«Նաբուկո» նախագծի մասնակիցներ՝ ավստրիական OMV եւ գերմանական RWE ընկերությունները ողջունել են ֆրանսիական ընկերությունների կողմից նախագծին միանալու ուղղությամբ դրսեւորած շահագրգռությունը: «OMV-ն եւ RWE-ն ողջունում են «Նաբուկո» գազատարի կառուցմանն ու սպասարկմանը մասնակցելու Ֆրանսիայի շահագրգռությունը»,- «Reuters» գործակալության մատուցմամբ, հայտարարել են հիշյալ ընկերությունները՝ առանց հիշատակելու ֆրանսիական այն ընկերությունների անունները, որոնք մտադիր են մասնակցություն ունենալ նախագծին: Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հետ հանդիպման ժամանակ հույս էր հայտնել, որ ֆրանսիական GDF Suez էներգետիկ ընկերությունը մոտ ապագայում կարող է միանալ Թուրքիայի տարածքով անցնող գազատարի կառուցման «Նաբուկո» նախագծին, որը նպատակ ունի նվազեցնել Եվրոպայի կախումը ռուսական գազից: Աղբյուրը միաժամանակ տեղեկացնում է, որ հնարավոր չի եղել այս հարցով մեկնաբանություններ ստանալ հենց GDF Suez ընկերությունից, որն այդ նախագծին մասնակցելու մտադրությունից հրաժարվել էր դեռ 2008թ.-ին՝ Անկարայի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով: Հիշեցնենք, որ «Նաբուկո» նախագծի բաժնետերերն են հունգարական MOL-ը, ռումինական Transgaz-ը, բուլղարական Bulgargaz-ը եւ թուրքական Botas-ը: