Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՐԹԱԿԱՆ ՍԿԱՆԴԱԼԸ՝ ՍԱՐԿՈԶԻԻ ՇՈՒՐՋ

Հոկտեմբեր 14,2009 00:00

\"\"Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտնվել է հերթական սկանդալի կիզակետում: Այս անգամ դրա պատճառը նրա 23-ամյա որդին է՝ Ժան Սարկոզին, որը հավակնում է Փարիզի ֆինանսական կենտրոն համարվող Լա Դեֆանսի շրջանային կառավարման ղեկավարի պաշտոնին: Ֆրանսիայի նախագահը հիմա մեղադրվում է «կլանայնության» մեջ: Նրա ընդդիմախոսները հայտարարում են, թե Սարկոզին ցանկություն ունի Լա Դեֆանսը, որտեղ տեղակայված են ֆրանսիական խոշորագույն ընկերությունների գրասենյակները, ենթարկեցնել իշխող կուսակցությանը:

«Newsru»-ի փոխանցմամբ, Սարկոզիին ուղղված քննադատությունը միայն սրանով չի սահմանափակվում: Նրա ընդդիմախոսները շեշտում են նաեւ, որ նախագահի որդին՝ Ժանը, ակնհայտորեն դեռ ցածրորակ մասնագետ է, ու թեեւ արդեն շրջանային խորհրդի անդամ է, բայց համալսարանի ընդամենը երկրորդ կուրսում է սովորում: «Սա մեծ շահագրգռություններ ունեցող գործարարների շրջան է, եւ նրանք կարող են այդ քայլի օրինականության հարց հարուցել»,- շեշտել է Ֆրանսիայի Կանաչների կուսակցության ղեկավար Սեսիլ Դյուֆլոն: Երկրի իշխող կուսակցությունը Ժան Սարկոզիի թեկնածության վերաբերյալ միանգամայն այլ կարծիք ունի: Այդ կուսակցությունում շրջանի կառավարումը 23-ամյա երիտասարդին վստահելու մեջ ոչ մի տարօրինակ բան չեն տեսնում: «Ժան Սարկոզին արդեն երկու տարի աշխատում է այնտեղ եւ նրա աշխատանքը գնահատվել է ինչպես բնակիչների, այնպես էլ պաշտոնատար անձանց կողմից: Ես զարմանում եմ, թե ինչպես կարելի է դատապարտել նրան: Դա ամոթ է»,- ասել է իշխող կուսակցության մամլո խոսնակ Ֆրեդերիկ Լեֆերբը: Իսկ ահա նախագահ Նիկոլա Սարկոզին տեղի ունեցող բանավեճերը առայժմ որեւէ կերպ չի մեկնաբանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել