Ճապոնիան հաստատել է, որ հունվարին ավարտելու է Աֆղանստանում հակաահաբեկչական գործողություններին մասնակցող եւ ԱՄՆ հրամանատարության տակ գտնվող բազմազգ ուժերի թիկունքի աջակցության առաքելությունը: Այդ շրջանակներում ճապոնացի ռազմածովայինները Հնդկական օվկիանոսում իրականացնում են կոալիցիայի նավերի լիցքավորման եւ անձնակազմին ջրով մատակարարելու ծրագիր: Առաքելության ժամկետն ավարտվում է գալիք տարվա հունվարին, որից հետո առաքելության ժամկետը չի երկարաձգվի, եւ նավատորմը կվերադառնա ճապոնական ափ: Այդ մասին, «Newsru»-ի փոխանցմամբ, երեքշաբթի օրը հայտարարել է Ճապոնիայի պաշտպանության նոր նախարար Տոսիմի Կիտաձավան (նկարում): Այնուհանդերձ, երկրի իշխանությունները կշարունակեն իրականացնել այդ առաքելությանն այլընտրանք հանդիսացող մեկ այլ՝ Աֆղանստանում միջազգային ուժերի աջակցությանն ուղղված ծրագիր: Մասնավորապես, Ճապոնիան միջոցներ կհատկացնի իրենց զենքը վայր դնելու պատրաստ թալիբներին՝ «խաղաղ» մասնագիտությունների ուսուցման համար: Ճապոնացի մասնագետները քաղաքացիներին կօգնեն նաեւ վերականգնել Աֆղանստանի ենթակառուցվածքները: Ճապոնիայի ԱԳ նախարար Կացույա Օկադան օրերս այցելել է Աֆղանստան եւ Պակիստան՝ այդ երկրների իշխանություններին հավաստիացնելու, որ Տոկիոն կշարունակի օգնել նրանց՝ տարածաշրջանում կայունության հաստատման գործում: