւ մաշված։ Այնքան մաշված, որ պատկերը նորմալ չի երեւում, իսկ ձայնը «ԱրմենՏելի» կապի նման անընդհատ կտրտվում է։ Եվ անգամ նորագույն տեխնոլոգիաներով չի ստացվում վերականգնել մեր մշակույթը։ Թեեւ վերականգնելու բան էլ չկա։ Այդ՝ մշակույթ կոչված սերիալը, այսօր ուզում են իրականացնել արդեն մոռացված լատինաամերիկյան օճառային սերիալների ոգով։ Որովհետեւ մեր ֆոնոգրամայի տակ ճղճղացող աստղիկներն ապրում են «հարուստներն էլ են լաց լինում» սկզբունքով։ Իսկ մշակութային մտավորականություն կոչվածը դժբախտ երջանիկ է։ Թեեւ նախընտրական շրջանում դառնում է երջանիկ դժբախտ։ Իսկական սերիալ է կաշառակերության դեմ պայքարը։ Այստեղ գլխավոր դերակատարները վաստակավոր արտիստներ են, որոնք տասնյակ տարիներով չեն իջնում պետական ապարատի թատերաբեմից։ Այս սերիալի սցենարիստները ժամանակ առ ժամանակ «ժեռտվա» են տալիս երկրորդական-երրորդական պերսոնաժներին, սակայն գլխավոր դերակատարները միշտ մնում են իրենց դիրքերում։ Չէ՞ որ նրանց ռեյտինգը բարձր է՝ նրանց ձեռք տալ չի կարելի։

Շատ հետաքրքիր սերիալ է Ազգային ժողովը։ Այն նման է ամերիկյան «Կորուսյալներ» («Lost») սերիալին, որը մի քանի տարին մեկ նոր սեզոն է ունենում, գնալով ավելի անհասկանալի եւ մարազմատիկ է դառնում։ Բայց նոր եթերաշրջանից առաջ, միեւնույն է, մեծ հետաքրքրություն է առաջացնում հեռուստադիտողների շրջանում։ Այդ սերիալի հերոսները, մեր պատգամավորների նման, դուրս են զալիս եւ հետո կրկին ուզում են վերադառնալ այն կղզին, որի շնորհիվ նրանք դառել են հանրահայտ։ Այդ հերոսները մեր պատգամավորների նման չգիտեն՝ իրենք բախտակից ընկերնե՞ր են, թե՞ թշնամիներ, որոնք պահի տակ կարող են անգամ վերացնել միմյանց։ Նրանք անընդհատ կասկածում են միմյանց եւ իրար դեմ վարկաբեկող նյութեր են տարածում։ Ընդհանրապես, հայաստանյան քաղաքական դաշտը շատ հետաքրքիր է։ Այս կինոդարանում ոչ միայն սերիալներ են, այլեւ օսկարակիր ֆիլմեր։ Օրինակ, ՀՅԴ-ն նման է «Սանտա- Բարբարային»։ Շատ երկար է, գլխավոր պերսոնաժների քանակը՝ անչափ շատ, իսկ սցենարը գրեթե անփոփոխ է։ Տասնյակ տարիների ընթացքում ոչ մի նոր գաղափար եւ ոչ մի նոր սյուժետային գիծ։ Միայն վերջին 4-5 ամսվա ընթացքում նրանք փորձեցին խաղալ «Ռոբին Հուդ», բայց, ինչպես միշտ, ստացվեց «Ռոբի Հուդ»։ «Օրինաց երկիրը» սկզբից «Անգլիական պացիենտ» էր (որը կարելի է թարգմանել նաեւ «Անգլիական հաճախորդ»), բայց վերջին ընտրություններից հետո վերածվեց «Սպանված աղավնու»։ Ի դեպ, նման մի վերաիմաստավորում ապրեց նաեւ «Ժառանգություն» կուսակցությունը, որը սկզբից ստեղծված էր «Իմ ամերիկացի հայրիկը» ֆիլմի հիման վրա։ Սակայն վերջին շրջանում այդ կուսակցությունը դարձավ «Ամերիկյան ողբերգություն»։ Հանրապետական կուսակցության պարագայում միանշանակ գնահատական տալը շատ բարդ է։ Նրա մի մասը «Բրիգադա» է, մյուս հատվածը՝ «Զանգեզուր», իսկ երրորդ հատվածը՝ «Տաքսի «Էլի լավ ա» (հիմնականում՝ երթուղային տաքսի)։

«Բարգավաճ Հայաստանը»՝ «Կյանքի գնի» եւ «Իմ չաղ ու բախտավոր հարսանիքի» միքսված տարբերակն է, իսկ «Սիվիլիթասը», այսպես շարունակելու պարագայում, հավակնում է դառնալ «Էմիգրանտներ»։

«Ճակատագրի հեգնանքը» եւ «Ջարդված լապտերների փողոցը» ռուս կինեմատոգրաֆիստները նկարել են հատուկ ՀԱԿ-ի համար։ Թեեւ այն, ինչ անում է ՀԱԿ-ի առաջնորդը, ավելի շատ նման է «Բանականության խաղերի»։

Դավիթ Հակոբյանը (չեմ գրում Մարքսիստական կուսակցություն, քանզի նման կուսակցություն գոյություն չունի, կա միայն Դավիթ Հակոբյան) արդեն երկար ժամանակ է, ինչ «թռչում է կկվի բնի վրայով»։ Դե, իսկ Տիգրան Կարապետյանը իր «Ժողովրդական» կուսակցությունով դեռ չի կողմնորոշվել «Դիմա՞կ» է, թե՞ «Աֆերա»։ Իհարկե, նորաթուխ քաղաքական միավորումներն էլ դուրս չեն մնում այս ցուցակից։ Օրինակ, թվում էր, թե «Առաջադիմական» կուսակցությունը ավելի նման է «Ստրկուհի Իզաուրային», բայց պարզվեց, որ «ՁցտՏռ, պքպ Ցցտպպ» ֆիլմը ավելի մոտ է այդ կուսակցությանը։ Ի տարբերություն մնացածների, «Ազգային միաբանությունը» երաժշտական ֆիլմ է՝ «հՑՈՐօպ տպրվՌ Տ չսՈՉվՏՎ»։ Ընդ որում, նրանց երգերը նվիրվում են այն պաշտոնյային, ով այդ պահին է «չսՈՉվօ»-ն։

Եվ, այնուհանդերձ, վերջին շրջանում Հայաստանում ամենառեյտինգային սերիալը «Թուրքական գամբիտն» է, որին մասնակցում են գրեթե բոլորը։

Բայց հույս ունենանք, որ, ինչպես եւ բոլոր սերիալները, այս ամենը կավարտվի happy end-ով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել