Լրահոս
Օրվա լրահոսը

Օտարում են ջրի գնով

Հոկտեմբեր 15,2009 00:00

Հալիձորցիներին չեն թողնում մտնել իրենց պատկանող տարածք

«Առավոտի» (08.10.2009) «Հալիձորցիները կառավարության դեմ» հոդվածում ընթերցողին ներկայացրինք Հալիձոր գյուղի 12 բնակիչների հայցը՝ ընդդեմ ՀՀ կառավարության, որով վիճարկվում է կառավարության 26.06. 09թ. թիվ 944-Ն որոշումը:

Այդ որոշմամբ գերակա հանրային շահ է ճանաչվել 12 հալիձորցիներին պատկանող մոտ 45.697 քմ հողամասը:

Կառավարության որոշմամբ հողամասը ձեռք բերող «Իստեյտ մենեջմենթ ընդ ադմինիսթրեյշն քամփանիե» ՓԲԸ-ն կամ նրա կողմից վարձված շինարարական կազմակերպությունն առանց հողամասի սեփականատերերին նախնական համարժեք փոխհատուցում տալու՝ մտել է նրանց հողամասեր եւ հողաշինական աշխատանքներ սկսել, ավելին՝ սեփականատերերին թույլ չի տալիս մտնել իրենց հողամասերը, իսկ Սյունիքի մարզպետի անունից հանդես եկող անձինք արդեն մեկ տարի է հալիձորցիներին տարբեր ձեւերով ստիպում են հողամասերը (1քմ-ն 100 դրամով) վաճառեն իրենց: Ըստ հայցվորների, այդ արժեքը մի քանի անգամ ցածր է հողամասի կադաստրային արժեքից, էլ չենք ասում շուկայական արժեքի մասին:

Հալիձորցիների փաստաբան Կարեն Մեժլումյանը պարզելու համար, թե հողամասի կադաստրային արժեքը որքան է կազմում, ինչպես նաեւ կադաստրում ձեռք բերողի իրավունքները գրանցվե՞լ են, թե՝ ոչ, հարցում է արել Կադաստրի Գորիսի տարածքային ստորաբաժանում եւ օրերս պատասխան է ստացել այն մասին, որ հողամասերի նկատմամբ գրանցված է միայն հալիձորցիների սեփականության իրավունքը եւ այլ անձի որեւէ իրավունք գրանցված չէ:

Ըստ փաստաբան Կարեն Մեժլումյանի, ստացվում է, որ Հայաստանի Հանրապետությունում եւ հատկապես Սյունիքի մարզում սեփականության իրավունքը որեւէ ձեւով պաշտպանված չէ, հողամասերի նկատմամբ գրանցված իրավունք չունեցող կազմակերպությունը մտել եւ հողաշինական աշխատանքներ է կատարում հալիձորցիների հողամասերում՝ վերջիններիս թույլ չտալով մտնել իրենց հողամաս:

Կադաստրից ստացված պատասխանում խոսք է գնում նաեւ այն մասին, որ վերը նշված հողամասի 1հա-ի՝ 10000 քմ-ի կադաստրային արժեքը 17200 դրամ է կամ այլ կերպ ասած՝ 1քմ հողամասի կադաստրային արժեքը 1,7 դրամ է:

Կարեն Մեժլումյանը գտնում է, որ կադաստրի գրությունում հողամասի կադաստրային արժեքը մի քանի հարյուր անգամ պակաս է նշված եւ դա արվել է, որպեսզի բնակիչները ստիպված համաձայնեն իրենց հողամասերը չնչին գներով օտարել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել