Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԻՐԻԱՀԱՅ ՆԵՐԴՐՈՂԸ ՉԻ ՈՒԶՈՒՄ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏԱԼ

Հոկտեմբեր 15,2009 00:00

Արդեն մի քանի տարի է, ինչ պետության հատուկ կարիքների անվան տակ օտարվում են մայրաքաղաքի կենտրոնում գտնվող եւ տարիներ շարունակ մարդկանց սեփականությունը հանդիսացող տարածքներ:

Աբովյան փողոցի սկզբնամասը՝ «Ավիատրանս» հյուրանոցից մինչեւ Արամի փողոց, դեռեւս 2004-ից ճանաչվել է պետական գերակա շահ, այսինքն՝ այդ հատվածը, ներառյալ բակային հատվածը, մոտ 11 հազար քմ տարածքով, իրացման գոտի է: Այս հատվածում գործում են մոտ 15 համեմատաբար փոքր խանութներ, եւ եթե դրանց սեփականատերերի հետ կառուցապատողը լեզու է գտել եւ երկկողմանի ձեռնտու փոխհատուցում է խոստացել, ապա Աբովյան 4 հասցեում գտնվող 2 հարկանի «Միլանո» խանութը պարզապես արհամարհվել է: «Միլանոյի» սեփականատեր Հովհաննես Ղուկասյանի խոսքերով. «Քանի որ մյուս խանութները բավականին փոքր տարածք են զբաղեցնում, իսկ իմ խանութը շատ մեծ է, ուստի կառուցապատողը խուսափում է մեզ հետ պայմանագիր կնքել ու, ինչպես օրենքն է պահանջում, փոխհատուցում տալ: 1990 թվականից այդ տարածքն ինձ է պատկանում: Այսքան տարիներ աշխատել եմ, բայց պետությունը իր քաղաքացիներին արհամարհում է ու այլ երկրի քաղաքացիներին լավություն անում»:

Նշենք, որ այդ հատվածում նախատեսվում է բարձրահարկ բնակելի շենքեր կառուցել, իսկ կառուցապատողը «ԱՎՈ Ֆ.Մ.Հ.» ընկերությունն է, որի սեփականատերն է սիրիահայ Ավետիս Կարագուլյանը:

«Միլանոյի» սեփականատիրոջ պատմելով՝ սկզբնական շրջանում Ա. Կարագուլյանը հանդիպել է խանութի սեփականատերերի հետ, պայմանավորվել, որ նույն փողոցում համարժեք տարածք կտրամադրի, որպեսզի խանութները շարունակեն իրենց աշխատանքը եւ չտուժի բիզնեսը, իսկ շենքերը կառուցելուց հետո՝ շենքում տարածք կհատկացնի: Հ. Ղուկասյանի ներկայացմամբ, փոխանակ իր հետ բանակցելու, կառուցապատողը դիմել է դատարան: Դատարանն էլ տարօրինակ որոշում է կայացրել: Ըստ խանութի սեփականատիրոջ, իրեն պատկանող տարածքը, որի համար սեփականության վկայական ունի՝ կազմում է 250 քմ, իսկ դատարանը որոշում է կայացրել փոխհատուցում տալ ընդամենը 125 քմ-ի համար, ընդ որում՝ դատարանը նախապես փորձաքննություն է իրականացրել, հավելյալ չափագրումներ են կատարել, որից հետո պարզվել է, որ խանութի 2 հարկն էլ սեփականաշնորհված է, իսկ դատարանը վճռել է փոխհատուցում տալ միայն 1-ին հարկի համար: Մեկ այլ հանգամանք էլ կա, «Միլանո» խանութն իրականում 4 հարկ ունի, ներառյալ՝ նկուղը, որոնք Հ. Ղուկասյանը որքան էլ փորձել է սեփականացնել, չի հաջողվել. կադաստրը մերժել է՝ պատճառաբանելով, որ 1995 թվականի արխիվներից բացակայում են փաստաթղթերը: Խանութների սեփականատերերի վստահեցմամբ՝ այդ 11 հազար քմ-ի վրա իրականում «թաթ» է դրել ոչ թե սիրիահայ Ա. Կարագուլյանը, այլ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը: Թերեւս դա է պատճառը, որ դատավորները, առանց մտավախության, նման վճիռ են կայացրել:

Հ. Ղուկասյանը, խանութից բացի, նույն հասցեում 147 քմ տարածք էլ ունի, որը եւս սեփականացված է: Այս տարածքն էլ է ճանաչվել որպես գերակա շահ եւ տրվել կառուցապատողին, որն էլ կրկին, առանց բանակցելու՝ դիմել է դատարան: Դատարանը վճիռ է կայացրել եւ շուկայականից 3 անգամ ցածր՝ 137 մլն դրամ փոխհատուցման գումար նշանակել, սակայն գրեթե 2 տարի է՝ ինչ այդ գումարը դատարանի դեպոզիտային հաշվեկշռում է եւ չի փոխանցվել Հ. Ղուկասյանին:

Մենք զրուցեցինք նաեւ Հ. Ղուկասյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանի հետ: «Մեր դատավորները աճպարարությամբ են զբաղվում, լղոզված ու անհիմն պատասխաններ են տալիս: Երբ 2005-ին Հողային օրենսգրքում փոփոխություն կատարվեց, ավտոմատ ճանաչվում էին Ղուկասյանի իրավունքները հողի նկատմամբ, որի վրա նա անշարժ գույք ունի, այսինքն՝ խանութ-սրահը: Դրա համար նաեւ քաղաքապետարանին 4 մլն դրամ է վճարել, սակայն մինչ օրս սեփականության իրավունքներն այդպես էլ չեն հաստատել: Ընդ որում, մեր հարցումներին անիմաստ պատասխաններ են տալիս, բաց տեքստով չեն ասում, որ մերժում են: Իսկ ոչ պաշտոնական ասում են՝ կներեք, չենք կարող գրանցել եւ այլն»,- նշեց փաստաբանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել