Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԻ ՍԽԱԼՆԵՐԻ ՎՐԱ ՀՈՒՅՍ ԴՆԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ

Հոկտեմբեր 15,2009 00:00

\"\"Կարծում է ԼՂՀ խորհրդարանի անկախ պատգամավոր Գեղամ Բաղդասարյանը

– Ի՞նչ տրամադրություններ է առաջացրել հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրումը ԼՂՀ-ում՝ նկատի ունենալով ստորագրման արարողակարգի ընթացքում առաջացած այն կնճիռը, որ թուրքական կողմն իր թեկուզ բանավոր հայտարարությամբ, այդուհանդերձ, ցանկանում էր երկու երկրների հարաբերությունների կարգավորումն արդեն պաշտոնապես կապել ԼՂՀ հիմնահարցի լուծման հետ:

– Արցախում, բնականաբար, ուշի-ուշով հետեւում են հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացին, բայց առանձնակի աշխուժություն չկա այս հարցում։ Պիտի նկատի ունենալ այն հանգամանքը, որ արցախյան հանրությունը ներկայումս, կարելի է ասել, առանձնապես քաղաքականացված չէ, իսկ քաղաքական դաշտի մասին առիթ ունեցել եմ փաստելու, որ մենք չունենք ամենօրյա ռեժիմով գործող քաղաքական դաշտ։ Մեր քաղաքական դաշտը հայելային արտացոլումն է մեր խորհրդարանի, որը, ինչպես գիտեք, ոչ մշտական հիմունքներով է աշխատում։ Քաղաքական դաշտն էլ է աշխատում նույն այդ հիմունքներով։ Ուստի լուրջ քննարկումներ ու թեժ բանավեճեր չկան, ինչպես չկան խորհրդարանական եւ այլ լսումներ։ Սեպտեմբերի 2-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հայտարարել էր, որ ուշադիր հետեւում է հայ-թուրքական հարաբերություններին կամ, ինչպես ինքն է ասում՝ նման հարաբերություններ ստեղծելու Հայաստանի անկեղծ ձգտումին, եւ կարծում է, որ այդ գործընթացը միջազգային հանրությանը մեկ անգամ եւս ցույց է տալիս, թե իրականում որ ժողովուրդն է հանդես գալիս կառուցողական հարաբերությունների օգտին։ Միեւնույն ժամանակ, նա աննախադեպ կոշտ մեկնաբանություն է արել, ասելով՝ «Ցավոք, մենք գործ ունենք այնպիսի երկրների, մասնավորապես՝ Թուրքիայի հետ, որտեղ խաբեությունը քաղաքականության մաս է կազմում»: Ապրիլին արցախյան քաղաքական ուժերն էին մտահոգություն հայտնել քաղաքական վերջին զարգացումների կապակցությամբ՝ «որոնք դրսեւորվում են տարածաշրջանի երկրների փոխհարաբերությունների ճշտման գործընթացներով»։ Անընդունելի է Հայոց ցեղասպանության իրողությունը կասկածի կամ քննարկումների առարկա դարձնելու որեւէ փորձ՝ ասվում էր հայտարարության մեջ: Այսօր, սակայն, գնահատականներն այդքան կոշտ չեն։

– Արձանագրությունների ստորագրումից հետո խժդժություններ են առաջացել Ադրբեջանում, ինչպես նաեւ թուրք ազգայնականներն են սեփական պետությանը մեղադրում «հետ քայլ» անելու մեջ. կարծում եք՝ այդ անհանգստությունների առիթը կա՞, թե՞ սա խաղ է՝ Հայաստանին առավել զիջումներ պարտադրելու համար:

– Ընդհանրապես, ուրիշի արձագանքով առաջնորդվելը շատ վտանգավոր չափորոշիչ է եւ կարող է լիովին ապակողմնորոշել մեզ։ Մեր ազգային օրգանիզմը պիտի արձագանքելու կամ ընկալունակության սեփական համակարգն ունենա։ Մի օրգանիզմի վրա այս կամ այն դեղի ազդեցության հիման վրա չի կարելի եզրակացություն անել մեկ այլ օրգանիզմի մասին։ Բժշկական այս տարրական կանոնը երիցս ընդունելի է քաղաքականությունում։

– Ինչպե՞ս եք գնահատում այս ամենի ֆոնին Միջազգային ճգնաժամային խմբի (ՄՃԽ) ակտիվացումը, մասնավորաբար՝ նախորդ շաբաթ խմբի տարածած այն հայտարարությունը, որ եթե մինչեւ տարեվերջ ԼՂՀ հարցում կողմերը համաձայնության չգան, ապա պատերազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը մեծ է:

– Այն, որ միջազգային հանրությունը շահագրգռված է հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմամբ ու սահմանի բացմամբ՝ դա միանշանակ է։ Եվ շահագրգռված է ոչ թե Հայաստանի կամ Թուրքիայի դարդերով տոգորված լինելու պատճառով, այլ տարածաշրջանային ու միջազգային լուրջ գործընթացներից ու հաշվարկներից ելնելով։ Հենց այս տեսանկյունից պիտի մեկնաբանել ՄՃԽ-ի «շանտաժը»։ Այլ հարց է, որ այս համընդհանուր շահագրգռությունից մենք կարող էինք շատ ավելին շահել։ Ի վերջո, միջազգային հանրությանն այնքան էլ չի հուզում, թե ինչ գնով է ձեռք բերվելու համաձայնությունը եւ ով է ավելի շատ տուժելու կամ շահելու՝ սա թողնվել է կողմերին։ Իսկ հայկական կողմը կարծես թե վարվեց միջազգային հանրության պես, այլ ոչ թե իր շահերից ելնելով։

– Հայաստան-Թուրքիա հարաբերությունների զարգացումը, ըստ Ձեզ, նպատակահարմար է շարունակե՞լ, թե՞ դադարեցնել:

– Հայկական կողմը, ըստ իս, այսօր արդեն չի կարող դադարեցնել գործընթացը։ Թվում է՝ թուրքական կողմը նույնպես, այնպես որ՝ անիմաստ է դարձյալ հույս դնել մյուս կողմի հնարավոր սխալի վրա։ Մնում է հետեւողական լինել հնարավոր բացասական հետեւանքների չեզոքացման հարցում։ Նկատի ունեմ, մասնավորապես, միջկառավարական հանձնաժողովի ստեղծումն ու ղարաբաղյան կարգավորումը։ ՀՀ իշխանությունը պիտի կարողանա խոսքի տերը լինել եւ Ցեղասպանության ճանաչումն ու ղարաբաղյան կարգավորումը հեռու պահել «ճանապարհային քարտեզի» երթեւեկության կանոններից, քանի որ այդ ժամանակ արդեն համազգային վթար ու խցանում կլինի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել