Լրահոս
Օրվա լրահոսը

Շտաբներով՝ մկների դեմ

Հոկտեմբեր 15,2009 00:00

Այս տարվա մայիսի 30-ին, հենվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի տեղեկատվության գլխավոր վարչության տեղեկությունների վրա, «Նախագահն՝ ընդդեմ մկների» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում վնասակար միջատների եւ կրծողների դեմ պայքարին եւ գյուղատնտեսությանը սպառնացող վտանգը չեզոքացնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքը համարել է անբավարար: Այն ժամանակ Բակո Սահակյանը անհրաժեշտ էր համարել ստեղծել աշխատանքների համակարգման շտաբ՝ բարձրացված հարցերին հնարավորինս կարճ ժամկետներում լուծում տալու վերաբերյալ:

Իսկ հոկտեմբերի 13-ին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն է խորհրդակցություն անցկացրել՝ հանրապետության հողահանդերում մկնակերպ կրծողների սաստկացող վարակի կապակցությամբ:

Ղարաբաղի կառավարության տարածած տեղեկությունների համաձայն, ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արմո Ծատուրյանը ասել է, որ, ըստ ուսումնասիրությունների, «մկնակերպ կրծողների վարակը կրում է ընդհանուր բնույթ, եւ անհրաժեշտ է անհապաղ սկսել դրանց դեմ պայքարը»:

Ինչպես եւ նախագահը, վարչապետն էլ է խոսել համալիր միջոցառումների անցկացման անհրաժեշտության մասին, ինչի համար պետք է ստեղծել հատուկ շտաբ: Ղարաբաղում մտադիր են առաջին հերթին մշակել գյուղերին հարակից բոլոր տարածքները եւ աշնանավար անցկացնել: Ընդդեմ կրծողների պայքարի շրջանակներում, վարձակալած վարելահողերի տերերը կազատվեն վարձավճարից:

Արա Հարությունյանին, ինչպես եւ Բակո Սահակյանին չի բավարարում ընդհանուր պատկերը եւ նա, ինչպես մայիսին՝ նախագահը, պատկան կառույցների ղեկավարներին հատուկ հանձնարարականներ է տվել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել