Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդառաջ՝ վաղվա մասնագետներին

Հոկտեմբեր 15,2009 00:00

«ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության տեղեկացմամբ, երեկ Հայաստանի առաջատար բջջային օպերատորի կառավարման փորձին եւ գործունեության 5-ամյա հաջողություններին ծանոթացել են ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի ուսանողները:

Ինչպիսի՞ բարդություններ կարող են լինել կապի մատուցման ժամանակ: Ինչպե՞ս գործել բնության անկանխատեսելի հետեւանքները ժամանակին վերացնելու եւ բաժանորդներին սպասարկելու համար: Ի՞նչ է իրենից ներկայացնում բջջային կապն առհասարակ: Կառավարման ո՞ր մոդելն է ընտրել «ՎիվաՍել-ՄՏՍ-ը», եւ կուտակած փորձի ընթացքում հատկապես ի՞նչ արժեքներ է կարեւորում ընկերությունը:

Իր խոսքում այս հարցերին է անդրադարձել ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Ամենաթանկ արժեքը մարդկային կապիտալն է եւ այդ ներուժով՝ ստանձնած պարտավորությունները կատարելը: Միշտ պարտավորվել ենք ցանց ստեղծելու առումով եւ մեր ուժերը շարունակաբար ներդնելով՝ գնացել ենք առաջ: Երրորդ սերնդի ցանց ապահովելը մեկն էր այն պարտավորություններից, որը ստանձնել էր շարժական կապի օպերատորը: Այսօր արդեն «ՎիվաՍել- ՄՏՍ»-ը առաջարկում է այդ ցանցի ընձեռած հնարավորություններից օգտվելու տարբեր լուծումներ: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն այսօր մրցակցային շուկայում առաջինն է շարժական կապի ժամանակակից ծառայությունների, այդ թվում՝ լայնաշերտ ինտերնետ ապահովելու առումով»,- նշել է պարոն Յիրիկյանը:

Ոլորտի հետագա զարգացումն ապահովելու եւ հաջողությունների հասնելու համար ընկերության գլխավոր տնօրենը կարեւորել է վաղվա մասնագետներին ընդառաջ գնալու բիզնեսի պատրաստակամությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել