Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը կվերադարձնի այն ավելի քան 12 հազար ֆունտ սթերլինգը (մոտ 19 հազար դոլար), որ նա ստացել էր անցյալ տարի՝ որպես տարբեր ծառայողական ծախսերի փոխհատուցում: Ինչպես տեղեկացնում է «BBC»-ն, այդ գումարը նա պետք է վերադարձնի բյուջե, քանի որ անկախ աուդիտը նման փոխհատուցումն անհիմն է համարել:
2004թ.-ից Բրաունը ֆինանսական միջոցներ էր ստացել որոշակի ծախսեր կատարելու՝ ծառայողական սենյակի մաքրման, լվացքի, այգու խնամքի համար: Դա թույլատրելի էր բրիտանական խորհրդարանի այն ժամանակ գործող կանոններով, բայց անկախ աուդիտ սըր Թոմաս Լեգգը հաշվել էր, որ պատգամավորների ծախսերի մի մասի, օրինակ՝ այգեպանի ծառայությունների դիմաց վճարվող տարեկան ոչ ավելի, քան 1000 ֆունտ սթերլինգ փոխհատուցումը անհրաժեշտ է կրճատել:
Պատգամավորների ծախսերի փոխհատուցման կարգը վերանայելու որոշում կայացվել էր այն սկանդալային պատմությունից հետո, երբ պարզվել էր, որ շատ օրենսդիրներ չարաշահում են գործող համակարգը: Բրաունը խորհրդարանի բոլոր անդամներին կոչ է արել համագործակցել սըր Թոմասի հետ եւ առաջինն ինքն է վճարել այն գումարը, որ ստացել էր սահմանված լիմիտների գերազանցմամբ: