Հայաստանի քաղաքացիական ծառայության համակարգում եվրոպական չափանիշներին համապատասխան բարեփոխումներ կիրականացվեն: Այդ նպատակով ձեւավորված միջգերատեսչական աշխատանքային խումբը երեկ գումարած նիստում որոշել է ձեռնամուխ լինել բարեփոխումների ծրագրի մշակմանը: Նիստը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Ծրագրի նպատակն է Եվրամիության անդամ պետությունների եւ Հայաստանի քաղաքացիական ծառայության համակարգի ներդաշնակեցումը, համագործակցության ցանցի ձեւավորումը, համագործակցության նոր մեխանիզմների եւ շրջանակների զարգացումը: «Բարեփոխումները ենթադրում են քաղաքացիական ծառայողների էթիկայի կանոնագրքի եւ ուսուցման հայեցակարգի մշակում եւ ընդունում, քաղծառայության համակարգում աշխատանքի ընդունման մեխանիզմների ու ընթացակարգերի բարելավում, պետական ծառայողների վերապատրաստում եւ վերաորակավորում: Արդյունքում՝ Հայաստանում Եվրամիության չափանիշներով կստեղծվի պետական կառավարման՝ օրենքներով եւ իրավական նորմերով կարգավորվող միասնական համակարգ»,- ասել է Արթուր Բաղդասարյանը: