Լրահոս
Օրվա լրահոսը

Հզոր ելույթ ու հաղթանակ

Հոկտեմբեր 15,2009 00:00

Սա էր մաղթել Հայաստանի ֆուտբոլի հավաքականին Լեւոն Զուրաբյանը

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը երեկ «Փաստարկ» ակումբում հայտարարել է «իշխանությունների հրեշավոր ծրագրի», ինչպես ՀԱԿ ներկայացուցիչն է ասել՝ համաժողովրդական շարժման դիմադրությունը կոտրելու համար կեղծ ընդդիմություն ստեղծելու փորձի մասին: Լ. Զուրաբյանի համոզմամբ, իշխանությունները հույս ունեն, որ այդ կեղծ ընդդիմության շնորհիվ ժողովրդի ընդվզումը վերահսկելի կլինի։ «Tert.am»-ի մատուցմամբ, նա ակնարկել է, թե նմանօրինակ՝ «վերահսկելի» ընդվզում է Դաշնակցության բողոքն ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների։

«Այո, այսօր Դաշնակցությունը գործում է իշխանությունների գծած սցենարով»,- ասել է Զուրաբյանը՝ միաժամանակ նկատելով, որ ՀՅԴ-ում կան մարդիկ, որոնք անկեղծորեն են ընդվզում արձանագրությունների դեմ։

Մեկնաբանելով Կոնգրեսին մաս կազմող «Հայ կամավորականների նախաձեռնության» հիմնադիր, իսկ այսօր նաեւ նորաստեղծ «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությունը, թե՝ Հայ ազգային կոնգրեսին չի հաջողվել հասնել իր նպատակներին, Զուրաբյանը խոստովանել է. «Այո, մենք չենք հաջողել»։ Նրա ասելով, Կոնգրեսի երկու տարվա շարժման նպատակը՝ հասնել իշխանափոխության, իրականություն չի դարձել, ու դա բացատրել է ոստիկանական աննախադեպ ռեպրեսիաներով, հիշել է նաեւ, որ 150-ից ավելի ընդդիմադիրներ են ձերբակալվել, անօրինական արտակարգ ռեժիմ էր մտցվել, հեռուստաընկերություններն են իշխանությունների կամակատարը եւ այլն:

Այդուհանդերձ, Զուրաբյանը վստահեցրել է, որ Կոնգրեսը այսօր էլ կարողանում է հասարակությանն ակտիվ պահել, ու ցանկացած պահի ՀԱԿ-ը ի վիճակի է փողոց հանել 30-40 հազար ակտիվիստների:

ՀԱԿ համակարգողը անդրադարձել է նաեւ լրագրողների այն հարցին, թե՝ ինչո՞ւ է Կոնգրեսը դեմ արձանագրությունների ստորագրմանը, երբ Սերժ Սարգսյանն այսօր անում է այն, ինչ Լեւոն Տեր-Պետրոսյանը ցանկանում էր անել 1990-ականներին: Ըստ նրա, Լ. Տեր-Պետրոսյանը եղել է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման կողմնակից, բայց ոչ՝ Ցեղասպանության ուրացման։ «Լ. Տեր-Պետրոսյանը երբեք չէր համաձայնի պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը, որը կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանության փաստը»,- ասել է Զուրաբյանը: Իսկ ընդհանրապես նա համամիտ չէ, որ Լ. Տեր-Պետրոսյանն ու Ս. Սարգսյանը Թուրքիայի հանդեպ վարում են նույն քաղաքականությունը։ Հարաբերությունների հաստատումն, ըստ նրա, ցանկանում էին երկու նախագահներն էլ, բայց, ի տարբերություն ներկա նախագահի, առաջին նախագահը դեմ էր Ցեղասպանության խնդիրը քննարկման առարկա դարձնելուն: Ըստ Զուրաբյանի՝ եթե Սերժ Սարգսյանը գնար միայն դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու սահմանների բացման ճանապարհով, կնշանակեր անում է այն, ինչը ցանկանում էր անել Տեր-Պետրոսյանը 90-ականներին:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ Թուրքիա այցելությանը, Զուրաբյանը նկատել է, թե նրան կդիմավորեն «մեծ պատիվներով, քանի որ որեւէ հայ ղեկավար երբեք այսքան մեծ նվեր չէր տվել Թուրքիային»։ Ինչ վերաբերում է Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղին, ապա Զուրաբյանն ասել է, թե հիմա Կոնգրեսը սպասումներ ունի միայն խաղից, ու մեր հավաքականին մաղթել է «հզոր ելույթ ու հաղթանակ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել