Հայաստանի պատկերապատումի զարգացման միության նախաձեռնությամբ ֆրանսիացի սցենարիստներն ու գծագրողները Հայաստանում առաջին անգամ երկշաբաթյա վարպետության դասեր են անցկացնում մեր երկրում ծաղրանկարչությունը խթանելու համար: «Առավոտի» հետ զրույցում Հայաստանի պատկերապատումի զարգացման միության հիմնադիր Վարուժան Սիրափյանն ասաց, որ վարպետության դասերը Հայաստանում իրականացվում են Պատկերապատումի եւ պատկերի երեւանյան միջազգային 2-րդ փառատոնի շրջանակներում: Փառատոնի գաղափարը ծնվել է դեռեւս 3 տարի առաջ, Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ՝ պատկերապատումի վարպետ Տիգրան Մանասարյանի առաջարկով:
Պարոն Սիրափյանը պատմեց, որ մինչ 1-ին փառատոնի մեկնարկն էին իրենք սկսել ուսումնասիրել ոլորտը եւ հասկանալ, թե որ ուղղություններով են աշխատելու. «Որոշեցինք աշխատել ծաղրանկարչության ուղղությամբ, որովհետեւ ուղղակի գծելը մի բան է, պատմություն պատկերելը՝ այլ բան»: Պարոն Սիրափյանի հավաստմամբ, երկշաբաթյա վարպետության դասերը գործնական բնույթի են: Ֆրանսիացի մասնագետների օգնությամբ 12 մասնակից կուսումնասիրի ծաղրանկարչություն, մեխանիզմները, կսովորի տիկնիկները foto shop-ի վրա գունավորելը եւ այլ հնարքներ, որոնք վաղուց կիրառվում են արտերկրում: «Մեր նպատակն է երիտասարդներին վարժեցնել՝ պատմությունից սցենար գրելը եւ վերջում անիմացիայի վերածել»,- ասաց Վ. Սիրափյանը: