Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈՐ ՕՐԱԿԱՐԳ՝ ՀԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ

Հոկտեմբեր 15,2009 00:00

\"\"Հայ-թուրքական խնդրով «ներքին քննարկումները» ցույց տվեցին Հայաստանում քաղաքական համակարգի բացակայությունը

Հոկտեմբերի 10-ին ավարտվեցին, այսպես կոչված, ներքին քննարկումները (իհարկե՝ պայմանականորեն): Եվ հիմա ճիշտ ժամանակն է, որպեսզի փորձենք պարզել, թե դրանք ինչ տվեցին Հայաստանի քաղաքական դաշտին, հասարակությանը, ձեւավորեցի՞ն, արդյոք, քաղաքական օրակարգ, հասարակական ակնկալիքներ, կողմնորոշումներ:  Հայ-թուրքական Արձանագրությունների շուրջ քննարկումները զուրկ էին բովանդակային բաղկացուցիչից, քաղաքական օրակարգից: Հաշտեցման կողմնակիցներին «իշխանամետ», իսկ հակառակորդներին «ընդդիմադիր» որակելը՝ խիստ պարզունակ, իրականության հետ որեւէ աղերս չունեցող ջրբաժան է: Էլ չեմ խոսում այն մասին, որ բանավիճող կողմերը չխորշեցին միմյանց «տականք» կամ «քիրվա» որակելուց: Սա առնվազն խոսում է այն մասին, որ մեր քաղաքական ընտրանին պատրաստ չէր նման բարդ խնդրի քննարկմանը: Երկրի ներսում «սահմաններ» գծելով, ընդդիմախոսիդ որակումներ կպցնելով՝ ընդամենը փաստում ես կենսունակ, մրցակցային համակարգ ստեղծելու անկարողությունդ: Նման պարագայում չի կարող ստեղծվել քաղաքական այն օրակարգը, որը թույլ կտա ձեւակերպել եւ լուծել որեւէ ռացիոնալ խնդիր:

Ինչո՞ւ, այնուամենայնիվ, Հայաստանում չի ձեւավորվում քաղաքական համակարգ, որը կարեւոր նախապայման է մրցակցային միջավայր ձեւավորելու, կոնսենսուսների մեխանիզմ ստեղծելու համար: Փորձենք խնդիրը քննարկել հենց վերջին քննարկումների համատեքստում: Դրանք լավագույնս ի ցույց դրեցին Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական նախաձեռնությունների, ցանկությունների եւ մեր քաղաքական համակարգի որակի կոնտրաստը: Իշխանության այսօրվա համակարգը, որի ձեւավորման հարցում, անշուշտ, միակ մեղավորը գործող նախագահը չէ՝ օժտված է խիստ սահմանափակ, այն էլ՝ առօրեական խնդիրներ լուծելու կարողությամբ: Դրանք են՝ համակարգի պահպանումն ու վերարտադրությունը (մեթոդները, տվյալ պարագայում, էական չեն), իրական ընդդիմության բացառումը, տնտեսության եւ ուժային մարմինների վերահսկողությունը, ֆինանսական հոսքերի վերահսկումը: Ավելի բարդ խնդիր մինչ այժմ այս համակարգը չի առաջադրել ու չի լուծել: Պատահական չէ, որ Սարգսյանի արտաքին նախաձեռնությունները, մեծ հաշվով, անակնկալ էին նաեւ սեփական թիմի համար, ու նույնքան օրինաչափ է, որ իշխանության ներկայացուցիչներն ավելի հաճախ հանդես էին գալիս ոչ այնքան կոնկրետ դիրքորոշմամբ, այլ՝ հղում էին անում իրենց առաջնորդին, համատեքստից դուրս կրկնում նրա այս կամ այն ձեւակերպումը: Օրինակ, բավական է լսել ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի մի քանի ելույթ՝ հայ-թուրքական հարաբերությունների համոզված հակառակորդ դառնալու համար: Կամ՝ ինչ արժեք ունեին ակադեմիկոսների ու տարբեր կարգի «մտավորականների» ներբողները:

Լավագույն դեպքում՝ իշխանության ներկայացուցիչները խնդիրը տեղափոխում էին սահմանը բացել-չբացելու պարզունակ հարթություն: Իսկապես՝ գործող նախագահը հայտնվել է մի տեսակ քաղաքական մենության մեջ. մի կողմից՝ անսպասելի լավ ձեւակերպված, համարժեք ելույթներ, հարցազրույցներ, որոնք համոզիչ են դարձնում Սարգսյանի արտաքին քաղաքական մտադրությունների հետեւողականությունը, մյուս կողմից՝ իշխանություն (ավելի ճիշտ՝ ադմինիստրատիվ համակարգ), կուսակցություն, կոալիցիա, որոնց պատկերացումները, վարքագիծը հակոտնյա են առկա խնդիրներին:

Ժամանակն է, որ գործող նախագահը գիտակցի ներքին եւ արտաքին քաղաքականության կապը. այս որակի իշխանությամբ հնարավոր չէ ապահովել երկրի զարգացումը, արտաքին քաղաքականության մեջ «բաց սահմանների քաղաքականությունը» կունենա բովանդակություն, եթե զուգահեռաբար հենց երկրի ներսում քանդվեն «խրամատները»: Մի խոսքով՝ հայ-թուրքական գործընթացը պետք է խթան հանդիսանա քաղաքական, տնտեսական բարեփոխումների, մրցունակ համակարգի ձեւավորման համար: Շատերն ասում են, որ դա հակոտնյա է նաեւ նախագահի շահերին: Միգուցե: Սակայն այդ պարագայում քաղաքացին օտարվում է պետությունից, իրենը չի համարում նույնիսկ ամենալավ ձեռնարկը, նախաձեռնությունը՝ իշխանության «հույսը» թողնելով ուժայինին, պալատական մտավորականին, տարբեր կարգի ու տարիքի «կոմսոմոլներին»:

Հայ-թուրքական Արձանագրությունների նախաստորագրումից հետո՝ առիթ ունեցել եմ խոսելու ՀԱԿ-ի լակոնիկ, սակայն՝ հավասարակշռված հայտարարության մասին: Սակայն այդ հայտարարությունը զարգացնել, քաղաքական օրակարգ ձեւակերպել էր պետք: Երկրի գլխավոր ընդդիմադիր ուժը գնաց հակառակ ճանապարհով. սեպտեմբերի 18-ի հանրահավաքում առաջին նախագահը հանդես եկավ փաստարկված վերլուծությամբ, սակայն Կոնգրեսը կիրառական քաղաքականության հարթությունում իրեն դուրս դրեց գործընթացից: Ժամանակի ընթացքում՝ ՀԱԿ-ի տարբեր կուսակցություններ, գործիչներ արտահայտեցին տրամագծորեն տարբեր, իրարամերժ դիրքորոշումներ: ՀԱԿ-ն ակնհայտորեն խուսափեց միասնական դիրքորոշում ձեւակերպելուց (դրա բովանդակությունն առայժմ չկարեւորենք)՝ դա պատճառաբանելով տեխնոլոգիական դաշինք լինելու հանգամանքով:

Այս թեզն այլեւս ժամանակավրեպ է, որովհետեւ Հայաստանի քաղաքական օրակարգում արտաքին քաղաքական խնդիրների դոմինանտությունը հրամայական է դարձնում մարտավարական որոշակի փոփոխությունները քաղաքական բոլոր սուբյեկտների մոտ: Ավելին՝ շաբաթների ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմը մերժողական կեցվածք որդեգրեց Արձանագրությունների նկատմամբ (դրա լավագույն ապացույցը՝ ՀԱԿ-ի հոկտեմբերի 12-ի հայտարարությունն է, որում, սակայն, ավելի շատ քննարկվում է Ս. Սարգսյանի քաղաքականությունը, վարքագիծը, քան՝ Արձանագրությունների բովանդակությունը: Շրջանցվում է կարեւոր մի հարցի պատասխան՝ ի՞նչ է լինելու հայ-թուրքական գործընթացի հետ, եթե, ենթադրենք, հրաժարական տա գործող նախագահն ու իշխանության պատասխանատվությունը ստանձնի ՀԱԿ-ը)՝ տեղի տալով որոշների անհեթեթ պնդումներին, թե այլ դիրքորոշումը հասարակական գիտակցության մեջ նույնացնում է իշխանություններին եւ ՀԱԿ-ին:  ՀԱԿ-ը, խուսափելով հստակ քաղաքական դիրքորոշումից եւ քննարկումներին, ըստ էության, մասնակցելուց, հիմքեր ստեղծեց մի շարք ենթադրությունների ու պնդումների համար:

Առաջին՝ ՀԱԿ-ը խուսափում է ԼՂ խնդրում ու հայ-թուրքական գործընթացում պատասխանատվության ստանձնումից: Եթե այս պնդումը ճիշտ է, ուրեմն՝ գործող ընդդիմությունը հրաժարվում է նաեւ ապագայում իշխանություն ձեւավորելու հայտից, որովհետեւ անկարելի է նման հավակնություններ ունենալ՝ առանց երկրի համար կենսական խնդիրների շուրջ հստակ, սեփական հասարակության եւ աշխարհի համար ընկալելի դիրքորոշումներ ունենալու:

Երկրորդ, նման վարքագծով՝ հայ-թուրքական Արձանագրությոնների վերաբերյալ հստակ դիրքորոշում չարտահայտելով, ՀԱԿ-ը իրենից հավասարապես վանում է հասարակության թե՛ ազատական եւ թե՛ ազգայնական խմբերին, որոնք այլ ֆորմատներ են փնտրում իրենց ռեալիզացնելու համար:

Երրորդ, ՀԱԿ-ի ռացիոնալ դիրքորոշման բացակայությունը մարգինալացնում է գործող ընդդիմությանը՝ հաշտեցման կողմնակիցներ-հակառակորդներ կոնֆիգուրացիայում արձանագրելով նրա բացակայությունը: Պատահական չէ, որ վերջին օրերին քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածը փորձում է զբաղեցնել, այսպես կոչված, «ազգային» բեւեռը:

Ակնհայտ է, որ մինչեւ Արձանագրությունների խորհրդարանական վավերացումը ՀԱԿ-ը պետք է ձեւավորի հստակ դիրքորոշում՝ կոնկրետ քաղաքական պրոցեսների հանդեպ: Առաջին հերթին՝ հասարակության համար: Հակառակ պարագայում՝ ներկոնգրեսային հակասությունները կարող են առարկայանալ՝ կոնսոլիդացնող մոտիվների առանց այն էլ ոչ այնքան տեսանելի լինելու համատեքստում:

Գործող իշխանության որակը եւ ընդդիմության կամավոր ինքնամեկուսացումը գործընթացից՝ նպաստեցին, այսպես կոչված, ազգային ուժերի կոնսոլիդացիային: ՀՅԴ նախաձեռնությամբ՝ 12 քաղաքական ուժեր հանդես եկան Արձանագրությունները դատապարտող հայտարարությամբ, անցկացրին համատեղ հանրահավաք՝ քննադատության թիրախ դարձնելով իշխանություններին, հատկապես՝ Կոնգրեսին:

Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմի եւ գաղափարների քաղաքական ռեստավրացիայի փորձ: Նոր միավորման ազգայնական, պոպուլիստական կարգախոսները նորություն չեն, դրանք պետական քաղաքականության մակարդակի էին բարձրացվել 1918-1920թթ.-ին եւ 1998-2008թթ.-ին՝ մի դեպքում հանգեցնելով Հանրապետության անփառունակ կորստին, տխրահռչակ պայմանագրերի ստորագրման, մյուս դեպքում Հայաստանի կատարյալ մեկուսացման՝ տարածաշրջանային բոլոր նախագծերից, ֆորպոստային կախվածության՝ Ռուսաստանից:

Առիթ ունեցել եմ հանգամանալից հակադարձելու Արձանագրությունների դեմ բերված փաստարկներին: Չկրկնվելու համար ուզում եմ անդրադառնալ նորաթուխ «հայրենասերների» կողմից շրջանառու դարձված ընդամենը մեկ դիտարկման. նրանք իրենց համարում են «հայաստանակենտրոն»՝ հակադրության մեջ մտնելով հաշտեցման կողմնակիցների հետ, ում անվանում են ,քիրվաե: Տեղին է հիշել, որ այս ձեւաչափի կարկառուն գործիչներից մեկը՝ դաշնակցական Վահան Հովհաննիսյանը, տարիներ առաջ հստակ ձեւակերպել է հարեւան երկրների հետ հարաբերությունների իրենց բանաձեւը՝ «մեկ սահման, երեք ճակատ» կարգախոսով: Սա «խրամատային» Հայաստանի բանաձեւն է, որը ենթադրում է արտաքին թշնամիների առկայություն: Ինքնին հասկանալի է, որ Հայաստանը պարզապես չունի սեփական ռեսուրսներ՝ հարեւանների հետ հակադրության միջավայրում զարգանալու կամ, ինչպես Վարդան Օսկանյանը կասեր՝ «վագրային թռիչք» ապահովելու համար: Նման շռայլություն մեզ կարող է ապահովել միայն երրորդ երկիր՝ մեր ֆորպոստ լինելու, Հայաստանի իրական անկախության կորստի գնով: Նման Հայաստանի տեսլականը որեւէ աղերս չունի հայաստանակենտրոնության հետ: Ավելին՝ բոլոր այն ուժերը, որոնք, ըստ էության, դեմ են արտահայտվում հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը, ԼՂ հակամարտության կարգավորմանը, այլ խոսքով՝ դեմ են հարեւան երկրների հետ բնականոն հարաբերությունների հաստատմանը՝ դեմ են Հայաստանի անկախությանը: Անկեղծ ասած՝ նման մոտեցումը խորթ չէ այն կազմակերպություններին, որոնք Հայաստանը նույնացնում են գաղթօջախների հետ:

Մյուս կողմից՝ ազգային բեւեռ կոչված համախումբը՝ չնչին բացառություններով, կազմված է ուժերից ու գործիչներից, որոնց պատկերացումները՝ նշանային մի շարք  ներքին հարցերի վերաբերյալ, անթաքույց տոտալիտար են, հենվում են նույն բռնության ու կոշտ  ուժի գաղափարի վրա:   Խիստ հետաքրքիր է նոր ընդդիմության հայտ ներկայացրածների մոտեցումը. նրանք ժողովրդին հուզող հարցերը տարանջատում են «ազգայինի» ու «ժողովրդավարականի»՝ իշխանությանն ընդդիմանալով բացառապես առաջին մասով: Մինչդեռ՝ ազգային են հասարակությանը հուզող բոլոր հարցերը՝ սկսած աշխատանքի, իրավունքի հարցից, վերջացրած՝ արտաքին քաղաքական օրակարգը:

Հայ-թուրքական գործընթացը շատ ավելի լայն է, քան՝ սահմանի բացումը կամ նույնիսկ՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը: Այն նախեւառաջ դիալոգի հնարավորություն է ստեղծում, ընդ որում՝ բազմահարթակ: Դիալոգը նշանակում է՝ ծրագրերի, մոտեցումների բախում, համաձայնությունների ու մրցակցության կայացման հնարավորություն: Հայաստանի համար այս գործընթացը կարեւոր է՝ իր քաղաքակրթական վեկտորը որոշելու, աշխարհի հետ հարաբերվելու առումով, երկրի ներսում՝ մեր քաղաքական օրակարգը հստակեցնելու բացառիկ հնարավորություն է ստեղծվել: Բացառիկ՝ մեր պետության 18-ամյա կենսագրության համար: Անցած վեց շաբաթներին այդ հնարավորությունից չօգտվեցինք: Մեկի համար իշխանություն պահելը, մյուսի համար՝ դրան տիրանալն էր կարեւոր, երրորդի խնդիրը՝ քաղաքական կապիտալը դրամի, գաղթօջախներից եկող դրամի վերածելն է: Այլապես՝ «գենետիկ անհամատեղելիության» գծով Քոչարյանի երեկվա դաշնակիցն այսօր նույն ջերմեռանդությամբ չէր գովերգի Ս. Սարգսյանի «բաց սահմանների» քաղաքականությունը, երեկվա «հաշտարարը» «ոչ»-ի ցուցապաստառ չէր բռնի Սեֆիլյանի բողոքի ցույցին, իշխանության ռեսուրսով միտինգի մարդ բերող դաշնակը չէր ընդդիմանա նույն այդ իշխանությանը:

Բայց ես լավատես եմ եւ կարծում եմ, որ քաղաքական օրակարգ ձեւավորելու հնարավորություն դեռ ունենք: Ես, օրինակ, հայ-թուրքական հարաբերությունների գործընթացն առավելապես կարեւորում եմ երկու պատճառով:

Առաջին՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը լուծում է Հայաստանի ապագաղութացման խնդիրը: Ֆորմալ առումով՝ մեր երկիրն իր անկախությունը հռչակել է 1991-ին, սակայն իրական անկախություն մենք չենք ունեցել. հարեւան երկրների հետ հակամարտության մեջ լինելը եւ փակ սահմանների առկայությունը մեզ կախվածության մեջ են պահել Ռուսաստանից: Բաց սահմանների առկայությունը մեծացնելու է մանեւրելու մեր հնարավորությունը՝ անվտանգության երաշխիք դարձնելով ոչ թե օտարի ռազմական ներկայությունը, այլ՝ հարեւանների հետ բնականոն հարաբերությունների ստեղծումը, տարածաշրջանի բոլոր երկրների ընդհանուր շահերն ու նպատակները:

Հոդվածը տպագրվում է զգալի կրճատումներով: Ամբողջությամբ հոդվածը զետեղված է նաեւ www.prm.am կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել