Կամ ի՞նչ պոտենցիալով ենք շարժվում դեպի հայոց գրամշակույթի 500-ամյա հոբելյան
Մենք աշխարհի ամենահին գրամշակույթ ունեցող ժողովուրդներից ենք. այս խոսքը դարեր շարունակ հպարտությամբ է արտաբերել յուրաքանչյուր հայ: Օրերս նշված Գրադարանավարի օրը առիթ դարձավ, որ ինքս ինձ հարցնեմ. արդյոք այսօր այս խոսքը հնչո՞ւմ է նույնպիսի հպարտությամբ, ինչպես նախկինում: Չեմ կարծում:
Ժամանակակից աշխարհում, երբ ինտերնետը բառացիորեն ներխուժել է բոլորիս կյանք ու հետեւողականորեն իր պահանջներն է թելադրում, երբ մեր երիտասարդության գերակշիռ մեծամասնությունը «հավես չունի» ուղեղը մշակութային, կրթական գլոբալ հարցերով ծանրաբեռնելու, ազգային հարցերում գործը շատ հաճախ մտահոգությունից այն կողմ չի անցնում, մեծ ցանկության դեպքում անգամ դժվար է պատկերացնել, որ այս խոսքը նախկին հնչեղությունը պահպանում է:
Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում, օրինակ, շենքային լավ պայմաններում գործող հարուստ գրադարան կա: Տեղի երջանկահիշատակ գյուղապետ Սեյրան Անանյանին, մշակութային մյուս օջախների հետ, հաջողվել է պահպանել նաեւ գրադարանը: Այստեղ էլ սակայն զերծ չեն խնդիրներից. իր մտահոգություններով մեզ հետ կիսվեց գրադարանի վարիչ Սեդա Կոծինյանը: «Փոխվում են ժամանակները, եւ գրադարանը աստիճանաբար դուրս է մղվում ինֆորմացիա տրամադրողների շարքից: Ժամանակակից տեխնոլոգիաները հիմա արագ եւ հեշտ են տրամադրում ինֆորմացիան, գիրք կարդալը ժամանակի կորուստ է համարվում,- մեր զրուցակիցը համոզված է,- խոր ինտելեկտի տեր մարդը պետք է շատ կարդա, իսկ դա առանց գրքի չի լինում»:
Հուսադրող բան, այնուամենայնիվ, կա: Այստեղ ընթերցողներից չեն բողոքում, աշխատում են ընթերցասիրություն սերմանել հատկապես փոքրիկների մեջ: «Որովհետեւ մեծանալու հետ, որպես կանոն, դադարում են կարդալ»,- ասում է Ս. Կոծինյանը:
Նրա հնչեցրած մտահոգությունը, թե ինտերնետային ինֆորմացիայի հզոր պաշարը տեղեկատվություն տրամադրողների շարքից դուրս է մղում գիրքը, մեզ տարավ դեպի Վանաձորում գործող ինտերնետ ակումբներից մի քանիսը:
«Չեմ կարծում, թե ինտերնետը կարող է փոխարինել գրքին կամ կարդալու չափ ինֆորմացնի երիտասարդին: Գոնե հայ իրականության մեջ նման տենդենց չեմ նկատում», – մեզ հետ զրույցում ասում է Վանաձորի ինտերնետ ակումբներից մեկի աշխատակցուհին:
«Դժվարանում եմ միանշանակ ասել, որ ինտերնետը այսօրվա երիտասարդի համար ինֆորմացիայի աղբյուր է: Առավել եւս, որ այցելուների 90%-ից ավելին օգտվում է «ԿՊվՏՍսՈրրվՌՍՌ» եւ այլ զվարճալի կայքերից՝ դժվարանալով նշել կամ պարզապես չիմանալով ինֆորմացիոն կայքերի հասցեները», – կոլեգայի կարծիքն է կիսում մեկ այլ ինտերնետ ակումբի աշխատակցուհի:
Մնում է հուսալ, որ մեր պետության բարձրագույն իշխանությունները կանեն հնարավորը՝ հայ գրամշակույթի 500-ամյակը դիմավորելու բարեկարգ գրադարաններով: Թե չէ՝ վիրտուալ 21-րդ դարում, մեղմ ասած, փլվող գրադարաններ ունենալը ինքնին արդեն հրաշալի առիթ է, որ ամենագրքասեր մարդն անգամ տարին մեկ մտնի գրադարան՝ նախընտրելով երբեմն նույնիսկ շքեղությամբ կահավորված ինտերնետ ակումբները: