Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՊՈՐՏԸ՝ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Հոկտեմբեր 14,2009 00:00

Երեկ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում (ՀՑԹԻ) տեղի ունեցավ ՀՑԹԻ-ի տնօրեն Հայկ Դեմոյանի «Հայկական սպորտը եւ մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» ալբոմ-մենագրության շնորհանդեսը, որում շուրջ հինգ հարյուր լուսանկարներով ներկայացված է Օսմանյան կայսրության հայ բնակչության շրջանում մարզական ու մարմնակրթական շարժման պատմությունը: Մենագրությունն անդրադառնում է Օսմանյան կայսրության հայաբնակ բնակավայրերում առաջացած հայկական մարզական ակումբների գործունեությանը, հայկական օլիմպիական խաղերի կազմակերպմանը, Արեւմտյան Հայաստանում եւ Կիլիկիայում մեծ թափ առած մարմնակրթական շարժման պատմությանը, ինչպես նաեւ հայ կանանց մարմնամարզական ակումբների, մարզական մրցակցության եւ ազգայնականության, հայկական սկաուտական շարժման առաջացմանը եւ Մեծ եղեռնին զոհ գնացած հայկական մարզիկներին:

Օսմանյան կայսրությունում հայկական սպորտի եւ մարմնակրթության զարգացման պատմությունը սկսվում է 19-րդ դարի վերջերից, երբ կազմակերպվեցին առաջին մարմնամարզական ակումբներն ու խմբակները: Սուլթանի տիրապետության ընթացքում սպորտով կամ մարմնամարզությամբ զբաղվելը խստիվ արգելված էր, իսկ այս արգելքը խախտողները ենթարկվում էին պատժի:

1908թ. երիտթուրքական հեղաշրջումից հետո Պոլսում եւ Զմյուռնիայում ձեւավորվեցին առաջին հայկական մարզական ակումբները եւ ֆուտբոլային թիմերը: Այս ընթացքում ի հայտ եկան նաեւ պրոֆեսիոնալ մարզական կրթություն ստացած մարզիկներ Շավարշ Քրիսյանը, Մկրտիչ Մկրյանը, Գրիգոր Հակոբյանը եւ այլք, ովքեր նշանակալից դերակատարություն ունեցան արեւմտահայության շրջանում տարբեր մարզաձեւերի նկատմամբ հետաքրքրության առաջացման գործում:

Կայսրության սպորտային տարեգրության մեջ յուրահատուկ երեւույթ էր Ստոկհոլմի հինգերորդ միջազգային օլիմպիական խաղերին երկու հայ մարզիկների՝ Վահրամ Փափազյանի եւ Մկրտիչ Մկրյանի մասնակցությունը, ովքեր դարձան Օսմանյան Թուրքիան միջազգային օլիմպիական խաղերում ներկայացնող առաջին մարզիկները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել