Այսօր լրանում է «Հայելի» բանավեճի ակումբի հիմնադրման 4-ամյակը: «Հայելի» ակումբը, ինչպես նշում է հիմնադիր եւ վարող Անժելա Թովմասյանը, առանց թեմատիկ սահմանափակումների, շարունակելու է բարձրացնել քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային եւ այլ հարցեր: «Հայելի» ակումբը հավասարապես ներկայացնում է բոլոր ուժերին. շատերն են փաստում, որ այս ակումբում չկան տաբուներ՝ թեմաների եւ անձերի առումով: Գործում է նաեւ hayeli.am կայքէջը, որտեղ ամբողջությամբ զետեղվում են կայացած հանդիպում-բանավեճերի սղագրությունները, լրագրողների հարցերն ու պատասխանները: Հավանաբար, «Հայելիի» տիրուհու համար առանձնահատուկ խորհուրդ ունի հայելին. Կենտրոն TV-ով էլ ցուցադրվում է Ա. Թովմասյանի «Հայելու առաջ» ինքնատիպ հաղորդաշարը, որի «առանց փողկապի» ձեւաչափը հնարավորություն է տալիս հյուրին նախեւառաջ բացահայտել իբրեւ մարդ: Ա. Թովմասյանի հետ հարցազրույցը՝ վաղվա համարում: