Լրահոս
Օրվա լրահոսը

«Աղքատ տանը ամեն օր ծնունդ չեն անում…»

Հոկտեմբեր 15,2009 00:00

Ինչո՞ւ եթերում չկա «Հայ ասպետը»

Բավական երկար ժամանակ Հանրային հեռուստատեսության նոր եթերաշրջանի անոնսներում խոսվում էր «Հայ ասպետ»-ի մասին, սակայն եթերաշրջանը մեկնարկեց առանց «Հայ ասպետի»: Մի՞թե Հանրային հեռուստատեսության ամենից պահանջված հաղորդումներից մեկն այլեւս հեռուստալսարան չունի: Այցելելով հիմնադրամի գրասենյակ՝ հասկացանք, որ ամենօրյա աշխատանքային եռուզեռն այստեղ չի դադարել: Ինչո՞ւ է ուշանում «Հայ ասպետը»»՝ մեր այս հարցին հիմնադրամի տնօրեն Կարին Տոնոյանը պատասխանեց.

– Այդ հարցը մենք էլ ենք տալիս, եւ տալիս են մեզ ամեն օր զանգահարող հարյուրավոր հայեր ՀՀ բոլոր մարզերից, Արցախից ու Սփյուռքից: Վաղուց ամեն ինչ պատրաստ է նկարահանման համար: Նկարահանումը նշանակված էր դեռեւս ամսվա սկզբին, սակայն որոշվածից ընդամենը մի քանի օր առաջ պարզվեց, որ դեռեւս պարզ չէ՝ ինչ միջոցներով է նկարահանվելու խաղը: Բնականաբար, այնպիսի լայնամասշտաբ եւ ծախսատար ծրագիրը, ինչպիսին «Հայ ասպետն» է, չի կարող ապրել միայն գովազդատուների հույսով: Հանրությանը հայտնի է, որ նախորդ տարի հաղորդումը հիմնականում ֆինանսավորվում էր պաշտպանության նախարարության եւ «Beeline» ընկերության կողմից: Աջակիցների ցանկում, իհարկե, կային պետական այլ գերատեսչություններ եւս: Սակայն այս տարի, կապված բյուջեի սղության հետ, կրճատվեցին նաեւ «Հայ ասպետին» ցուցաբերված այդ աջակցությունները: Քանի որ նոր սերնդի հայրենագիտական կրթության առումով «Հայ ասպետը» բավական մեծ դեր խաղաց եւ անասելի հաջողության հասավ որպես հեռուստատեսային նախագիծ, հույս ունեինք, որ կրթության նախարարությունն ու Հանրային հեռուստատեսությունը մեր կողքին կլինեն եւ կաջակցեն, սակայն մինչ այսօր միայն խոստումներ ենք լսում, ու մինչ օրս դեռ հայտնի չէ՝ ո՞ւմ միջոցներով է ապրելու «Հայ ասպետը»:

– «Հայ ասպետի» եզրափակիչ խաղին իրենց մասնակցությունն էին ցուցաբերել անգամ ՀՀ նախագահն ու կաթողիկոսը: Մի՞թե այսօր խաղի ճակատագիրը չի մտահոգում մեր ղեկավարությանը:

– Մեզ հայտնի է, որ վերջերս հանրապետության «լավագույն» ճանաչված աշակերտների հետ նախագահի հանդիպման ժամանակ շիրակցի երեխաներից մեկը Սերժ Սարգսյանին դիմել էր «Հայ ասպետի» հետագա ճակատագրին վերաբերող հարցով: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նախագահը հայտնել էր խնդրին իր անտեղյակությունը եւ խոստացել, որ այդ հարցը դրական լուծում կստանա: Մենք նույնպես համոզված ենք, որ այդ հարցը դրական լուծում կստանա, եւ պետք է ստանա, քանի որ այսօր բոլորին է հայտնի, որ հրատապ խնդիր է դարձել երկրում ռազմահայրենասիրական դաստիարակության պակասը, որի ծրագրային իրականացման համար նույնիսկ ստեղծվել է միջգերատեսչական հատուկ հանձնաժողով՝ վարչապետի ենթակայությամբ:

– Հնարավոր համարո՞ւմ եք, որ կապված ֆինանսական ճգնաժամի հետ «Հայ ասպետի» նկարահանումը կարող է հետաձգվել մինչեւ «լավ ժամանակներ»:

– Իհարկե, որպես երկրի ճակատագրով մտահոգ քաղաքացիներ, յուրաքանչյուր հայ ասպետի այսօր հուզում է մեր երկրի վիճակը, սակայն տեսնելով, թե այս սուղ պայմաններում ինչ շքեղ ու անհարկի ծախսեր ենք մեզ թույլ տալիս, ակամա հարց է ծագում՝ ինչո՞ւ սուղ բյուջեից պիտի տուժի նոր սերնդի կրթությունն ու դաստիարակությունը: Եթե կարելի է միլիոնավոր դոլարներ ծախսել (իսկ դա տեսանելի է նույնիսկ անզեն աչքով) մեր միջոցառումներին արտասահմանյան երգիչ-պարողներին մասնակից դարձնելու վրա, ապա ինչո՞ւ չի կարելի դրա ընդամենը մի չնչին մասը տրամադրել սեփական սերունդը կրթելու գործին: Չպետք է մոռանալ, որ մենք միշտ պատերազմական իրավիճակում գտնվող երկիր ենք, եւ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը մեզ օդ ու ջրի պես անհրաժեշտ է: Չեմ կարծում, որ եթե վաղը, Աստված մի արասցե, նորից վտանգվեն մեր սահմանները, այդ երգիչներն են կանգնելու մեր սահմաններում: Իհարկե, սա չի նշանակում, որ Հայաստանում չպիտի լինեն տոներ կամ տոնակատարություններ, սակայն չէ՞ որ աղքատ տանը ամեն օր «ծնունդ» չեն նշում: Ախր, այդ շքեղությունը տեսնող երեխաներին ինչպե՞ս հավատացնես, որ մենք աղքատ ենք ու ձեր կրթության համար փող չունենք:

– Ձեր խոսքի մեջ կա՞ վիրավորանք:

– Իհարկե, կա, եւ դա Հայաստանի բոլոր մարզերից հազարավոր երեխաների վիրավորանքն է, որոնց այնքան է ոգեւորել «Հայ ասպետը», որ մինչեւ հիմա էլ, երբ հայտնի չէ «Հայ ասպետի» ճակատագիրը, շարունակում են կարդալ ու հույսով սպասել իրենց սիրելի հաղորդման մեկնարկին: Եթե փակվի «Հայ ասպետը», ուրեմն մեր երկրում խախտվում է երեխայի կրթության տարրական իրավունքը: Վիրավորանք կա նաեւ երեւանցի այն հարյուրավոր «Հայ ասպետների» կողմից, որոնք այսօր ազգային երգի-պարի, առասպելաբանության եւ հայոց պատմության իրենց ժամերը ստիպված են անցկացնել բուսաբանական այգում կամ այս կամ այն մշակույթի տանից մեկօրյա սրահ խնդրելով, իսկ հայ ասպետներին որեւէ տարածք տրամադրելու մեր խնդրանքին քաղաքապետարանը պատասխանեց, որ հայ ասպետների համար Երեւանում առայժմ տեղ չկա: Իմիջիայլոց, տարածքի համար մենք էինք վճարելու, ընդամենը խնդրել էինք պետական վճարաչափով տարածք տրամադրել:

– Այսքան անլուծելի թվացող խնդիրներ… չե՞ք հուսահատվում:

– Իհարկե՝ ոչ, ի տարբերություն շատերի, «Հայ ասպետներն» այս երկիրն իրենցն են համարում եւ դժվարություններն ու հոգսերն էլ են կիսում: Ինքներս ենք ընտրել այս ճանապարհը. գուցե, զավեշտական, բայց կարծես նաեւ օրինաչափություն դարձած լինի. մեր երկրում դժվար են ապրում նրանք, ովքեր փորձում են գոնե ինչ-որ բան անել:

Եվ հետո՝ սա էլ է դպրոց՝ հայ ասպետները սովորում են պայքարել իրենց իրավունքների համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել