«Կրթություն եւ կարիերա 2009» ցուցահանդեսի ժամանակ նրանք «ուսումնասիրեցին» միմյանց
Կրթական եւ գործարար աշխարհը ներկայացնող հաստատությունների տաղավարներ, լոգոներ, պաստառներ, բրոշյուրներ… Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի նախասրահները երեկ լի էին այս ամենով, քանի որ մեկնարկել էր «Կրթություն եւ կարիերա 2009» խորագրով 10-րդ հոբելյանական ցուցահանդեսը: ԿԳՆ-ի եւ «LOGOS EXPO Center» ընկերության նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումը կարծես կրթական հաստատությունների եւ գործարար հատվածի մերձեցման ցերեկույթ լիներ. նրանք շրջում էին միմյանց տաղավարներով, ծանոթանում ծրագրերին, կոորդինատներ փոխանակում: Ուղերձներից եւ ողջույններից հետո կատարվեց ցուցահանդեսի բացման արարողությունը: Ցուցահանդեսի տեղեկատվական հովանավոր «ՎիվաՍել-ՄՏՍ-ի» գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը լրագրողներին ասաց. «Տարեսկզբին մեր ընկերությունը ընտրել է տարբեր ուղղություններ, որոնցից մեկը երեխաներն ու երիտասարդներն են, կրթության հարցերը: Մենք բավականին փորձ ենք ձեռք բերել մեր գործունեության ընթացքում եւ սխալ կլինի այն պահել մեր ընկերության սահմաններից ներս: Դա պիտի փոխանցենք երիտասարդներին, ուսանողներին հնարավորություն տանք պրակտիկա անցնել, որ համալսարանում ստացած գիտելիքների վրա ավելացնեն գործնական հմտություններ: Նաեւ պիտի լաբորատոր միջավայր ստեղծենք, մասնագետներ տրամադրենք, որ բուհերում դասավանդեն եւ այդպիսով փորձը փոխանցեն: Ընկերությունում պրակտիկա անցնող երիտասարդները քիչ են, պիտի գնանք համալսարաններ եւ այնտեղ դասավանդենք, որ բոլոր ուսանողները օգտվեն»:
«ՎիվաՍԵլ-ՄՏՍ»-ը եւս ներկայանում էր իր տաղավարով՝ ներկայացնելով ընկերության կարիերայի զարգացման ծրագիրը:
Շրջելով տարբեր հաստատությունների տաղավարներում՝ նկատեցինք, որ պետական բուհերից, օրինակ, Բժշկական համալսարանը ներկայացված չէր: Փոխարենը ներկայացված էին ավագ դպրոցները: Զրուցեցինք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ներկայացուցիչ Սոնա Խաչատրյանի հետ: Նա նշեց. «Ցուցահանդեսին մասնակցում ենք բազում դիսկերով, էլեկտրոնային աշխատանքներով, ինչը արել ենք այս եւ անցյալ տարիներին: Ներկայացնում ենք մեր պատրաստած էլեկտրոնային հեքիաթների շարքը, էլեկտրոնային գրատախտակների օգտագործմամբ պատրաստված դասեր, մեր հայրենագիտական ճամփորդությունները, երաժշտական դիսկեր եւ այլն»:
«Առավոտի» մյուս զրուցակիցը Հայաստանում Ֆրանսիական համալսարանի արտաքին կապերի գծով պրոռեկտոր Արայիկ Նավոյանն էր: Նրանց ցուցադրությունում այս տարվա նորույթը մարքետինգի գծով մագիստրատուրայի նախապատրաստական բաժանմունքն էր: Պարոն Նավոյանի հետ խոսեցինք բուհ-գործարար աշխարհ կապի մասին: Նա նշեց. «Որոշ կրթական հաստատություններ հաճախ մեղադրում են գործարար աշխարհի ներկայացուցիչներին, թե նրանք իբր չեն ներկայացնում իրենց պահանջները: Մեր աշխատանքային փորձը ցույց է տվել, որ դա այդպես չէ: Բուհի խնդիրն է առավելագույնս հարմարվել գործատուի պահանջներին, որոնք կարող են լինել կարճաժամկետ, քանի որ երկարաժամկետ ներդրումներ գործարար աշխարհի ներկայացուցիչները այսօր, խնդիրներից ելնելով, չեն կարող անել: Գործարար աշխարհի հետ կապի ձեւ է ուսումնական պրակտիկան, որի դեպքում այդ հաստատություններին մենք խնդրում ենք մեզ ներկայացնել պրակտիկայի կոնկրետ առաջադրանք՝ գործառույթներով եւ ակնկալվող արդյունքներով, հետո մեզ մոտ մագիստրատուրայում դասերը կազմակերպվում են ժամը 17:00-ին, որպեսզի ուսանողները կարողանան ուսմանը զուգահեռ նաեւ աշխատել»:
ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնի տնօրեն Արմեն Եսայանցն էլ նկատեց. «Այս կարգի միջոցառումները, չնայած դիմորդների թվի առումով համալսարանին այնքան էլ շատ բան չեն տալիս, քանի որ Մայր բուհն այսօր ունի դիմորդների իր ուրույն դաշտը, բայց գործընկերության տեսանկյունից արդյունավետ են: Ինչ վերաբերում է բուհ-գործարար հատված կապին, ապա բուհերը պիտի ամեն ինչ անեն, որ շրջանավարտները համապատասխանեն աշխատաշուկայի պահանջներին: Իսկ բուհերի կարիերայի կենտրոնները աշխատանքի տեղավորման գործակալություններ չեն, այլ նրանք շրջանավարտներին տալիս են գիտելիքներ. ինչպես կարելի է, օրինակ, պատրաստվել հարցազրույցին, ինչպես ռեզյումե գրել, ունենալ պատասխանատվության զգացում եւ այլն»:
Հաշվապահական եւ բանկային ծրագրերի մշակմամբ զբաղվող «Հայկական ծրագրեր» ընկերության խմբի ղեկավար Վահագն Վասիլյանն էլ «Առավոտի» հետ զրույցում նկատեց. «Բոլոր այն հաստատություններում, որտեղ կան տնտեսագիտական, հաշվապահական ուղղություններ, կատարել ենք ներդրումներ. տրամադրել ենք համապատասխան մասնագետներ, կազմակերպել ուսումնական ցիկլեր: Բուհերին տրամադրում ենք մեր համակարգերը, որպեսզի մեր մասնագետների օգնությամբ բուհերում այդպիսի ծրագրերի տիրապետող մասնագետներ աճեն: Սա ընդունված պրակտիկա է ողջ աշխարհում»:
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն էլ հակառակն է անում: Գրասենյակ եկած պահանջները քննող մասնագետ Հրանուշ Աղայանը մանրամասնեց. «Բուհերից վերցնում ենք պրակտիկանտներ եւ փորձում կրթել նրանց: Կարդում ենք դասախոսություններ, մեր կողքին աշխատեցնում՝ մեզ անհրաժեշտ կադրերին ներգրավում մեր աշխատանքներում: Մեր ոլորտում պետք են նեղ մասնագիտական ֆինանսական գործիքներ, ֆինանսական օրենսդրություն, իսկ բուհերից եկած ուսանողները, ցավոք, հիմնականում ստանում են ընդհանուր գիտելիքներ»: