Լրահոս
Օրվա լրահոսը

Կանայք՝ վասն կանանց

Հոկտեմբեր 15,2009 00:00

Սյունիքում պայքարում են գենդերային հավասարության համար

\"\"«Կապանի կանանց ռեսուրս կենտրոն» հասարակական կազմակերպությունը, ստեղծվելուց ի վեր, նպատակ է հետապնդում նպաստել կնոջ դերի բարձրացմանը տարածաշրջանում եւ մասնավորաբար աշխատանքներ են տարվում այսօրվա աշխատաշուկայում կանանց մրցունակության բարձրացման ուղղությամբ:

Հ/կ-ն իր գործունեությունը սկսել է 2009 թվականի հուլիսի 15-ից, իսկ պաշտոնական բացումը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ին: Երկուսուկես ամսվա ընթացքում մի շարք դասընթացներ է կազմակերպել ավելի քան 50 կանանց համար եւ առաջիկայում էլ նախատեսում է իրականացնել տարբեր ծրագրեր, որոնց կարող են մասնակցել Կապանի եւ տարածաշրջանի գյուղերի իգական սեռի ներկայացուցիչները՝ առանց տարիքային սահմանափակման: Առաջիկայում նախատեսվող ծրագրերից մեկի շրջանակներում հ/կ-ն հանդես կգա միջնորդ կազմակերպություն՝ վարկեր տրամադրող կազմակերպությունների եւ բիզեսով զբաղվել ցանկացող կանանց միջեւ: «Կապանի կանանց ռեսուրս կենտրոնը» համագործակցում է մի շարք տեղական կառույցների, Մեղրիում եւ Գորիսում գործող նմանատիպ կենտրոնների հետ:

Հոկտեմբերի 17-ին այդ կառույցների համատեղ ուժերով առաջին անգամ Կապանում կազմակերպվելու է Զանգեզուրը բնութագրող եզակի ցուցահանդես-վաճառք, որտեղ կներկայացվեն սյունեցի կ անանց ձեռքի աշխատանքներն ու անուշահամ ճաշատեսակները: Ցուցահանդեսը կկայանա Գորիսի կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի նախաձեռնությամբ եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ:

«Կապանի կանանց ռեսուրս կենտրոն» հ/կ-ի նախագահ Նարինե Խլոպուզյանը նշում է, որ իրենց կազմակերպությունը տարբերվում է ներկայումս գործող բազմաթիվ հ/կ-ներից. «Այսօրվա դրությամբ շատ հ/կ-ներ կան, որոնք մշակում են ծրագրեր, բայց համապատասխան ֆինանսավորում չունենալու պատճառով դրանք թղթի վրա են մնում, իսկ մեր հնարավորություններն ու ցանկությունները համատեղ են: ԵԱՀԿ-ի կողմից հ/կ-ն պարբերաբար կֆինանսավորվի եւ, որ ամենակարեւորն է՝ մեր գործունեությունը ճիշտ ուղիով ենք տանում»:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը ուսումնասիրություններ էր իրականացրել Հայաստանի մարզերում եւ արդյունքում որոշվել է գենդեր ծրագիրն իրականացնել հենց Սյունիքի մարզում: Ծրագրի նպատակն է մարզում նպաստել գենդերային հավասարության քաղաքականության իրականացմանն ու աջակցել կանանց քաղաքական եւ հասարակական ակտիվության բարձրացմանը:

Նախատեսվում է Մեղրու, Կապանի եւ Գորիսի կանանց ռեսուրս կենտրոններից բացի՝ նման մեկ կենտրոն էլ ստեղծել Սիսիանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել