Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկրորդ խաղակեսից» առաջ

Հոկտեմբեր 14,2009 00:00

Ֆուտբոլն այսօր միակ «գերտերությունն» է սպորտի աշխարհում, այն ավելին է, քան խաղը, որն ունի արտահայտման ու դրսեւորման բազում-բազմաթիվ դաշտեր. մարզական հարթությունից դուրս՝ ֆուտբոլ-շոու բիզնես, ֆուտբոլ-կրոն եւ դավանանք, ֆուտբոլ-արվեստ:

Վերջին տարվա ընթացքում միջազգային լրահոսում սրանց շարքին է ավելացել նաեւ «ֆուտբոլային դիվանագիտություն» եզրույթը՝ ծնունդ առած Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպմանն ընդառաջ՝ նախագահ Սարգսյանի կողմից Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին՝ միասին ֆուտբոլ դիտելու հրավերից: Այդ դիվանագիտական (եւ ոչ միայն) խաղի պայմանականորեն «առաջին խաղակեսը» կարելի է համարել նախորդ տարվա սեպտեմբերի 6-ը: «Երկրորդ խաղակեսից» ժամեր առաջ փորձենք ամփոփել ֆուտբոլային դիվանագիտությունը՝ դիվանագիտությունն ու ֆուտբոլը, գրանցված արդյունքներն ու ակնկալիքները, քաղաքական ու մարզական գործոնների փոխկապակցվածությունը:

Կարծես թե՝ ՖԻՖԱ-ի խաղային օրացույցով պայմանավորված դիվանագիտական գործընթացն այսօր էլ շատերը դժվարանում են տարանջատել ֆուտբոլից: Եվ իսկապես. ի՞նչ էր ֆուտբոլը. առի՞թ, թե՞ պատճառ: ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը համոզված է. ֆուտբոլը առիթ էր, որը նպաստեց գործընթացին: Մինչդեռ, պատճառները, ըստ Շարմազանովի, շատ ավելի խորն են, որոնց թվում են տարածաշրջանային զարգացումները, Ս. Սարգսյանի նախընտրական ծրագիրն ու դրանից բխող նախաձեռնող քաղաքականությունը: «Ֆուտբոլային դիվանագիտության» ընդդիմախոսները նույնպես պատճառները տեսնում են ֆուտբոլային դաշտից դուրս: Ըստ ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանի, «չլիներ ֆուտբոլը, մեկ այլ առիթ կգտնվեր՝ նման խայտառակ գործընթաց վարելու»: Իսկ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով էլ, որեւէ մարզաձեւ չի կարող քաղաքական գործընթացի պատճառ դառնալ, քանի որ սպորտը հեռու է քաղաքականությունից (իհարկե, համաշխարհային պատմության բազմաթիվ օրինակներ այլ բան են վկայում սպորտի եւ քաղաքականության փոխկապակցվածության մասին, սակայն այդ թեման ԱԺ պատգամավորի հետ որեւէ կապ չունի, ուստի՝ մենք դրան կանդրադառնանք առաջիկայում):

Նույն Արմեն Մարտիրոսյանը, որ հերքում է սպորտի, դիվանագիտության ու քաղաքականության կապը, մեզ հետ զրույցում նշեց, որ ֆուտբոլում Հայաստանը վերջերս առանձնակի հաջողությունների չի հասել, մինչդեռ՝ նվաճումներ ունենք շախմատում: Եվ ճիշտ կլիներ, եթե Հայաստանը զբաղվեր շախմատային դիվանագիտությամբ: «Ֆուտբոլում մենք որեւէ կերպ հաջողության չենք հասնում, եւ ֆուտբոլային դիվանագիտությունն էլ, ըստ էության, մեր ազգային շահերի նվիրաբերման գործընթաց է թուրքական կողմին»: Ըստ այդմ, Արմեն Մարտիրոսյանը թե դիվանագիտական եւ թե ֆուտբոլային դաշտում արդեն իսկ գրանցել է ակնհայտ ձախողում:

Արման Մուսինյանի կարծիքով եւս Արձանագրությունների ստորագրումից հետո արդեն ակնկալիքների սահմանը հատված է, տեղի ունեցածն էլ դավաճանություն եւ խայտառակություն է: Այս հարցում, սակայն, լավատես է Էդուարդ Շարմազանովը: Նա ֆուտբոլային հավաքականների ձախողումը աշխարհի 2010թ. առաջնության ընտրական փուլում չի կապում զուգահեռ ընթացող դիվանագիտական զարգացումների հետ. «Ես լավատես եմ, քանի որ դրա համար փաստեր կան: Ի վերջո, նախաստորագրված Արձանագրությունները ստորագրվեցին: Հեռու եմ նաեւ այն մտքից, որ երկու կողմերն էլ պետք է հիացական խոսքեր ասեն, իսկ խնդիրներ չպիտի լինեն: Շատ բարդ ու դժվարին պրոցես է: Եվ սա ընդամենն առաջին քայլն է՝ լուրջ մարաթոնյան դիստանցիայի»:

Ֆուտբոլում աշխարհի գավաթի ընտրական փուլի ոչ նույնքան լուրջ, սակայն կրկին «մարաթոնյան դիստանցիան» այսօր ավարտին է մոտենում, իսկ քանի որ մեր բոլոր զրուցակիցները ֆուտբոլասերներ են, վերջում խնդրեցինք մի պահ մոռանալ «ֆուտբոլային դիվանագիտությունն» ու իրենց ակնկալիքները ձեւակերպել այսօր երեկոյան կայանալիք խաղից:

Արմեն Մարտիրոսյանը, օրինակ, չունի որեւէ գլոբալ ակնկալիք, քանի որ «Թուրքիայի հավաքականն օբյեկտիվորեն ավելի լավ է խաղում»: Արման Մուսինյանը, որպես թիմի նվիրված երկրպագու, հնարավորինս խոշոր հաշվով հաղթանակի է սպասում, իսկ Էդուարդ Շարմազանովն էլ հավատում է, որ շատ լուրջ եւ որակով խաղ է լինելու. «Եթե մեր թիմը կարգապահ խաղա ու արագ գոլ «չուտի», շանսեր կան, որ դրական արդյունքով կվերադառնանք Բուրսայից»:

Հ. Գ. «Ֆուտբոլը կյանքի եւ մահու հարց չէ, ինչպես մտածում են շատերը: Այն շատ ավելի կարեւոր է»՝ պնդում են ֆուտբոլասերները: Ֆուտբոլը, իհարկե, ավելին է, քան պարզապես խաղը, միգուցե նաեւ դիվանագիտություն է: Բայց առաջին հերթին դա խաղ է, որը պետք է դիտել, հիանալ ու երկրպագել, մանավանդ, երբ խաղադաշտում քո ազգային հավաքականն է: Թուրքիա-Հայաստան հանդիպմանն ընդամենը ժամեր են մնացել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել