Երեկ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղից 20 րոպե առաջ թուրք «երկրպագուները» հարձակվեցին հայ լրագրողներին տեղափոխող ավտոբուսի վրա՝ հարվածելով քարերով եւ փայտերով, ու թափահարեցին ավտոբուսը: Վարորդը հանգցրեց լույսը եւ հրահանգեց պահել ֆոտո ու տեսախցիկները: Մեծ դժվարությամբ ավտոբուսն անցավ գրգռված ամբոխի միջով: Մարզադաշտը պայմանականորեն բաժանված էր երկու մասի՝ թուրքականը՝ լեփ-լեցուն, հայկականը՝ շատ նոսր, եւ այնտեղ շարքերում նստած էին անվտանգության աշխատակիցները՝ համապատասխան սարքերով: Ադրբեջանական դրոշները մարզադաշտում ՖԻՖԱ-ն արգելել էր, բայց մեկը, այնուամենայնիվ, հայտնվեց: Երբ հայ լրագրողները պարզեցին մեր եռագույնը, նրանց նկատողություն արեցին, բայց նույնատիպ գործողությունը թուրք լրագրողների կողմից «ըմբռնումով» ընկալվեց: Խաղից հետո, որն, ի դեպ, ավարտվեց 2:0 հօգուտ Թուրքիայի, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կարճատեւ զրույց ունեցավ լրագրողների հետ եւ մասնավորապես հայտնեց նրանց, որ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հրավիրել էր ՀՀ նախագահին ընթրիքի, որի բոլոր ուտեստները պատրաստել էլ պրն Գյուլի տիկինը: