Այսօր կայանալիք նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերջապես կորոշի, թե մայրաքաղաքի Կենտրոն համայնքն ընդգրկող թիվ 10 ընտրատարածքում երբ են նոր ընտրություններ տեղի ունենալու: Հիշեցնենք, որ այս տարածքում պատգամավորի թափուր տեղ առաջացավ Խաչատուր Սուքիասյանի հրաժարականից հետո: Թե ինչո՞վ էր պայմանավորված այս տարածքում նոր ընտրությունների նշանակման ձգձգումը՝ հայտնի չէ, բայց որ բոլոր հավակնորդներն այս ընթացքում փորձում էին արժանանալ ՀՀ նախագահի «դաբրոյին», ակնհայտ էր: Չնայած, ըստ շրջանառվող լուրերի, որեւէ մեկին դեռ չի հաջողվել դառնալ այն միակը: «Առավոտի» աղբյուրի փոխանցմամբ՝ այս հարցը կքննարկվի նախագահի՝ Թուրքիայից վերադառնալուց հետո: Մեր ունեցած տեղեկություններով, սակայն, արդեն նախնական պայմանավորվածություններ կան, որ ՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը, ով ժամանակին Խաչատուր Սուքիասյանի մրցակիցն էր այդ տարածքում, ընտրությունների օրը նշանակվելուց հետո հայտարարելու է ՄԻԱԿ-ի թեկնածու Վահան Բաբայանին սատարելու մասին: Մամուլում նաեւ հրապարակումներ եղան, որ ընտրապայքար դեռ չմտած՝ իր այդ մտադրությունից հրաժարվել է նաեւ նախկին նախարար Էդուարդ Մադաթյանը՝ «Խուճուճ Էդոն»: Ստացվում է, որ թիվ 10 ընտրատարածքում իշխանության թեկնածուներն են լինելու երկու «կոմսոմոլներ» Տիգրան Ուրիխանյանը եւ Վահան Բաբայանը:
Նախորդ օրը հավանական թեկնածուներից մեկը՝ Հմայակ Հովհաննիսյանը, իր ասուլիսի ժամանակ ասել էր. «Օրենքով ԱԺ նախագահը 5 օրվա ընթացքում պետք է դիմեր ԿԸՀ նախագահին՝ հայտնելով, որ թափուր տեղ է առաջացել, որից հետո ԿԸՀ-ն պետք է հայտարարեր առաջադրման, գրանցման ժամկետների մասին, քարոզարշավի, ինչպես նաեւ ընտրությունների օրը հայտարարելու մասին: Ինչը չի արվել»: ԱԺ-ից «Առավոտին» փոխանցեցին, որ խորհրդարանի նախագահը ճիշտ 5-օրյա ժամկետում դիմել էր ԿԸՀ-ին: Ինչ մնում է այդ գործչի պնդմանը, որ իր թեկնածությունը խուճապ է առաջացրել իշխանության շարքերում, ապա, ըստ մեր խորհրդարանական աղբյուրի, «պարոն Հովհաննիսյանի ինքնագնահատականը, որպես սարսափազդու սուպերթեկնածուի, փոքր-ինչ չափազանցված է»: