Աղանդները ազատորեն գործում են Հայաստանի եւ հայության հոգեւոր կենտրոնում եւ, ըստ հոգեւորականի՝ գողանում մեր զավակներին:
Վերջին օրերին Էջմիածնի դպրոցների եւ կրթական այլ հաստատությունների պատերին գայթակղիչ հայտարարություններ են հայտնվել, ուր նաեւ շարադրությունների մրցույթի մասնակցելու հրավեր կա: Հայտարարության հեղինակը իրեն ԱՀՔ «Միաբանություն» եկեղեցի անվանող կազմակերպությունը կամ շարժումն է եւ հայտարարությամբ հավաստիացնում է, որ մրցույթն անցկացվում է «Հայաստանը Քրիստոսի համար» ծրագրի շրջանակներում:
Գայթակղիչն այստեղ դրամապարգեւն է, որը «Միաբանություն» եկեղեցու հետնորդները խոստանում են հաղթողներին: Ըստ հայտարարության՝ 70.000 դրամ կշահի առաջին, 45.000 դրամ՝ երկրորդ, եւ 25.000 դրամ՝ երրորդ մրցանակի արժանացածը: Գումարից բացի, հայտարարության հեղինակները հաղթողներին նաեւ քրիստոնեական հոգեւոր գրականություն են խոստանում: Իսկ շարադրությունների թեմաները երեքն են. «Ինչո՞ւ եմ հավատում Աստծուն», «Ինչո՞ւ չեմ հավատում Աստծուն», «Հավատում եմ Աստծուն, բայց…»:
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոն ահազանգած որոշ ուսուցիչներ նույնիսկ տեսել են, թե ինչպես են ԱՀՔ «Միաբանություն» եկեղեցու ներկայացուցիչները «պաշարում» դպրոցները, հերթապահում դպրոցամերձ տարածքներում՝ վերոհիշյալ բովանդակությամբ թռուցիկները երեխաներին բաժանելու համար: «Նրանց նպատակն է իրենց ցանցը գցել հենց մատաղ սերնդին, ում՝ իրենց հավատքի մեջ դեռեւս լիովին չձեւավորված լինելն ինչ-որ իմաստով խոցելի է դարձնում: Զարմուհիս էլ էր գայթակղվել, բայց, երբ հայտարարության տեքստն ամբողջությամբ կարդացինք ու հասկացանք, որ գործ ունենք աղանդի հետ, երեխան ետ կանգնեց մրցույթին մասնակցելու որոշումից»,- ասաց Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի պատասխանատու Գյուլզար Գրիգորյանը: Կենտրոնում հակված են ԱՀՔ «Միաբանության» քայլերը հոգեորսություն որակել:
Գյուլզար Գրիգորյանի կարծիքով՝ շարադրությունների թեմաներն ընտրելիս հոգեորսները շեշտը դրել են հատկապես երրորդ տարբերակի վրա. «Ի՞նչ է նշանակում՝ հավատում եմ Աստծուն, բայց… Ես վստահ եմ, որ նրանք ընտրելու են հենց այս տարբերակին նախապատվություն տված երեխաներին, քանի որ նրանց մեջ չկողմնորոշված ինչ-որ բան են տեսնելու ու հենց դրա վրա էլ աշխատելու են: Հենց դա էլ դառնալու է այն խայծը, որի վրա հենվելու են»:
Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Վարդան աբեղա Նավասարդյանն էլ ասաց, որ ահազանգն ստանալուն պես, իրենք խմբեր են կազմել եւ այցելել քաղաքի ուսումնական հաստատություններ, շրջայցեր կատարել բազմամարդ վայրերում. «Խնդիրն այն է, որ նրանք արդեն մուտք են գործել հոգեւոր քաղաք: Նույնիսկ այնքան լավ են տեղեկացված քաղաքի կյանքին, որ հայտնվում են հատկապես այն ժամանակ, երբ որեւէ միջոցառում կա ու փողոցները բազմամարդ են: Օրինակ, նախապես իմանալով, որ Էջմիածնի տոնի օրը դպրոցականների քայլերթ է նախատեսվում, հայտնվել էին հատկապես այդ խմբերի հետ աշխատանք տանելու նպատակով: Նրանք գողանում են մեր զավակներին»:
Առաքելական եկեղեցու սպասավորները տոնակատարության ժամանակ բազմության մեջ գտել եւ կանխել են հոգեորսների ապօրինի գործունեությունը, որոնք «գառան մորթու տակ գայլություն էին անում»՝ թռուցիկներ տարածելով: «Ես նույնիսկ նրանց ճանապարհեցի մինչեւ իրենց մեքենան ու ասացի, որ այստեղ անելու ոչինչ չունեն»,- ասաց աբեղա Նավասարդյանը:
Հոգեւորականի փոխանցմամբ՝ իրենք ուսումնասիրել եւ պարզել են, որ ԱՀՔ «Միաբանություն» եկեղեցին, որի էլեկտրոնային հասցեում «Էմանուել» անունը կա, սերված է «Կյանքի խոսք» աղանդից. «Նրանց բացատրեցի, որ իրենք կրթական ոլորտ են մտել օրենք խախտելով: Ասացի՝ եթե ուսումնական հաստատություններում կրոնական թեմայով որեւէ մրցույթ է կազմակերպվում, ապա դա պետք է արտոնված լինի եւ՛ Մայր աթոռի, եւ՛ ԿԳ նախարարության կողմից: Անգամ, եթե մենք էլ ենք դպրոցներում մրցույթներ կազմակերպում, անպայման համաձայնեցնում ենք նախարարության հետ: Այսինքն՝ համագործակցում ենք պետության հետ: Բայց իրենք կրթական համակարգ էին մտել անօրեն: Դա էլ հենց պատճառ հանդիսացավ, որ կասեցնենք նրանց գործունեությունը»:
Նկատենք, որ կասեցում ասվածը խիստ հարաբերական է, որովհետեւ չկա որեւէ երաշխիք, որ ինչ-որ մի դպրոցում կամ դրան մերձ տարածքում հոգեորսներն իրենց սեւ գործն այս պահին էլ չեն անում: Հոգեւորականը նկատեց, որ իրենց ուժերը բավարար չեն հոգեորսների վտանգավոր գործունեությունը մեկընդմիշտ կանխելու համար: «Մենք որքան էլ աշխատանք իրականացնենք կրթական ու նախակրթական հաստատությունների մոտ, արդյունք չի տա, մինչեւ որ պետական լծակները գործի չդրվեն: Ես տեսա, թե ինչպես էր այդ աղանդին հարող կինը մեկ ուրիշ կնոջ ասում, որ եթե չհետեւի իրենց՝ Աստծո արքայություն չի գնա: Սա արդեն խոսում է հոգեբանական ճնշման մասին, երբ հավատում կամ պաշտում են ոչ թե գիտակցաբար, այլ՝ վախից դրդված»,- եզրափակեց Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրենը:
Եվ որպեսզի աղանդների դեմ պայքարն արդյունավետ լինի, Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը գրությամբ դիմելու է ազգային անվտանգության եւ իրավապահ մարմիններին:
Հ. Գ. Նյութն արդեն պատրաստ էր տպագրության, երբ էլեկտրոնային նամակ ստացանք Էջմիածնի ուսուցիչներից, ովքեր բողոքում էին ԱՀՔ «Միաբանության» դեմ, նրանց գործունեությունը որակում ազգի միասնությունը խարխլող եւ պահանջում պատժել նրանց: Նկարում ուսուցիչներից ստացված նամակն է: