Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՀԶՈՐ ԵՆ

Հոկտեմբեր 15,2009 00:00

Թուրքերը փորձում են կանխել պահանջատիրության վիճարկումը

Հայերս պատշաճ դիվանագիտություն չենք ունեցել, ինչը մեր պատմական հողերը եւ պետականությունը կորցնելու հիմնական պատճառներից է (ի դեպ, Հ. Աճառյանի «Արմատական բառարանում» եւ «Նոր բառգիրք Հայկազեան լեզուի» բառարանում «դիվանագիտություն» եւ «դիվանագետ» տերմինների մասին հավաստում չկա):

Միջազգային իրավունքի օբյեկտ հանդիսացող հայ-թուրքական բոլոր պայմանագրերում Հայաստանը ճանաչվել է պարտվող կողմ (Բաթումի, Ալեքսանդրապոլի, Կարսի պայմանագրեր): Սկսվել է հայ-թուրքական «բարեկամական» փոխհարաբերությունների նոր գործընթացը եւ ինչպես նկատվում է հայտնի Արձանագրությունների դրույթներից, սահմանների փոխադարձ ճանաչումը եւ ենթահանձնաժողովներ ստեղծելը անցյալի անարգանքի շարունակությունն են:

Ի դեպ, Արձանագրությունները եւ 1918թ. հունիսի 4-ի Բաթումում կնքված Հայաստանի Հանրապետության եւ Օսմանյան կայսերական կառավարության միջեւ հաշտության եւ բարեկամության պայմանագիրը ունեն ընդհանրություններ (սահմանների ճանաչում, հյուպատոսական կոնվենցիայի կնքում, տնտեսական եւ ցամաքային հարաբերությունների կարգավորում, բանդաների դեմ պայքար եւ այլն): Այդ դրույթները հայության կենսական շահերի ակունքներն են, մինչդեռ Հայաստանը միջազգային հարաբերություններում ներկայացնողները դրանց էությունը աղավաղելով, արհեստականորեն տեղիք են տալիս հանրության ընդվզումներին եւ մտահոգություններին: Նկատենք, որ դրույթները գաղտնազերծ են, իսկ էությունը հետեւյալն է.

1. Սահմանների ճանաչումը վերաբերում է 1921թ. հոկտեմբերի 13-ին Կարսում կնքված Հայկական ՍՍՀ-ի, Ադրբեջանական ՍՍՀ-ի, Վրացական ՍՍՀ-ի՝ մի կողմից եւ Թուրքիայի միջեւ՝ մյուս կողմից, Ռուսաստանի մասնակցությամբ պայմանագրին եւ նրա անբաժանելի մաս կազմող քարտեզին:

2.Ենթահանձնաժողովներ ստեղծելու դրույթը հստակ վերաբերում է Հայոց ցեղասպանությանը (Թուրքիա-Հայաստան անցյալի պատմական խնդիրները, անեքսիան եւ ցեղասպանությունը):

Այս հանգամանքներն արտաքին հարաբերություններում կոչվում են նախապայմաններ: Թուրքերը սահմանը բացելու հետ կապում են նաեւ գրավյալ տարածքները Ադրբեջանին վերադարձնելը, որը նույնպես նախապայման է (ուշագրավ է, որ Բաթումի 1918թ. պայմանագրով թուրքերը պարտադրել են հայկական զինվորական ուժերը անհապաղ դուրս հանել Բաքվից- հոդված XI):

Թուրքական կողմի մտադրությունները հետեւյալն են.

1. Հայաստանի Առաջին Հանրապետությունը (դաշնակները)՝ Բաթումի 1918թ. հունիսի 4-ի, Ալեքսանդրապոլի 1920թ. դեկտեմբերի 2-ի, իսկ Խորհրդային Հայաստանը՝ 1921թ. հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերով ճանաչել են Թուրքիայի հետ փոխադարձ սահմանները: Թուրքերը մտադիր են այդ հավաստումը ստանալ անկախ Հայաստանի Հանրապետության կառավարությունից նույնպես:

2. Խնդիրը նաեւ փոխկապակցված է անեքսիայի ենթարկված տարածքների (Արեւմտյան Հայաստան) պահանջատիրության վիճարկման հետ: Թուրքերը մտադիր են կանխել այդ պահանջատիրության վիճարկումը: Սուվերեն Հայաստանի Հանրապետությունը այժմ իրավունք ունի ՄԱԿ-ի միջազգային դատարանում վիճարկել խնդիրը, ի դեպ՝ մեր ապացույցները հզոր են:

3.Ենթահանձնաժողովներ ստեղծելու նպատակն ավելի ցայտուն է. թուրքերը մտադիր են վարկաբեկել Հայոց ցեղասպանության պատմական փաստը, կասկածի տակ դնել միջազգային կառույցների եւ 22 պետությունների կողմից ցեղասպանությունը ճանաչելու հանգամանքը եւ կանխել այլ պետությունների կողմից հետագա գործընթացները:

Նկատենք, որ թուրքական կողմի հիշյալ մտադրությունները յուրաքանչյուր սովորական մարդ կարող է ընկալել:

Տաղանդավոր դիվանագետ՝ Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ Երկրորդը («Քաղաքական անուրջներ» աշխատության հեղինակ, 1752թ.) ասել է. «Եթե որեւէ երկիր քեզ դուր է գալիս, միջոցներդ եւ հնարավորություններդ թույլ են տալիս, ապա գրավիր այդ երկիրը, գրավելուց հետո իրավաբաններ կգտնվեն ապացուցելու, որ այդ հողերի նկատմամբ անառարկելի իրավունքներ ունես»:

Անեքսիայի ենթարկված հողերը (Արեւմտյան Հայաստան, Նախիջեւան, Արցախ) թուրքերը եւ ադրբեջանցիները տնօրինում են այդ սկզբունքով, մինչդեռ մենք հակված ենք Արցախի պատմական հողերը վերադարձնելուն: Իսկ մեր նախագահն էլ ասում է. «Աղդամը իմ հայրենիքը չէ»: Մի առիթով հայտնի դիվանագետ Թալեյրանը ասել է. «Լեզուն տրված է նրա համար, որպեսզի դիվանագետը թաքցնի իր մտքերը»:

Նույն Թալեյրանը, երբ 1914թ. Ֆրա նսիան պատերազմում պարտվեց, բանակցային փուլում, կարճ ժամկետում կարողացավ քայքայել հակաֆրանսիական կոալիցիան, ըստ որում՝ Անգլիային եւ Ավստրիային հակադրեց Ռուսաստանին եւ Պրուսիային, իր հայրենիքը փրկելով մասնատումից:

Արցախի բանակցային փուլում նուրբ դիվանագիտական հնարքով Արցախը որպես ինքնորոշվող ազգ ճանաչվեց միջազգային իրավունքի սուբյեկտ՝ բանակցային կողմ, մինչդեռ երկրորդ նախագահի եւ հայոց դիվանագիտության ղեկավարի ապաշնորհության հետեւանքով Արցախը դուրս հանեցին բանակցային գործընթացից, իսկ ներկայումս էլ անուղղակիորեն ներգրավել են թուրքերին:

Նշված հանգամանքները դիվանագիտական հակադիր հնարքների օրինակներ են, որոնք նպաստում են պետության հզորացմանը կամ թուլացմանը:

Արցախի ինքնորոշման հարցը անորոշ է:

Հայությանը սպառնացող ներկա վտանգավոր իրավիճակում լարախաղացությունները (նստացույց, հացադուլ, նամակները, որ իբր թուրքերը որոշ տարածքներ կզիջեն), անիմաստ են, անհրաժեշտ է պատասխանատուներին անկեղծ եւ հստակ շեշտադրել ակնկալիք պարտության պատճառները: Իմ կարծիքով, հայրենի դիվանագիտության կորպուսը՝ թուրքական կողմի մտադրությունների եւ դրա համար նրանց ունեցած միջոցների մասին իրականությանը համապատասխանող պատկերացում ստեղծելու կարողություններ, իսկ արտաքին հարաբերություններում Հայաստանը ներկայացնողները՝ ստրատեգիական նշանակություն ունեցող հարցերով ճշգրիտ որոշումներ կայացնելու բավարար ընդունակություններ չունեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել