Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏՃԱՌԸ ՈՌՈԳՄԱՆ ՑԱՆՑՆ Է

Հոկտեմբեր 15,2009 00:00

\"\"«Առավոտի» հետ զրույցում՝ մայրաքաղաքի կանաչ զանգվածների պակասությունն այսպես արդարացրեց Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը:

– Պարոն Մարտիրոսյան, Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ ՀՀԿ նախընտրական ծրագրում որպես առաջնահերթ դրույթ նշված էր Երեւանի կանաչ տարածքների ավելացումը: Ընտրություններին հետեւած ամիսների ընթացքում կոնկրետ ի՞նչ քայլեր են ձեռնարկվել այդ խոստումների իրականացման ուղղությամբ եւ ինչպիսի՞ ծրագրեր կան առաջիկայի համար:

– 2005թ. հաստատված Երեւանի Գլխավոր հատակագծով նախատեսված է մինչեւ 2020թ. Երեւան քաղաքում կանաչ տարածքները ավելացնել 1400 հեկտարով: Առայժմ Երեւանում մեկ շնչի հաշվով բաժին է ընկնում 7.5 քմ կանաչ մակերես, սակայն մենք յուրաքանչյուր տարի 120-150 հեկտարով մայրաքաղաքի կանաչ տարածքները ավելացնում ենք: Հաջորդ տարի եւս 125 հեկտարով ավելացնելու ենք կանաչը, որպեսզի, ի վերջո, հասնենք Երեւանի Գլխավոր հատակագծով նախատեսված մեկ շնչին բաժին ընկնող 17 քմ ցուցանիշին: Հաջորդ տարի կանաչ զանգվածները կընդլայնվեն Էրեբունի, Աջափնյակ եւ Շենգավիթ համայնքներում:

Տեղեկացնեմ, որ 2009 թ. ընթացքում իրականացվել են նաեւ Երեւանի թվով 40 բակերի կանաչապատման եւ բարեկարգման աշխատանքներ: Ընդ որում, մենք, նախքան բակերի կանաչապատումը, սկսեցինք վերականգնել ոռոգման ցանցերը, որպեսզի արված աշխատանքն արդյունավետ լինի: Ընդհանուր առմամբ, մայրաքաղաքի բակային տարածքներում կառուցվել է 40 կմ ոռոգման ցանց եւ մենք բնակիչներին հանձնել ենք ամբողջովին բարեկարգված, ասֆալտապատ, լուսավորված, խաղահրապարակներով ու զրուցարաններով հագեցած կանաչապատ բակեր: Ուզում եմ նշել, որ երբ սկսվեց բակերի կանաչապատման գործընթացը, սկզբում շատերը դա կապեցին նախընտրական փուլի հետ, սակայն, ինչպես հետագայում համոզվեցին, այն շարունակվեց, եւ ես հավաստիացնում եմ, որ այդ գործընթացը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ չեն բարեկարգվել մայրաքաղաքի բոլոր բակերը:

– Տարեսկզբին Երեւանի գլխավոր ճարտարապետը հայտարարեց, որ առաջիկայում կանաչապատվելու են մայրաքաղաքի շենքերի տանիքներն ու ճակատները: Այդ ծրագրի իրականացումն ի՞նչ փուլում է:

– Երեւանի շենքերի ուղղաձիգ կանաչապատման աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են, շենքերի ընտրությունը կատարված է, համապատասխան մագլցող բուսատեսակներն արդեն աճեցվում են մեր տնկարաններում: Հիմնականում ուղղաձիգ կանաչապատման համար նախատեսվում է վայրի խաղող, բաղեղ, մագլցող վարդենիների տեսակներ: Մենք ունենք 25 հեկտար տնկարան եւ արդեն մինչեւ 2010թ. ավարտը ապահովված կլինենք բուսատեսակների բանկով: Ինչ վերաբերում է տանիքների կանաչապատմանը, ապա այստեղ խնդիր կա տանիքների անջրթափանցության ապահովման հետ կապված: Մենք արդեն իսկ որոշ շենքերի տանիքներում կատարել ենք կանաչապատման փորձեր: Պատրաստվում ենք առաջիկայում այդ գործընթացն ընդլայնել: Մասնավորապես, պայմանավորվածություն կա Հյուսիսային պողոտայի վերջնամասում Աբրահամյանների ընտանիքին պատկանող շենքի տանիքի կանաչապատման վերաբերյալ: Սակայն սա մի գործընթաց է, որը նորություն է մեզ համար, ուստի պահանջվում է մանրակրկիտ կերպով հաշվարկված մոտեցում: Բացի այդ, ուղղաձիգ կանաչապատումը պետք է իրականացվի այնպես, որ դա ոչ մի դեպքում չխաթարի շենքի ճարտարապետական տեսքը, այլ ընդհակառակը՝ լրացնի այն:

– Անցած ամիսներին Երեւանի կենտրոնը ծաղկապատվեց, ինչը հաճելի երեւույթ է: Կշարունակվի՞ այդ գործընթացը:

– Անշուշտ: Գույնզգույն ծաղկասածիլներով զարդարված 5000 ծաղկամաններ արդեն իսկ զարդարում են մայրաքաղաքի կենտրոնական փողոցների պատշգամբները: 2010թ. ծաղկապատման աշխատանքները կընդլայնվեն՝ հասնելով 5-5.5 հեկտարի: Ընդ որում, ոչ միայն կենտրոնում, այլեւ՝ Ավան, Նոր Յորք, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա համայնքներում: Այսինքն՝ այն տեղերում, որտեղ առկա է համապատասխան ոռոգման ցանց: Մենք աշխատանքներ ենք տանում, որպեսզի սեզոնի ընթացքում մոտ 40 տեսակ ծաղասածիլներ արտադրենք: Իսկ այն տեսակները, որոնք հնարավոր չէ ստանալ այստեղ, կներկրվեն, հիմնականում՝ Հոլանդիայից:

– Պարոն Մարտիրոսյան, Օղակաձեւ զբոսայգու 5-րդ հատվածում իրականացվող ակտիվ կառուցապատումը որքանո՞վ է համահունչ կանաչ զանգվածների ավելացման՝ քաղաքապետարանի հայտարարած առաջնահերթությանը:

– Նշված հատվածում՝ նախկին լողավազանի տեղում կառուցվում է նորը, որի ավարտից հետո կկանաչապատվի շրջակայքը: Ինչ վերաբերում է հարակից կառուցվող շենքին, ապա այդ նույն տարածքում նախկինում սրճարան էր, որն այժմ վերակառուցվում է: Դրա համար առկա են բոլոր փաստաթղթերը, եւ դրանք նոր չեն տրվել: Նկատենք, որ հիմա նման շինարարություն չի սկսվում, եղածն էլ նախկինում սկսածի շարունակությունն է: Արդեն 8 ամիս է նման շինարարություն քաղաքում չի իրականացվում:

– Թույլ տվեք նկատել, որ կոնկրետ «Հին Հռոմ» սրճարանի հարեւանությամբ կառուցվող եռահարկ շենքի շինարարությունը սկսվել է 6 ամիս առաջ: Օղակաձեւ զբոսայգու տարբեր հատվածներում տեղ-տեղ ծառերը չորացել են՝ առաջացնելով փոքրիկ բացատներ: Ինչո՞ւ այդ հատվածներում չեն կատարվում ծառատունկեր: Եվ, ընդհանրապես, ինչո՞ւ մայրաքաղաքի փողոցեզրերի չորացած ծառերի փոխարեն չեն տնկվում նորերը: Օրինակ՝ Տիգրան Մեծի պողոտայի 2 կողմերում:

– Օղակաձեւ զբոսայգում կան հատվածներ, որտեղ ոռոգման ցանցը շարքից դուրս է եկել: Զբոսայգու 1-6 հատվածներում իրականացվում է ոռոգման ցանցի տեղային վերանորոգում՝ ըստ անհրաժեշտության, իսկ այն հատվածներում, որտեղ ցանցը հիմնովին քայքայված է՝ կառուցվում են նոր ցանցեր: Դրանից հետո արդեն կիրականացվի չորացած ծառերի հատում եւ ապա՝ ծառատնկում:

Նույն հաջորդականությամբ գործընթացը կլինի նաեւ Տիգրան Մեծի պողոտայում: Նշված աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 2010թ. վերջին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել