Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԿՊԱՀԵՆՔ ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ

Հոկտեմբեր 15,2009 00:00

Հայաստանը եւ ՆԱՏՕ-ն ակտիվ բանակցություններ են վարում Աֆղանստանում ISAF միջազգային խաղաղապահ գործողությանը մասնակցելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, այս մասին երեկ Երեւանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնի եւ Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի միջեւ առաջին հեռուստակամուրջի ժամանակ ասել է ՆԱՏՕ-ի Գործողությունների վարչության պետ Էրիկ Սանդալը: Նրա խոսքերով, բանակցությունների հիմնական թեման հաջորդ տարվա փետրվարին աֆղանական Կունդուզ գավառում հայկական խաղաղապահ ստորաբաժանման տեղակայումն է: Հեռուստակամուրջին մասնակցած՝ ՆԱՏՕ-ում Հայաստանի դեսպան Սամվել Մրկտչյանը տեղեկացրել է, որ ներկայումս կողմերը համաձայնեցնում են Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ համապատասխան իրավական փաստաթղթերը: «Ձգտելով խաղաղապահ ստորաբաժանում ուղարկել Աֆղանստան՝ Հայաստանը փորձում է իր լուման ներդնել միջազգային անվտանգության ապահովման գործում եւ բարձրացնել ՀՀ Զինված ուժերի մասնագիտական պատրաստվածությունը»,- ասել է Սամվել Մկրտչյանը:

Նա տեղեկացրել է, որ հայկական ստորաբաժանումը չի մասնակցելու Աֆղանստանում ռազմական գործողություններին, այլ զբաղված է լինելու Կունդուզի օդանավակայանի անվտանգության ապահովմամբ: ՆԱՏՕ-ում Հայաստանի դեսպանը նշել է, որ Կունդուզ գավառն Աֆղանստանի համեմատաբար խաղաղ տարածաշրջաններից է, որտեղ տեղակայված է մի քանի հազար զինծառայողներից բաղկացած գերմանական խաղաղապահ ստորաբաժանումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել