Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵՎԱՆԻ ԾՆՈՒՆԴԸ ԹԻՎ 91 ԴՊՐՈՑՈՒՄ

Հոկտեմբեր 14,2009 00:00

Հին աստվածներից մինչեւ Էրեբունի-Երեւան, ոսկե աշուն. երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 91 դպրոցում այսպիսի մթնոլորտում էին տոնում Երեւանի 2791 -ամյակը: «Մեր տուն, մեր ոստան» բացօթյա թատերականացված միջոցառման ժամանակ գլխավոր դերում դպրոցի պարի, ասմունքի եւ թատերական խմբակներն էին, երգչախումբը, ներկայացված էին նաեւ աշակերտների ձեռքի աշխատանքները: Պատմական փաստերը մեկնաբանվում էին աշակերտների երեւակայության շրջանակներում. օրինակ՝ ձիու կառքով հանկարծ եկավ Արգիշտի թագավորը, բոլորը վանկարկեցին՝ «Փառք արքային»: «Առավոտի» հետ զրույցում դպրոցի տնօրեն Էլեոնորա Ղալումյանը փաստեց, որ միջոցառումը կազմակերպվել է հիմնականում աշակերտների նախաձեռնությամբ: Տնօրենը նկատեց. «Այսպիսի միջոցառումների շնորհիվ երեխաներն ամրապնդում են պատմություն, գրականություն առարկաների ընթացքում ստացած իրենց գիտելիքները, ինչը գալիս է դիմակայելու օտարամոլությանը»: Մեր հարցին՝ դպրոցներն այսօր ֆինանսական տեսանկյունից կարո՞ղ են իրենց թույլ տալ իրականացնել արտադասարանային կրթություն, տիկին Ղալումյանը պատասխանեց. «Աշակերտների թվի հետ կապված ֆինանսական խնդիրները մեզ մի քիչ խեղճացրել են, բայց դրանք լուծվող հարցեր են»: Այս տարվանից թիվ 91-ը հիմնական դպրոց է դարձել, այս կապակցությամբ տնօրենը պատմեց. «Երբ սեպտեմբերի 1-ին դպրոցը տեսա «ավագաթափ»՝ մի փոքր հուզվեցի»:

Միջոցառմանը ներկա էին նաեւ «Արի տուն» ծրագրով ՀՀ-ում գտնվող մի խումբ երիտասարդներ: «Առավոտը» զրուցեց Ջավախքից եկած Սիրան Մխիթարյանի եւ Կարինե Քսպոյանի հետ: Սիրանն ասաց. «Չնայած երկու շաբաթով ենք եկել, բայց երեւի շատ կմնանք: Մենք պիտի տեսնենք, գրի առնենք ամեն ինչ, հիշենք, սովորենք մեր հայրենիքի մասին եւ չմոռանանք: Իհարկե, այնտեղ այսպիսի միջոցառումների պակասը կա, բայց դա նրանից է, որ քո երկրում չես»: Իսկ Կարինեից հետաքրքրվեցինք՝ դպրոցներում արդյոք լա՞վ են անցնում հայոց պատմություն, գրականություն: Նա պատասխանեց. «Դպրոցներում հայերեն անցնում են, չնայած ժամերը քչացրել են, բայց հայերենը մոռանալու խնդիր չկա: Ի տարբերություն մեր աշակերտության տարիների՝ այժմ հայոց պատմության եւ գրականության դասաժամերն էլ են քչացրել»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել