Լրահոս
Օրվա լրահոսը

Փառատոնը բացվում է

Հոկտեմբեր 15,2009 00:00

Այսօրվանից եւ 5 օր շարունակ Երեւանում մանկապատանեկան ֆիլմերի շքերթ է լինելու

«Մոսկվա» կինոթատրոնում կմեկնարկի Մանկապատանեկան ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնը: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրին փառատոնի տնօրեն Նունե Մանուկյանը եւ գեղարվեստական ղեկավար Նելլի Ալելովան: Հենց հնգամյակի առիթով էլ կազմակերպիչներն այս տարի յուրահատուկ ծրագիր են խոստանում. կցուցադրվի 51 ֆիլմ՝ 25 երկրից: «Որոշեցինք այնպիսի ծրագիր ընտրել, որ լինի չափազանց հետաքրքիր, ֆիլմերը ցուցադրվելու են ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում եւ Արցախում»,- հավաստիացրեց փառատոնի տնօրենը: Նրա խոսքով, այս տարի փառատոնին մասնակցելու հայտերի աննախադեպ աճ է արձանագրվել. ծրագրում ֆիլմերի ցուցադրումից բացի, կլինեն հատուկ միջոցառումներ, հանդիպումներ դպրոցներում, մշակութային կենտրոններում, կանցկացվեն վարպետության դասեր, նախատեսված է նաեւ 3 ֆիլմի պրեմիերա՝ Կարեն Շահնազարովի «Հիվանդասենյակ N 6», Բորիս Գրաչեւսկու «Տանիքը», Նիկոլայ Դենիսովի «Արկածներ Դիկանկայի մոտ գտնվող ագարակում»: Միջոցառումների շարքում կցուցադրվի նաեւ Լեւոն Օգանեզովի համերգը՝ Անդրեյ Անկուդինովի մասնակցությամբ: Հայ հանդիսատեսը, փառատոնի շրջանակներում, հնարավորություն կունենա Ազգային ֆիլմադարանում դիտելու նաեւ ռեժիսոր, հեռուստալրագրող Ալեքսանդր Գորդոնի նոր ֆիլմը:

Փառատոնի գեղարվեստական ղեկավարի խոսքով, ժյուրիի անդամները հայ եւ արտասահմանցի երեխաներ են լինելու: Մանկական ժյուրիի կազմում այս տարի կներկայանա նաեւ Աֆրիկայի մշակույթի կենտրոնի սաներից մեկը: Տիկին Ալելովայի խոսքով, իրենք այդ կենտրոնի հետ արդեն 3 տարի է, ինչ աշխատում են. «Սա լավ հնարավորություն կլինի, որ արտասահմանցի երեխաներին ցույց տանք՝ ինչպես են ապրում ու աշխատում մեր երեխաները»: Փառատոնի նախաձեռնողները կկազմակերպեն նաեւ միջոցառում անվանի կինոռեժիսոր Էդմոն Քեոսայանի հիշատակին, նրա ծննդավայրում կբացվի հուշատախտակ, իսկ փողոցներից մեկը կվերանվանվի Քեոսայանի անունով, փառատոնի ընթացքում կցուցադրվեն մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցի վերջին աշխատանքներից: Այս տարի առաջին անգամ հանդիսատեսը հնարավորություն կունենա անձամբ հանձնել մրցանակը իր նախընտրած ռեժիսորին:

Մանկապատանեկան ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնին մասնակցելու համար Հայաստան կժամանեն կինոյի եւ հեռուստատեսության ոլորտի ճանաչված գործիչներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել