Մաքսային եւ հարկային ոլորտներում առկա են մի շարք խնդիրներ, որոնք խոչընդոտում են Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի զարգացմանը: Նշված համակարգերում առկա են, ասենք, կոռուպցիոն ռիսկեր: Երեկ ասուլիսում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, խոսելով այս խնդիրների մասին, տեղեկացրեց, որ դրանց լուծման համար կմեկնարկի «Մաքսային եւ հարկային բարեփոխումներ՝ պետություն-մասնավոր համատեղ մարմնի ստեղծման միջոցով» ծրագիրը: Նշենք, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Պետեկամուտների կոմիտեի ղեկավարին հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ՝ ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին անհանգստացնող խնդիրները քննարկելու համար: Խումբը իր գործունեությունը սկսելու է հաջորդ շաբաթվանից: Կ. Վարդանյանի տեղեկացմամբ, կազմակերպված համատեղ քննարկումների արդյունքում կկազմվեն առաջարկներ, որոնք կներկայացվեն ՀՀ կառավարությանը: