Լրահոս
Օրվա լրահոսը

Որ Վանաձորում էլ երեխաները չմուրան

Հոկտեմբեր 14,2009 00:00

Այդ նպատակով է հիմնադրվել «Օրրան» երեխաների ցերեկային խնամքի կենտրոնը նաեւ այս քաղաքում

«Վանաձորում հիմնական խնդիրը աշխատանք չունենալն է: 23 տարի բուժքույր էի աշխատում, հիմա կրճատվել եմ: Որդիս ծառայում է Քելբաջարում: Ստանում եմ 15 հազար դրամ նպաստ՝ չգիտեմ՝ լու՞յսը վճարեմ, հա՞ց գնեմ, թե՞ գրենական պիտույքներ` երեխայիս համար: Արդեն 18 տարի ապրում ենք «բշլաղի» դոմիկներում, հույս էլ չունենք, որ մի օր տուն կստանանք: 2 երեխաներս հաճախում են դպրոց՝ սրանից-նրանից պարտք անելով: 10 հազար դրամ գրքերի փողը մինչեւ այսօր չեմ կարողանում տալ: Տնօրենին ասում եմ՝ անապահովներին զեղչեր կա՞ն, պատասխանում է՝ ոչ»,- «Առավոտի» հետ զրույցում պատմում է վանաձորցի Մանրիկ Մարիկյանը, ում երեխաները այլեւս հաճախելու են Վանաձորի «Օրրան», որի պաշտոնական բացումը կայացավ հոկտեմբերի 12-ին:

Երեք անչափահաս երեխաների միայնակ մայր Սվետլանա Ալավերդյանն էլ լացակումած դժգոհում է. «Երեխաներիս համար նպաստ չեմ ստանում, պատճառաբանում են, թե աշխատում եմ: Դիմեցի մարզպետարանի անչափահասների բաժնի պետին, ինձ ցույց տվեց կարճ ու հեշտ մի ճանապարհ՝ մանկատունը: 6, 9, 14 տարեկան աղջիկներիս հետ ապրում եմ 13 քառակուսի մետր դոմիկում, որը ե՛ւ խոհանոց է, ե՛ւ ննջասենյակ, ե՛ւ զուգարան»:

Վանաձորում անապահով ընտանիքները բազմաթիվ են, բնակիչները հիշում են, որ տարիներ առաջ քաղաքի փողոցներում կային մուրացիկներ, սակայն վերջին տարիներին հազվադեպ կարելի է տեսնել: Բնակիչների հետ զրույցներից պարզվեց՝ ոչ թե մուրացկաններն են դադարել փող մուրալ, այլ նրանցից շատերը գտել են ավելի հարմար տարբերակ՝ մայրաքաղաքի փողոցները:

Այսուհետեւ Վանաձորում մուրացկանությամբ զբաղվողներն ու ընտանիքի տնտեսական ծանր կացության պատճառով նույն ճակատագրին արժանանալու վտանգի առաջ կանգնած 5-16 տարեկան երեխաները կարող են հայտնվել «Օրրան» երեխաների ցերեկային խնամքի կենտրոնում, որը գործելու է Երեւանի «Օրրանի» մոդելով: Հիշեցնենք, որ «Օրրանի» հիմնադիրներն են Արմինե եւ Րաֆֆի Հովհաննիսյանները:

Վանաձորցի 10-ամյա Թագուհի Ավետյանը ցանկանում է բուժքույր դառնալ, նա նախքան Վանաձորի «Օրրանի» բացվելը՝ հաճախում էր Երեւանի «Օրրան»: «Ծնողներս Վանաձորում էին մնում, ես՝ Երեւանում, ու չէի կարողանում դպրոց գնալ: Հիմա հաճախում եմ նաեւ դպրոց, սովորում եմ 6-րդ դասարանում»,- ասում է նա:

Վանաձորի «Օրրանի» առաջին տարվա գործունեության ֆինանսավորումը ստանձնել են Բաց հասարակության ինստիտուտը եւ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը: «Օրրանի» հիմնադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը նշեց, որ վերջապես իրականացել է իր երազանքը՝ «Օրրան» բացել նաեւ Վանաձորում. «Բայց հիմա էլ մեկ այլ երազ ունեմ՝ տեսնել այն օրը, երբ կփակենք օրրանները ե՛ւ Երեւանում, ե՛ւ Վանաձորում»:

Այսօր Վանաձորի «Օրրանն» ունի 40 երեխա, հետագայում կընդգրկվեն նաեւ մեծահասակները: Ա. Հովհաննիսյանը «Առավոտի» հետ զրույցում հայտնեց. «Օրրանը» երեխաների համար կանի այն, ինչ կաներ մանկատունը, մի տարբերությամբ՝ այստեղից երեկոյան երեխաները տուն են գնում, որովհետեւ նախընտրւմ են զգալ մոր գուրգուրանքը»: Մեր զրուցակցի կարծիքով՝ «Կան շատ ծնողներ, որ իրենք են մեղավոր երեխաների՝ փողոցում հայտնվելուն, բայց պատահում է, որ երեխան, առաջին անգամ ամաչելով, քաշվելով դուրս է գալիս փողոց, փողի համն առնում է, ինչու չէ, նաեւ սկսում ընտանիքին օգնել ու վարժվում փողոցի կյանքին: Պետք է կարողանաս նրան փողոցից շուտ կտրել, որովհետեւ, եթե վարժվեց, կարող է նաեւ իր ընկերներին հետեւից տանել»: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն այս ընթացքում արդեն 200 հազար ԱՄՆ դոլարի ֆինանսական աջակցություն է ցուցաբերել, ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն էլ նշեց. «Մի քիչ ուշադրություն, հոգու ջերմություն՝ եւ մարդուն կարելի է վերադարձնել կյանքի նկատմամբ հավատն ու հույսը, նրա կորցրած երազը: Ոչ մի հայ մանուկ չպետք է մատնվի անուշադրության: Հավատացեք, անհաղթահարելի խնդիրներ չկան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել