Լրահոս
Օրվա լրահոսը

Ավազն անօրինական են արդյունահանել

Հոկտեմբեր 15,2009 00:00

«Բետարշին» ընկերության բիզնեսը բարգավաճել է գյուղացիների սեփական արոտավայրերի հաշվին

Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղում «Բետարշին» երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարանը անօրինական է ավազ արդյունահանում: Այս ամենի դեմ արդեն 2 օր բողոքի ակցիաներ են կազմակերպում գյուղի բնակիչները, որոնց մեծ մասը հենց այս գործարանի աշխատակից է եղել: Բանն այն է, որ այս գործարանի նախկին բաժնետերը իր բաժնեմասը այժմյան բաժնետեր, ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին խախտումներով է վաճառել, ինչի արդյունքում արդեն 2 տարի գործարանը կալանքի տակ է: Բացի այդ, արդյունահանման պատճառով գործարանի տեխնիկան ապօրինի գրավել է գյուղացիների սեփական արոտավայրերը: Հենց այս է պատճառը, որ գյուղացիները դուրս են եկել գործարանի դեմ: Իսկ գործարանի նախկին աշխատակիցները դժգոհում են, որ, սկսած 1999 թվականից, իրենք աշխատավարձ չեն ստացել, սակայն շարունակել են աշխատել:

Չնայած Արմավիրի փոխմարզպետ Արայիկ Աղաբաբյանը գործարանի մոտ հավաքված գյուղացիների զայրույթը մեղմելու համար նախօրեին այցելել էր Եղեգնուտ եւ հայտարարել, որ գործարանի գործունեությունը դադարեցվում է, ու իրենք ուսումնասիրություններ են անելու, սակայն երեկ ցերեկը գործարանում փորձել են աշխատանքներ կատարել, որին խոչընդոտել են գյուղի բնակիչները: «Մեզ ուղղակի դուրս շպրտեցին գործարանից: Բայց մենք չէինք հեռանում բակից: Նրանք ամբողջ տեխնիկան նորից հանել էին ու դրել արոտավայրերում, բայց պիտի գործարանը փակ պահեին: Այնպիսի տպավորություն է, որ իրենց ամեն ինչ կարելի է եւ չեն վախենում պատժվելուց»,- երեկ մեզ հետ զրույցում ներկայացրին եղեգնուտցիները: Նրանց խոսքերով, նախկինում գործարանում աշխատել է 70-80 մարդ, սակայն հիմա նրանք աշխատեցնում են ընդամենը 10 հոգու, իսկ դա, ըստ գյուղացիների, վկայում է այն մասին, որ գործարանն ուզում են տեղափոխել: Նշենք, որ, ըստ որոշ լուրերի, «Բետարշին» ընկերության տեխնիկան շուտով տեղափոխվելու է Զվարթնոց, քանի որ այնտեղ էլ, ներկա սեփականատիրոջ մտահղացմամբ, նմանատիպ գործարան է բացվելու: Այս փաստը դուր չի գալիս հատկապես գործարանի նախկին աշխատակիցներին, քանի որ վերջնականապես կզրկվեն իրենց տարիների աշխատանքից ու այն գումարից, որը գործարանը պետք է վճարի իրենց՝ որպես մի քանի տարվա աշխատավարձ: Գյուղացիներին անհանգստացնում է նաեւ այն, որ գործարանի փոխտնօրեն ներկայացող Սուսաննա Հարությունյանը իրականում գործարանի հետ որեւէ առնչություն չունի, քանի որ իր պաշտոնը հաստատող որեւէ փաստաթուղթ չի ներկայացրել պաշտոնյաներին եւ իրենց:

Խնդրի առնչությամբ երեկ պարզաբանումներ խնդրեցինք Արմավիրի փոխմարզպետ Արայիկ Աղաբաբյանից: Նա «Առավոտին» պարզաբանեց, որ իրենք արդեն սկսել են գործարանի գործունեությունն ուսումնասիրել. «Արդեն ներկայացվել են անհրաժեշտ փաստաթղթերը, դրանք բավականին շատ են: Այս գործարանի հետ կապված դատախազությունում էլ է գործ հարուցվել: Դատարանի բազմաթիվ որոշումներ կան, որովհետեւ սեփականատերերը հակընդդեմ հայցերով դիմել են դատարան: Սակայն մենք հիմնականում ուսումնասիրելու ենք այն, ինչի համար գյուղացիները դժգոհում են, գործարանը նրանց արոտավայրերը որպես ավազի արդյունահանման տարածք է օգտագործում»: Մեր այն հարցին, թե տեղյա՞կ է, որ գործարանի պատասխանատուները երեկ էլ են փորձել ավազի արդյունահանման աշխատանքներ կատարել, այն դեպքում, երբ մարզպետարանն արգելել է, փոխմարզպետը պատասխանեց. «Նրանք, ըստ երեւույթին, արոտավայրերում եղած տեխնիկան են ներս տարել»: Մենք նրանից հետաքրքրվեցինք նաեւ, թե գործարանն իրավունք ունեցե՞լ է գործունեություն ծավալելու, ինչին ի պատասխան՝ Ա. Աղաբաբյանն ասաց. «Ոչ, գործարանը կալանքի տակ է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել