Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ն պատրաստ է ՌԴ-ի առաջ բացել իր միջուկային օբյեկտները

Հոկտեմբեր 15,2009 00:00

\"\"Վաշինգտոնը Ռուսաստանին առաջարկում է ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջուկային օբյեկտներում փորձագետների կողմից փոխադարձ ստուգումների համակարգ ներդնել: Այդպիսի նախաձեռնությամբ ամերիկյան կողմը հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ Մոսկվայում անցկացրած բանակցությունների ժամանակ: «Reuters»-ի մատուցմամբ, այդ նախաձեռնության մասին տեղեկությունները երեկ «Էխո Մոսկվի» ռ/կ-ին տված հարցազրույցում հաստատել է նաեւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Ամերիկյան կողմը հանդես է եկել ռազմավարական միջուկային սպառազինությունների մասին նոր պայմանագրի կատարման նկատմամբ երկկողմանի վերահսկողություն սահմանելու առաջարկով: «Մենք բաց ենք այդ հարցում եւ ուզում ենք, որ Ռուսաստանն էլ իմանա՝ մենք կատարում ենք պայմանագրի պայմանները, եւ որ մյուս կողմն էլ նույնքան ըմբռնում ցուցաբերի»,- ասել է Քլինթոնը: Նա պարզաբանել է, որ ստուգումների համակարգը, Միացյալ Նահանգների տեսանկյունից, պետք է լինի կնքված պայմանագրի բաղկացուցիչ մասը, որի նախապատրաստումը կողմերը հույս ունեն ավարտել մինչեւ այս տարվա դեկտեմբերի 5-ը:

Այս պայմանավորվածություններին զուգահեռ, սակայն, Ռուսաստանը մտադիր է վերախմբագրել իր «Ռազմական հայեցակարգը» եւ ճշտումներ կատարել հարվածային սովորական միջոցների օգտագործմամբ ագրեսիան դիմագրավելու ժամանակ միջուկային զենքի կիրառման պայմանների ցանկում: Ընդ որում, կոնկրետ դեպքում խոսքը վերաբերում է ոչ միայն լայնածավալ, այլեւ տարածաշրջանային եւ նույնիսկ լոկալ պատերազմներում միջուկային զենքի կիրառման հնարավորությանը: Այդ մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ասել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը:

Մոսկովյան այցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնը որեւէ կերպ չի մեկնաբանել Պատրուշեւի այդ հայտարարությունը, բայց փոխարենն ասել է, թե լինելով միջուկային տերություն, ԱՄՆ-ի ռազմական հայեցակարգում ոչ մի խոսք չկա Միացյալ Նահանգների կողմից ագրեսորին միջուկային կանխարգելիչ հարված հասցնելու հնարավորության մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել